Մալիում զինված հեղաշրջում է կատարվել. նախագահը վայր է դրել լիազորությունները |shantnews.am|
09:16 - 19 օգոստոսի, 2020

Մալիում զինված հեղաշրջում է կատարվել. նախագահը վայր է դրել լիազորությունները |shantnews.am|

shantnews.am: Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Քեյթան որոշել է լքել պաշտոնը երկրում սկսված զինված ապստամբության ֆոնին։ Այս մասին աֆրիկյան երկրի առաջնորդը հայտնել է Մալիի հեռուստառադիոհեռարձակման ծառայության եթերում, փոխանցում է BBC-ն։

«Ես հայտնում եմ Ձեզ այս պահից իմ լիազորությունները վայր դնելու որոշմանս մասին»,-հայտարարել է Քեյթան։

Նա նաև տեղեկացրել է, որ արձակում է խորհրդարանն ու լուծարում կառավարությունը։

«Չեմ ցանկանում, որ արյուն հեղվի»,-իր որոշումն այսպես է բացատրել նախագահը։

Նախագահը հայտարարությամբ է հանդես եկել ապստամբ զինվորականների կողմից իրեն և երկրի վարչապետին ձերբակալելուց ժամեր անց։

Իբրահիմ Բուբակար Քեյթան հաղթել էր 2018 թվականի նախագահական ընտրություններում, սակայն վերջին շրջանում երկրում աճել է դժգոհությունը կոռուպցիայից, ոչ պատշաճ տնտեսական քաղաքականությունից և որոշ շրջաններում բռնության աճից։

Զինված հեղաշրջման փորձը սկսվել էր երեքշաբթի առավոտյան՝ մայրաքաղաքի մոտ գտնվող ռազմաբազայում փոխհրաձգությունից։ Ապստամբող սպաները կալանավորել էին հրամանատարությանն ու ուղևորվել մայրաքաղաք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել