«Ռեստարտի» գործով դատարանը հետազոտում է գործում առկա փաստաթղթերը |pastinfo.am|
17:45 - 03 սեպտեմբերի, 2020

«Ռեստարտի» գործով դատարանը հետազոտում է գործում առկա փաստաթղթերը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սկսվել է «Ռեստարտի» անդամների կողմից Նարեկ Մալյանին առևանգելու վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Նշենք, որ գործը գտնվում է դատաքննության փուլում։

Այսօրվա նիստին հետազոտվում են գործում առկա փաստաթղթերը։ Դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ դեպքի վայրում աղբամաններ չեն հայտնաբերվել, հայտնաբերվել են տեսանկարահանող սարքեր։ Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ սա երկրորդ դեպքի վայրի զննության արձանագրությունն էր, առաջինը կատարվել է դեպքի օրը, հետաքննիչը վերագրել էր դեպքի վայրի զննություն, ինչն իրավասու չէր իրականացնել, հաջորդ քննչական գործողությունը կատարվել է քննիչի կողմից և կրկին դեպքի վայրի զննություն է։ Պաշտպանը գտնում է, որ սա ավելի շատ նման է քննչական փորձարարության, որտեղ Մալյանն ուղղորդում է քննիչին։

Փաստաբանն ընդգծեց, որ առաջին անգամ դեպքի վայրում տեղակայված աղբամանները հետաքննիչի կողմից չէին արձանագրվել, այլ՝ արձանագրվել են երկրորդ արձանագրության մեջ։

Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Հրաչ Խլղաթյանը, Յուրի Ավագյանը, Գարիկ Միսկարյանը, Դավիթ Սիմոնյանը, Արամայիս Պետրոսյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ միմյանց հետ նախնական համաձայնության գալով, բացահայտ կերպով խմբակային առևանգում կատարելու փորձի հատկանիշներով։ Քրեական գործով Նարեկ Մալյանը ճանաչվել է տուժող։

Հիշեցնենք, որ մարտի 4-ի գիշերը Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ռեստարտ»-ի անդամների կողմից ենթարկվել է հարձակման։ «Ռեստարտ»-ի անդամները նշել էին, որ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներում Մալյանը մշտապես վիրավորանքներ էր հնչեցնում իրենց հասցեին: Անդամներից Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ ի պատասխան հնչեցրած վիրավորանքների՝ փորձել են Մալյանին գցել աղբամանը, ապա՝ տարածել նաև միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել