Տիխանովսկայան տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում և հայտնել իշխանությունների հետ երկխոսելու պատրաստակամության մասին |tert.am|
16:47 - 25 օգոստոսի, 2020

Տիխանովսկայան տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում և հայտնել իշխանությունների հետ երկխոսելու պատրաստակամության մասին |tert.am|

tert.am: Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով, իսկ դրանց պաշտոնական արդյունքները չեն ընդունվել բելառուս ժողովրդի կողմից: Նման հայտարարությամբ է հանդես եկել բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսակապի միջոցով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում, որը գումարվել է օգոստոսի 9-ի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Նա նշել է, որ ընտրություններից հետո հազարավոր բելառուսներ դուրս են եկել աննախադեպ մասշտաբի հասնող բողոքի խաղաղ ցույցերի: Երկրի իշխանությունները, ըստ Տիխանովսկայայի, դրան պատասխանել են բռնություններով:

«Առնվազն վեց մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհայտ կորած են», - ասել է նա:

Տիխանովսկայան հայտարարել է նաև, որ Բելառուսում «խաղաղ հեղափոխություն» է տեղի ունենում, և կոչ է արել Եվրամիությանը և աշխարհի բոլոր երկրներին հարգել իրենց հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ 

Նա նաև խոսել է բելառուսական ընդդիմության նպատակի մասին, այն է՝ խաղաղ երկխոսության միջոցով նոր ընտրությունների հասնելը։ Նախկին թեկնածուն հավելել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանությունների հետ բանակցությունների համար իր ներկայացուցիչներին առաջադրել։ 

«Հայտարարում եմ իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելու պատրաստակամության մասին։ Պատրաստ ենք ներկայացնել մեր բանակցողներին»,- հայտարարել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել