Ռեստարտ

2018թ․ հիմնադրված ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն է։ Այս նախաձեռնության հիմքում 2017թ. աշնանը կազմավորված «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն էր, որը հետագայում վերաճեց առավել լայն շրջանակի կրթական բարեփոխումների պահանջով հանդես եկող «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությանը։

Նախաձեռնությունը բարձրացնում է կրթության որակի, բուհական կոռուպցիայի եւ կուսակցականացման, համալսարանի ինքնավարության եւ ուսանողակենտրոնության հետ կապված խնդիրներ։ Նախաձեռնության անդամները ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ «Թավշյա հեղափոխությանը»՝ կազմակերպելով ուսանողական ակցիաները հեղափոխության ընթացքում։ Նախաձեռնության հիմնադիրներից է ուսանող Դավիթ Պետրոսյանը։

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Ռեստարտ»-ի գործով Նարեկ Մալյանի բողոքը

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Ռեստարտ»-ի գործով Նարեկ Մալյանի բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով տուժող, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանի բողոքը։ Այս մասին Infocom-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք՝ 2022 թ․ հունիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, վճռել էր արդարացնել նախաձեռնության 6 անդամներին մեղսագրվող հանցանքի՝ Նարեկ Մալյանի առեւանգման փորձի մեջ։ Դատավճռի հրապարակումից հետո Դատախազությունն ու Մալյանը դրա դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռն ու տղաներին մեղավոր ճանաչել։ Այս տարվա մարտի 2-ին Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Արշակ  Վարդանյանի, կազմով դատավորներ Արսեն Նիկողոսյանի եւ Վազգեն Ռշտունու, անփոփոխ էր թողել արդարացման դատավճիռը՝ այդպիսով մերժելով Գլխավոր դատախազության եւ տուժող կողմի բողոքները։ Դրանից հետո Դատախազությունը որոշել էր վճռաբեկ բողոք չներկայացնել, իսկ Նարեկ Մալյանը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան։ Մալյանը, ի թիվս այլնի, նշել էր, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ կամ առերեւույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որեւէ փաստական կամ իրավական հանգամանք։ Միաժամանակ, ըստ Մալյանի, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար կամ առերեւույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետեւանքով կամ առերեւույթ որեւէ լուրջ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը: Մալյանը նաեւ նշել էր, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ Համլետ Ասատրյանի, մասնակցությամբ դատավորներ Սերժիկ Ավետիսյանի եւ Արթուր Պողոսյանի, որոշել է, որ բողոքաբերը չի բերել բավարար հիմնավորումներ այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ կամ առերեւույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որեւէ փաստական կամ իրավական հանգամանք։ Միաժամանակ, ըստ Վճռաբեկ դատարանի, բողոքաբերը չի հիմնավորել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, եւ որ առերեւույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետեւանքով կամ առերեւույթ որեւէ լուրջ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը: Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝  վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե Վճռաբեկ դատարանը գալիս է հետեւության, որ վարույթ ընդունելու՝ նույն օրենսգրքով սահմանված պայմանների հիմնավորումները բավարար չեն: Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտել այն կայացնելու օրը՝ հուլիսի 3-ին։ Այսպիսով, ուժի մեջ է մտել նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի արդեն նախկին դատավոր (ԲԴԽ-ն օրերս դադարեցրեց նրա լիազորությունները) Դավիթ Հարությունյանի կայացրած արդարացման դատավճիռը։   Միլենա Խաչիկյան
13:06 - 11 հուլիսի, 2023
«Ռեստարտ»-ի անդամներն արդարացվեցին. դատարանը հրապարակեց դատավճիռը

«Ռեստարտ»-ի անդամներն արդարացվեցին. դատարանը հրապարակեց դատավճիռը

«Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սիմոնյանը, Գարիկ Միսկարյանը, Արամայիս Պետրոսյանը, Հրաչյա Խլղաթյանը եւ Յուրի Ավագյանը քիչ առաջ արդարացվեցին։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հրապարակեց տղաների վերաբերյալ գործով դատավճիռը։ Դատարանը ճանաչեց եւ հռչակեց ամբաստանյալների անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում։ Խոսքը վերաբերում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձ կատարելուն։ Տղաներն արդարացվեցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նրանց նկատմամբ ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը կվերացվի։ Հիշեցնենք՝ մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը միջնորդել էր տղաներին դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Գործով տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը միացել էր դատախազի հիմնավորումներին՝ բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ Պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը, սակայն, դատարանում պնդել էին՝ առաջադրված մեղադրանքում իրենց պաշտպանյալները պետք է արդարացվեն։ Այս քրեական գործը հարուցվել էր 2019 թ․ մարտի 4-ին Երեւանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առիթով։ «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին աղբարկղը նետել Նարեկ Մալյանին, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից։ Ի սկզբանե գործը հարուցվել էր ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի՝ խուլիգանության հատկանիշներով, սակայն հետագայում տղաներին մեղադրանք էր առաջադրվել 34-131-րդ՝ առեւանգման փորձի հոդվածով։ Ողջ դատաքննության ընթացքում նրանք պնդել են, որ Մալյանին առեւանգելու միտում չեն ունեցել, այլ իրականացրել են սոսկ ակցիա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Մալյանը տեւական ժամանակ իրենց հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Գործը դատարանում քննվում էր գրեթե 3 տարի՝ 2019 թ․ օգոստոս ամսից սկսած։ Միլենա Խաչիկյան
15:37 - 20 հունիսի, 2022
Պաշտպանները դատարանում պնդեցին՝ «Ռեստարտ»-ի անդամներն առաջադրված մեղադրանքում պետք է արդարացվեն

Պաշտպանները դատարանում պնդեցին՝ «Ռեստարտ»-ի անդամներն առաջադրված մեղադրանքում պետք է արդարացվեն

#Կարճասած «Ռեստարտ» նախաձեռնության գործով պաշտպանները դատարանում հանդես եկան ճառով՝ պնդելով, որ իրենց պաշտպանյալներն առաջադրված մեղադրանքում պետք է արդարացվեն։ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ այս ողջ ընթացքում միակ դրական բանն այն էր, որ երեւույթը, որին իրենք բախվել էին, բարձրաձայնվեց, եւ իրենք հուսով են, որ իրավապահ մարմիններն այսուհետ նման դեպքերի հետ կապված ավելի կոմպետենտ վարքագիծ կդրսեւորեն, իսկ քաղաքացիները իրավունքներն էլ պաշտպանված կլինեն։ Դատական վիճաբանությունների փուլն այսպիսով ավարտվեց, մնաց լսել միայն ամբաստանյալների վերջին խոսքը։ #Մանրամասն «Ռեստարտի տղաները Նարեկ Մալյանին առեւանգելու նպատակ չեն ունեցել, այլ ցանկացել են նրան նետել աղբարկղը՝ որպես ակցիա հայհոյանքի դեմ»։ Սա է այն գլխավոր պնդումը, որի շուրջ պաշտպանական կողմը երեկ կառուցեց իր պաշտպանական ճառը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Պետրոսյանի եւ մյուսների վերաբերյալ գործի քննությունը։ «Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամները, հիշեցնենք, մեղադրվում են 2019 թ․ մարտի 4-ին Նարեկ Մալյանին առեւանգելու փորձի մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Հարությունյանը Սկսելով ճառը՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը հիշեցրեց՝ տղաների իրականացրած ակցիան պայմանավորված է եղել նրանով, որ Նարեկ Մալյանը տեւական ժամանակ հրապարակային հարթակներում հայհոյել է նրանց, իսկ նրանց սկզբունքները թույլ չեն տվել դրան հայհոյանքով պատասխանել, ուստի տղաները ցանկացել են Մալյանին նետել աղբարկղը, դա տեսագրել եւ հրապարակել՝ ցույց տալու համար, որ հայհոյողների տեղը աղբամանն է։ Ըստ Կարեն Մեժլումյանի՝ որպեսզի առկա լինի առեւանգում, պարտադիր է ազատությունից ապօրինի զրկած պահելու նպատակը, սակայն ո՛չ առաջադրված մեղադրանքում, ո՛չ մեղադրական եզրակացության մեջ, ո՛չ մեղադրական ճառերում նշված չէ, թե տղաները ցանկանում էին Մալյանին այլ վայր տեղափոխել եւ պահել․ «Այսինքն՝ առաջադրված մեղադրանքը չի պարունակում առեւանգման օբյեկտիվ կողմի հատկանիշները, էլ չեմ ասում հակառակը հիմնավորող ապացույցների մասին»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ հենց մեղադրող դատախազն էր իր ճառում իրավացիորեն նշում, որ առեւանգման օբյեկտիվ կողմը կարող է դրսեւորվել տուժողին իր կամքից անկախ իր բնական միկրոսոցիալական միջավայրից կտրելով, այլ վայր տեղափոխելով եւ այնտեղ պահելով․ «Այսինքն՝ այս արարքը կարող է ավարտված համարվել նշված եղանակով անձին իր միկրոսոցիալական միջավայրից հանելու պահից, եթե միայն հաստատվի վերջինիս այլ վայր տեղափոխելու եւ պահելու նպատակը»։ Որպես հիմնավորում՝ Կարեն Մեժլումյանը մեջբերեց Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի իրավական դիրքորոշումն այն մասին, որ օրենքի իմաստով անձի առեւանգումը պետք է հասկանալ որպես ապօրինի դիտավորությամբ գործողություն՝ կապված կենդանի անձին իր կամքից անկախ վերցնելու եւ այլ վայր տեղափոխելու հետ՝ հետագա պահելու նպատակով, իսկ Գերագույն դատարանի Պլենումի դիրքորոշմամբ էլ՝ քրեական օրենքի իմաստով՝ անձի առեւանգումը պետք է ընկալվի նրան ապօրինի բռնելը, տեղափոխելը, այլ վայրում պահելը՝ հետագայում այլ հանցանք կատարելու կամ այլ դրդապատճառներով»։ Սա, ըստ պաշտպանի, հավաստում է, որ մեղադրողը, գործով հետազոտված ապացույցներին  հղում կատարելով, պետք է հիմնավորեր, որ տղաները ցանկացել են Մալյանին տեղափոխել այլ վայր եւ այնտեղ իր կամքին հակառակ ազատությունից զրկած պահել, սակայն ըստ նրա՝ ոչ միայն դա հիմնավորող ապացույցներ չկան, այլ անգամ մեղադրանքի որոշման, մեղադրական եզրակացության եւ մեղադրական կողմի ճառերում նման պնդում, նման գործողությունների վերագրում տղաներին չկա․ «Այսինքն՝ ե՛ւ մեղադրանքում, ե՛ւ փաստացի առեւանգման կազմը բացակայում է»,- ասաց նա։ Ելույթ ունեցավ նաեւ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը՝ հայտարարելով, որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հիմնավորվեց, որ գործով տուժող ճանաչված Նարեկ Մալյանը թիրախավորել էր «Ռեստարտ» նախաձեռնությանը եւ ամբաստանյալներին, եւ հանդես գալով որպես հասարակական գործիչ՝ տեւական ժամանակ իրեն թույլ է տվել ամբաստանյալների հասցեին հանրային հարթակներում հնչեցնել անձնական բնույթի վիրավորանքներ եւ սեռական հայհոյանքներ․ «Այդ կերպ նա մեր պաշտպանյալներին դրդել է, ինչու ոչ, նաեւ սադրել է իր դեմ գործողություններ կատարել կամ համահունչ կերպով պատասխանել, ինչին նրանք, ինչպես նշել են իրենց ցուցմունքներում, ընդունակ չեն, քանի որ նրանք իրենց նախաձեռնությամբ, նաեւ իրենց բարոյական կերպարով պայքարում են նման անօրինականությունների դեմ»։ Ըստ Պետրոսյանի՝ իրենց պաշտպանյալները, քաջ գիտակցելով, որ չպետք է տրվեն սադրանքների, միեւնույն ժամանակ հասկանալով, որ պետք է հանրայնացնեն Մալյանի ոչ իրավաչափ արարքը, ցանկացել են ընդամենը ակցիայի շրջանակում նրան տեղափոխել աղբարկղը եւ այդ մասին անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին․ «Ի դեպ, նշեմ, որ Մալյանը ոստիկանության բաժին տեղափոխվելուց հետո նույնիսկ բողոք չի ներկայացրել, քանի որ այդ պահին էլ իրեն քաջ հայտնի է եղել, թե ինչ է կատարվում, նա իր դատաքննական ցուցմունքում նշել է, որ նույն պահին տեղեկացել է, որ իրեն ցանկանում էին նետել աղբարկղը»։ Նման ցուցմունք, ըստ նրա, նաեւ գործով վկա ոստիկաններն են տվել՝ նշելով, որ ոստիկանության բաժին տեղափոխվելիս՝ դեռ ավտոմեքենայի մեջ, տղաները ասել են, որ կատարել են սոսկ ակցիա եւ ցանկացել են Մալյանին նետել աղբարկղը։ Պաշտպանը կարեւորեց այն հանգամանքը, որ տղաներն անձամբ են տեսանկարահանել են միջադեպի ընթացքը, եւ դրանից բացի, դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, որտեղ շուրջբոլորը տեսախցիկներ են, ինչը փաստում է, որ նրանք որեւէ բան թաքցնելու միտում չեն ունեցել․ «Այլ հակառակը, ցանկացել են հանրայնացնել, որպեսզի պայքարեն այդ սարսափելի երեւույթի դեմ, երբ անձը կարող է իրեն թույլ տալ հայհոյանքներ հնչեցնել, մայր հայհոյել եւ այդ ամենը անել հանրային ձեւով»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ այդ փաստը Մալյանն էլ է դատարանում ընդունել․ «Կա՞ մեկ ապացույց, որը կվկայի, որ մեր պաշտպանյալները ցանկանում էին Մալյանին տեղափոխել եւ ինչ-որ տեղ պահել, չկա, չի կարող լինել, մարդիկ, կներեք, պիտի անմեղսունակ լինեին, որ նման բան մտածեին․ եթե այդ ամենը կատարվում էր Ամիրյան փողոցում՝ քաղաքի ամենաբանուկ մասում, ԱԱԾ շենքի կողքը, տեսախցիկների առջեւ, իրենք էլ էին նկարում, ի՞նչ առեւանգման մասին կարող է խոսք լինել կամ նպատակը ի՞նչ կարող էր լինել, եթե գործի նյութերով միանշանակ ապացուցված է Նարեկ Մալյանի վարքագիծը»։ Պետրոսյանն ընդգծեց, որ մեղադրողը իր ճառով հպանցիկ ձեւով է անդրադարձել Մալյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու հանգամանքին եւ չի նշել, որ պետք է տուժողի հակաօրինական վարքը եւս նկատի ունենալ․ «Բայց իր անդրադարձը վկայում է, որ մեղադրանքի կողմը շատ լավ գիտի, քաջատեղյակ է, որ այս ակցիան հենց այդ վարքագծի դեմ է, որ հանրային կերպով բոլորը տեղեկանան, որ հայհոյելը դատապարտելի է, խայտառակ արարք է, եւ ինչպես գիտենք, մեր պաշտպանյալներն էլ նշում էին, թե դրա պատճառով ինչքան սպանություններ եւ ինքնասպանություններ են եղել բանակում, հիմա մենք նույնը հանրային ենք տեսնում, եւ ի՞նչ պատասխան են տվել դրան, իմ կարծիքով՝ ամենագրագետ եւ ճիշտ պատասխանը, որովհետեւ եթե մարդկանց հայհոյում են, եւ չես ուզում ավելի վատ կերպով վարվել, պետք է հանրայնացնես, որպեսզի նա հասկանա, որ իր արաքը պարսավելի է եւ անընդունելի է»,- ասաց պաշտպանը՝ նման ակցիան առեւանգման փորձ որակելը աբսուրդ համարելով․ «Այս արարքներում մեր պաշտպանյալները պետք է արդարացվեն»,- եզրափակեց նա։ Լուսանկարում՝ ամբաստանյալները, պաշտպան Կարեն Մեժլումյանը Ելույթ ունեցան նաեւ ամբաստանյալներից երկուսը։ Մասնավորապես, Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իրենք ի սկզբանե մեկ կանխատեսում եւ մեկ նպատակ են ունեցել․ կանխատեսումը եղել է այն, որ եթե նման վարքագիծը հանրության կողմից անհանդուրժողական վերաբերմունքի, իսկ իրավապահ մարմինների կողմից համարժեք գնահատականի չարժանանա, կեղեքելու է պետությունը, ինչպես կոռուպցիան, եւ թունավոր մթնոլորտ է ստեղծելու։ Ուստի իրենց ակցիայի նպատակը, ըստ Պետրոսյանի, եղել է երեւույթը հանրայնացնելը․ «Միակ դրական բանը այն էր, որ այս երեւույթը բարձրաձայնվեց, սրա մասին խոսվեց, եւ մենք հուսով ենք, որ մեր իրավապահ մարմինները նման դեպքերի հետ կապված ավելի կոմպետենտ վարքագիծ կդրսեւորեն, քաղաքացիները իրավունքները պաշտպանված կլինեն, իսկ քաղաքացիներն էլ  իրենց կարծիքը բարձրաձայնելիս չեն շրջանցի Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքները, չեն օգտագործի սեռական բնույթի հայհոյանքներ, այլ՝ միայն թույլատրելի միջոցներ, այսինքն՝ բանավեճ, խոսք, փաստարկներ»։ Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ ՀՀ-ում հայհոյանքի եւ ծանր վիրավորանքի քրեականացումը ամենաբացահայտ ապացույցն էր այն բանի, որ երկրում կար օրենսդրական բաց։ Այնուհանդերձ, նա ընդգծեց, որ մինչ օրենսդրական այդ փոփոխությունը, երբ համանման դեպքեր եղան այլ քաղաքացիների, անգամ պաշտոնատար անձանց հետ, նույն Դատախազությունը քրեական հետապնդում հարուցեց հենց հայհոյողի, ոչ թե պատասխանողի նկատմամբ։ Պետրոսյանը նշեց՝ որպես ՀՀ քաղաքացի՝ ուզում է հասկանալ՝ մեզ մոտ օրենքի՞ գերակայություն է թե՞ իրավունքի․ «Մենք խոսեցինք օրենքից, օրենքից, օրենքից, մինչդեռ  նշվում է, որ օրենքի գերակայությունը պետք է բխի բնական իրավունքից, իսկ մեր բնական իրավունքներից ամենաառաջինը արժանապատիվ ապրելու, մեր ընտանիքի պաշտպանության իրավունքն է, որի մասին ցավոք ոչ մի խոսք չասվեց»,- նշեց նա՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում իրենց պատկերացումը արդարության մասին որոշակի փոխակերպումների էր ուզում ենթարկվել, սակայն իրենք չեն հուսահատվում եւ չեն հիասթափվում․ «Բայց երբ քաղաքացու իրավունքները ոտնահարվում են, դրա մասին պետք է հիշել ոչ թե այն ժամանակ, երբ նա դիմի, այլ պետությունը դա պետք է տեսնի, ոորվհետեւ այդ իրավունքները մեզ տրված են, երաշխավորված են, ինչ-որ տեղ գրված չէ, որ այդ իրավունքները աշխատում են այն ժամանակ, երբ քաղաքացին փաստաբանի միջոցով դիմում է համապատասխան մարմիններին»։ Խոսելով կոնկերտ գործի փաստական հանգամանքներից՝ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ ցավոք սրտի, այդպես էլ չբացահայտվեցին այն մարդիկ, ովքեր իսկապես ներկա էին դեպքի ժամանակ․ «Այն ոստիկանները, որոնց հղում է կատարվում, եկել են դեպքից հետո, իսկ այն մարդիկ, ովքեր այդտեղ են եղել քաղաքացիական հագուստով եւ ներկայացել որպես «քրեական», չկան»,- ասաց նա՝ հավելելով, որ չբացահայտվեց նաեւ այն մարդկանց ինքնությունը, որոնք նկարում էին միջադեպը։ Պետրոսյանը ցավով նշեց նաեւ, որ ոչ նախաքննության, ոչ դատաքննության ժամանակ տուժողի վարքագիծը չփոփոխվեց «Եվ այս 4 տարիների ընթացքում ոչ ոք այդպես էլ չկարողացավ բացատրել, թե «Ռեստարտ»-ի գործունեության մեջ հակաազգային, հակապետական ինչ երեւույթ կա»,- եզրափակեց նա։ Ամբաստանյալ Հրաչյա Խլղաթյանն էլ կրկնեց, որ իրենք ոչ մեկի չեն առեւանգել, եւ իրենց նպատակը եղել է սոսկ ակցիան՝ հայհոյանքի դեմ․ «Մեղադրանքը անհիմն է, ես այն չեմ ընդունում եւ չեմ հասկանում, թե այս պահին ինչու եմ այս հոդվածով այստեղ»,- ասաց նա։ Լուսանկարում՝ աջից՝ դատախազ Սեւակ Պողոսյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը Պաշտպանական կողմի ճառերի ավարտից հետո հայտարարություն արեց տուժող Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնելով, որ մեղադրող դատախազը նախորդ նիստին միջնորդել էր ամբաստանյալներին դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ Աթանեսյանն ասաց, որ պատիժը չի կարող պայմանականորեն չկիրառվել, եթե ամբաստանյալները չեն զղջում․ «Իհարկե, դա դոգմա չէ, սակայն պրակտիկա է, որը առկա է մեր դատական համակարգում շատ վաղուց»,- ասաց նա՝ խնդրելով դատարանին դատավճիռ կայացնելիս դա հաշվի առնել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 20-ին։   Միլենա Խաչիկյան      
10:53 - 18 հունիսի, 2022
Դատախազը միջնորդեց «Ռեստարտ»-ի անդամներին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

Դատախազը միջնորդեց «Ռեստարտ»-ի անդամներին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

#Կարճասած «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով դատաքննությունն այսօր ավարտվեց, դատարանը սկսեց դատական վիճաբանությունների փուլը: Դատախազ Սեւակ Պողոսյանը միջնորդեց բոլոր 6 ամբաստանյալներին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում, դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Գործով տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միացավ դատախազի հիմնավորումներին՝ բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ #Ավելիմանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր ավարտվեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով դատաքննությունը, դատարանն անցավ վիճաբանությունների փուլին, որի ժամանակ մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը հանդես եկավ մեղադրական ճառով։ Հիշեցնենք՝ գործով ամբաստանյալի կարգավիճակում են «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Գարիկ Միսկարյանը, Յուրի Ավագյանը, Դավիթ Սիմոնյանը, Հրաչյա Խլղաթյանը եւ Արամայիս Պետրոսյանը։ Նրանց եւ Նարեկ Մալյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել դեռ 2019 թ․ մարտի 4-ին։  Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից ենթարկվել է հարձակման: Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում դեպքին անդրադարձել էին նաեւ «Ռեստարտ»-ի անդամները՝ պատմելով, որ ի պատասխան Մալյանի՝ իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքների՝ փորձել են նրան գցել աղբամանը, ապա տարածել են նաեւ միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։ Նույն օրը դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանությունը): Օրեր անց երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձը): Հարուցված քրեական գործի շրջանակում Նարեկ Մալյանը ճանաչվել էր տուժող: Լուսանկարում՝ ամբաստանյալները, պաշտպան Կարեն Մեժլումյանը Նախքան դատական վիճաբանությունների փուլին անցնելը ամբաստանյալների պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր դատարանին ներկայացրեց համացանցից ներբեռնված մի տեսանյութ եւ միջնորդեց այն կցել գործի նյութերին։ Տեսանյութում երեւում էր, թե ինչպես են մի քաղաքացու, գետնին քարշ տալով, բերում եւ նետում աղբարկղը։  Պաշտպանը զուգահեռներ անցկացրեց երկու դեպքերի միջեւ՝ ցույց տալու համար, որ իր պաշտպանյալների արարքը որակվել է առեւանգման հոդվածով, իսկ այդ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումն անգամ առեւանգման հոդվածի շրջանակներում չի արվել։ Մեժլումյանի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից հայտնել են, որ հետաքննության մարմնում նյութեր են նախապատրաստվել, մասնավորապես, ծեծի, ֆիզիական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու, դիտավորությամբ առողջությանը միջին կամ ծանր վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով եւ արդյունքում, որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Մեժլումյանը հիշեցրեց՝ երբ Նարեկ Մալյանի եւ Դավիթ Պետրոսյանի առերեսման ժամանակ Պետրոսյանն ասաց, որ իրենք Մալյանին աղբամանը նետելու նպատակ են ունեցել միայն, քննիչը կարծիք հայտնեց, թե նման դիրքորոշումը պատասխանատվությունից խուսափելու միտում է հետապնդում, այնինչ իրենց դիրքորոշումն է հենց այն, որ եթե անձին տանում էին՝ աղբամանը նետելու, ուրեմն՝ այդտեղ առեւանգում չէր կարող լինել։ Դատավոր Դավիթ Հարությունյանը հետաքրքրվեց՝ քրեական գործի հարուցումը մերժելու այդ որոշումը դատական ստուգման ենթարկվե՞լ է, ինչին Մեժլումյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ դատախազի կողմից է դրա օրինականությունը ստուգվել։ Ավելի ուշ տեսանյութի մասին դիրքորոշում հայտնեց նաեւ այս գործով դատախազ Սեւակ Պողոսյանը՝ նշելով, որ այն վերաբերելի չէ եւ համադրելի չէ իրենց գործի հանգամանքներին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց տեսանյութը կցել գործին, իսկ դրա թույլատրելիության կամ վերաբերելիության կամ ընդհանրապես, որպես «այլ փաստաթուղթ» ապացույց օգտագործելու հարցը քննարկել վերջնական դատական ակտ կայացնելիս՝ մյուս ապացույցների հետ համադրելու արդյունքում։ Լուսանկարում՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը, դատավոր Դավիթ Հարությունյանը Այնուհետեւ դատախազ Սեւակ Պողոսյանը ներկայացրեց իր մեղադրական ճառը։ Նա նախ հիշեցրեց, որ 6 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, Նարեկ Մալյանին բացահայտ առեւանգելու շուրջ նախնական համաձայնության գալով, հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով 2019 թվականի մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, սպասել են Մալյանին վերջինիս բնակության վայրի մոտակայքում, որտեղ, հանդիպելով նրան, մոտեցել են եւ նրա կամքին հակառակ բռնություն գործադրելու միջոցով, ճնշելով վերջինիս  դիմադրությունը, փորձել են բացահայտ առեւանգել նրան, սակայն հանցավոր դիտավորությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ վնասազերծվել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից: Ըստ դատախազի՝  առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն ընդունել են իրենց կողմից տուժողի նկատմամբ կատարած գործողությունները․ «Ամբաստանյալները, թեեւ դատարանում հերքել են Նարեկ Մալյանին նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առեւանգելու հանգամանքը, սակայն նշել են, որ իրենց գործողություններն այդ օրը պայմանավորված են եղել նրանով, որ մինչ այդ Նարեկ Մալյանը սոցիալական էջերում կատարված հրապարակային ելույթներով եւ գրառումներով իրենց բազմիցս վիրավորանքներ է հասցրել: Այսինքն՝ ամբաստանյալները, ըստ էության, ընդունել են տուժողին կամքին հակառակ, խմբով, բռնություն գործադրելով բացահայտ տեղափոխելու հանգամանքը, սակայն պնդել են, որ իրենց նպատակը եղել է ոչ թե առեւանգելը, այլ մոտակայքում գտնվող աղբամաններից մեկը գցելը, եւ եթե ոստիկանները չմիջամտեին, իրենք կատարելու էին դա ու ներկայանալու էին ոստիկանություն, քանի որ կարծում են, որ այդ կերպ իրենց իրավունքներն են պաշտպանում»,- նշեց դատախազը։ Նրա խոսքով՝ ամբաստանյալների մեղավորությունը հաստատվել է ինչպես տուժող Նարեկ Մալյանի, այնպես էլ վկաների ցուցմունքներով: Տուժողը, ըստ դատախազի, նախաքննության ժամանակ տված ցուցմունքով մանրամասն պատմել է, թե ինչպես է դեպքի օրը հարձակման ենթարկվել, իսկ դատարանում եւս հաստատել է, որ ամբաստանյալների գործողությունները նախապես մանրամասն պլանավորված են եղել, ինչի մասին է վկայել այդ անձանց գործողությունների հստակությունը․ «Տուժողը նաեւ ավելացրել է, որ ֆիզիկական ցավ զգալուց բացի իրեն այդ վիճակը նաեւ հոգեկան տառապանք է պատճառել, քանի որ ինքը հանրային գործունեությամբ է զբաղվում եւ իր բնակության հասցեի մոտ՝ այդ մարդաշատ վայրում իր կամքին հակառակ, անելանելիութան վիճակում իրեն տեղափոխելը եւ հետագայում ամբաստանյալների խմբի կողմից տեսագրության հրապարակումը այլ կերպ ընկալվել չէր կարող ու կրում էր իրեն նվաստացնելու նպատակ»,- նշեց Պողոսյանը։ Վերջինս պնդեց, որ ամբաստանյալների մեղավորությունը հաստատվել է նաեւ դեպքի վայրի զննության արձանագրություններով, հարակից տարածքների տեսախցիկների՝ ապացույց ճանաչված տեսագրությունները պարունակող սկավառակներով, ամբաստանյալներին դեպքի վայրից բերման ենթարկելու մասին կազմված արձանագրություններով։ Լուսանկարում՝ դատախազ Սեւակ Պողոսյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը Խոսելով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքից՝ Սեւակ Պողոսյանն ասաց․ «Առեւանգման օբյեկտիվ կողմը կարող է դրսեւորվել՝ տուժողին իր կամքին հակառակ բնական միկրոսոցիալական միջավայրից կտրելով, այլ վայր տեղափոխելով եւ այնտեղ պահելով: Այսինքն՝ հիշյալ արարքը կարող է ավարտված համարվել վերը նշված եղանակով անձին միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու պահից, եթե հաստատվի վերջինիս այլ վայր տեղափոխելու եւ պահելու նպատակը: Ինչ վերաբերում է նշված արարքի հանցափորձին, ապա այն կարող է դրսեւորվել տուժողնի վերը նկարագրված եղանակով միկրոսոցիալական միջավայրից դուրս բերելու ընթացքում հանցավորի կամքից անկախ հանգամանքներում արարքի խափանման արդյունքում», -նշեց նա՝ հավելելով, որ հենց այդ հանցափորձն էլ տվյալ դեպքում տեղի է ունեցել․ «Տուժողը գտնվել է իր բնակության վայրի շքամուտքում եւ նրան միկրոսոցիալական միջավայրից կտրելուն ուղղված գործողությունները, թեեւ տեղի են ունեցել նույն փողոցում կատարված բռնարարքի միջոցով, այսինքն՝ նրան մեքենայով չեն տեղափոխել կամ շատ մեծ տարածություն չեն տեղափոխել,  սակայն ակնհայտ է, որ անգամ Ամիրյան փողոցի նշված հասցեից դեպի Սարյան փողոցը ընկած շուրջ 20 մետր հեռավորության վրա գտնվող աղբամանները տեղափոխելու եւ այնտեղ գցելու պարագայում էլ անձը փաստացի կկտրվեր իր միկրոսոցիալական միջավայրից, հետեւաբար՝ առկա կլիներ ավարտված առեւանգում, որը կատարված կլիներ վրեժի շարժառիթով»։ Սեւակ Պողոսյանը հարկ համարեց արձանագրել նաեւ, որ դատաքննությամբ պաշտպանական կողմի միջնորդությամբ հետազոտված ձայնագրություններով հաստատվել է տուժողի կողմից մինչ դեպքը ամբաստանյալներին բազմիցս հայհոյելու հանգամանքը, ինչը հաստատել է նաեւ հենց տուժողը։ Նա նշեց նաեւ, որ ներկայացվել են ամբաստանյալների անձը դրականորեն բնութագրող տեղեկանքներ եւ այլ փաստաթղթեր, այդ թվում՝ ուսման վայրերից․ «Ուշադրության են արժանի պատերազմին մասնակցելու վերաբերյալ փաստական տվյալները, որոնք եւս գործին կցված են»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ ամբաստանյալների պատասխանա­տվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատախազը միջնորդեց բոլոր ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցագործությունը կատարելու համար եւ դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով:   Միաժամանակ դատախազը միջնորդեց ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել՝ 3 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելով եւ վերջիններիս վրա բնակության վայրերը չփոխելու պարտականություն դնելով։ Տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը միացավ դատախազի դատողություններին՝ չհամաձայնելով միայն պատիժը պայմանականորեն չկիրառելու դիրքորոշմանը եւ պնդելով, որ նրանք ազատազրկումը պիտի իրականում կրեն։ Հակառակ դեպքում, ըստ փաստաբանի, սոցիալական արդարությունը չի կարող վերականգնվել․ «Խոսքն ակցիայի մասին չէ, այլ ինքնադատաստանի, որը ամբաստանյալները ցանկացել են եւ  մասնակի հաջողել, իսկ ինքնադատաստանի վտանգը այն է, որ այն չի ունենում ավարտ, նման բռնարարքը կարող է ունենալ իր պատասխանը, այդ պատասխանը՝ իրենը, եւ դա կլինի անվերջ»,- ասաց Աթանեսյանը՝ նշելով, որ դատարանն այժմ ունի հնարավորություն այդ ամենին վերջ տալու եւ թույլ չտալու, որ արդարության պակասի զգացումից տեղի ունենան այլ հանցանքներ կամ ամբաստանյալների նշած, այսպես կոչված, «ակցիաները», լայն տարածում ստանան։ Աթանեսյանը միաժամանակ ընդգծեց, որ թեեւ այն ժամանակ ծանր վիրավորանքը դեռ քրեականացված չէր, սակայն ամբաստանյալներն իրավական դաշտում, մասնավորապես, քաղաքացիական կարգով, ունեին իրենց պաշտպաննելու արդյունավետ միջոցներ․ «Ի վերջո վիրավորանքին կարող էին պատասխանել վիրավորանքով միգուցե»,- ասաց նա՝ հավելելով, որ այս դեպքում հասարակական վտանգավորությունը նրանում է, որ բարձր արժեքներ ձեւականորեն քարոզող ՀԿ-ն դիմում է հանցագործության, այն էլ՝ կազմակերպված, հասարակական վայրում, տուժողի բնակության վայրում, որտեղ կարող էին ականտաես լինել թե՛ նրա հարեւանները, թե՛ ընտանիքի անդամները, այդ թվում՝ անչափահաս երեխան։ Մեղադրող եւ տուժող կողմի ելույթներից հետո պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառ պատրաստելու համար, ինչով պայմանավորված` նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին։   Միլենա Խաչիկյան
23:45 - 06 հունիսի, 2022
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին

2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով պետական սահմանը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, ներխուժել են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք՝ որոշ հատվածներում խորանալով  մինչև 3․5 կիլոմետր: Նշված տարածքի՝ Հայաստանի Հանրապետության անվիճելի մաս լինելը հաստատված է ոչ միայն պաշտոնական Երևանի հրապարակած տեղեկությունների, այլև անկախ լրատվամիջոցների փաստահենք հրապարակումներով: Կարևոր է արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի ու այլ պաշտոնյաների կողմից Սյունիքի մարզի նկատմամբ տարածքային նկրտումների և դրա մի մասի գրավման՝ տարիներ տևած և վերջերս հաճախակիացած հրապարակային սպառնալիքներին զուգահեռ: Այս ներխուժումը շեշտակի սրում է իրավիճակը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ձևավորված որոշակի կայունացումից հետո։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները ստեղծված իրավիճակը  համարում են ոչ միայն ուղղակի սպառնալիք Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների սկսման, Հայաստանի անվիճելի մաս հանդիսացող տարածքի օկուպացիայի և այդ տարածքներում ապրող բնակչության ֆիզիկական գոյության համար, այլև՝ տարածաշրջանի անվտանգությանն ուղղված անմիջական մարտահրավեր։ Արձանագրում ենք, որ՝ Հայաստանի Հանրապետությունը բոլոր օրինական ակնկալիքներն ունի, որպես  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, իր տարածքային ամբողջականության խախտման այս դեպքի վերաբերյալ ստանալու ՀԱՊԿ-ի կողմից քաղաքական և ռազմական հակազդում՝ համաձայն պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների, այնինչ մինչ օրս ՀԱՊԿ անդամ-երկրներից որևէ մեկը չի դատապարտել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը և չի պահանջել Ադրբեջանի իշխանություններից դուրս բերել իրենց զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Թեև ՀԱՊԿ առանցքային անդամ-պետություն Ռուսաստանի Դաշնությունը բազմաթիվ երկկողմ պայմանագրերով ստանձնած պարտավորություններ ունի ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան հենակետեր ունի նաև Սյունիքի մարզում, սակայն մինչ օրս որևէ տեսանելի քայլ (օրինակ՝ ուժի ցուցադրություն) չի կատարել և չի հանդես եկել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգման կամ դրա աջակցության վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, չի դատապարտել Ադրբեջանի կառավարության ակնհայտ ագրեսիվ գործողությունները։ Ադրբեջանի կառավարության գործողություններն ակնհայտորեն հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասին, ինչպես նաև «Միջազգային անվտանգության ամրապնդման մասին» ՄԱԿ-ի ԳԱ հռչակագրի 4-րդ և 5-րդ կետերին։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս գտնում ենք, որ․ 1․ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության, հնարավոր պատերազմական գործողությունների կանխարգելման, ինչպես նաև բնակչության ֆիզիկական պաշտպանության և անվտանգության ապահովման հարցում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են անհապաղ համախմբել ողջ պաշտպանական և անվտանգային ներուժն ու միջոցները։ 2․ Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու, ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնալու հարցով պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կիրառելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործողություններ և ընդունելու անհրաժեշտ որոշումներ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ Քաղաքական երկխոսություն ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ Հանրային լրագրության ակումբ ՀԿ «Ազատ քաղաքացի» ՀԿ
20:40 - 14 մայիսի, 2021
Ընտրական օրենսգիրքի փոփոխությունները չընդունելու պատճառաբանությունները քաղաքական կամքի բացակայության նշան են. ՀԿ-ների հայտարարությունը

Ընտրական օրենսգիրքի փոփոխությունները չընդունելու պատճառաբանությունները քաղաքական կամքի բացակայության նշան են. ՀԿ-ների հայտարարությունը

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում նշում են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունելու պատճառաբանությունները քաղաքական կամքի բացակայության նշան են։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2021թ․ մարտի 18-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին։ Թեև հայտարարությունը չի անդրադառնում ընտրական օրենսդրությանը, սակայն շրջանառվում է թեզը, որ փոփոխությունների ընդունումից հետո քաղաքական ուժերին և ընտրական համակարգին անհրաժեշտ է 6 ամիս ժամանակ՝ նոր կանոններով ընտրությունների պատրաստվելու համար, հետևաբար՝ առաջիկա արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել 2016թ. ընդունված Ընտրական օրենսգրքով։ Միաժամանակ, նշվում է, որ ընտրական օրենսդրության փոփոխությունների համար անհրաժեշտ է «կոնսենսուս» Ազգային Ժողովում ներկայացված խմբակցությունների միջև։Վերոնշյալ երկու թեզերը բխում են Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական գործընթացների վերաբերյալ լավ պրակտիկայի կանոնագրքի» դրույթներից, սակայն երկուսն էլ մեջբերվում են ձևապաշտական մոտեցումով և մեկնաբանվում հայեցողաբար։  Այս առնչությամբ՝ հարկ է արձանագրել հետևյալը. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար առաջարկվող ժամկետն անհրաժեշտ է ընտրական օրենսդրության կայունության, այդ փոփոխությունների կանխատեսելիության ու նոր կանոններով ընտրություններին նախապատրաստվելու առումով։ Կարևոր է հիշել, որ Ընտրական օրենսգրքի առավել արմատական փոփոխությունները եղել են 2018թ. հեղափոխության մասնակից ժողովրդական լայն զանգվածների օրակարգային առաջնահերթությունը, ինչով պայմանավորված՝ դրանց վերաբերյալ քաղաքական քննարկումներ են սկսել ծավալվել դեռևս 2018 թվականի ամառվանից և ձեռք են բերվել որոշ փոխադարձ համաձայնություններ, թեև դրանք չի հաջողվել ընդունել տվյալ տարվա վերջին կայացած ընտրություններից առաջ: Ընտրական օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ ներկայում առաջարկվող փոփոխություններն էլ, իրենց հերթին, բազմիցս՝ 2020 թվականի օգոստոսից սկսած, ներկայացվել և քննարկվել են շահագրգիռ հանրության շրջանակներում՝ աննախադեպ ներառական և թափանցիկ գործընթացներով: Բացի այդ, ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը նախատեսում է, որ փոփոխվող դրույթներն ուժի մեջ են մտնում աստիճանաբար: Այսինքն, առավել արմատական և քաղաքական փոփոխություններն՝ անմիջապես, իսկ ընտրական համակարգի նախապատրաստում պահանջող լրացուցիչ տեխնիկական ու ընթացակարգային պահանջները՝ ժամանակի ընթացքում։ Եվ վերջապես, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական խորը ճգնաժամ է, որի պայմաններում լավագույն պրակտիկաներին առնչվող ընդհանրական խորհուրդները չեն կարող անբեկանելի համարվել: Առավել ևս այդպիսի նախադեպ Հայաստանում արդեն եղել է 2018 թվականին, երբ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ընտրախախտումներին առնչվող դրույթները ընդունվել և ուժի մեջ են մտել սեպտեմբերի 7-ին՝ անմիջապես Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ, իսկ 2018թ․ հոկտեմբերի վերջին քվեարկության էր դրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Փոփոխությունները չընդունվեցին, սակայն ինքնին դրանց ներկայացնելու և ընդունումից անմիջապես հետո ընտրություններ անցկացնելու հեռանկարի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը չի ունեցել որևէ բացասական անդրադարձ: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի միջև «կոնսենսուսի» հասնելու անհրաժեշտության մասին պնդումներին, հարկ է արձանագրել, որ ներկայիս ժամանակահատվածում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կոնսենսուսը հնարավոր չէ հենց քաղաքական պատճառներով, քանի որ որոշ կուսակցություններ  նախընտրում են իշխանության հասնել ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իսկ ուրիշները՝  փողի, քրեական ազդեության կամ վարչական ռեսուրսի չարաշահման միջոցով: Գործող օրենսգիրքը բարենպաստ պայմաններ է ստեղծում իշխանական լծակներին այդ վերջին ճանապարհով հասնելու, հետևաբար Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումը՝ դիրքորոշում է նաև այդ երևույթների հանդեպ: Իրականում, Հայաստանի Հանրապետությունում առկա է շատ ավելի լայն՝ ժողովրդական, քաղաքացիական ու քաղաքական զանգվածների համակողմանի կոնսենսուս Ընտրական օրենսգիրքը փոխելու առումով: Սրա մասին վկայում է, այն, որ. Ընտրողների լայն զանգվածների և քաղաքացիական հասարակության դերակատարների կողմից Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջը դրսևորվել է 2018թ. հեղափոխության օրերին, Ընտրական օրենսգրքի կարևորագույն կետերի (օրինակ՝ ընտրակարգ, անցումային շեմ, մանդատների բաշխում և կոալիցիաների ձևավորման ժամկետներ) շուրջ արդեն իսկ կայացել են քաղաքական քննարկումներ 2018թ.-ին, և ստացվել է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համաձայնությունը, Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված՝ վերջին ներկայացուցչական սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կարևորվում է Հայաստանի բնակչության 74 տոկոսի կողմից, Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջին միացել են 30-ից ավել կազմակերպություններ և քաղաքացիական ակտիվիստներ, արտահերթ ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխություններով իրականացնելը կարևորագույն խնդիր են համարում գաղափարախոսությունը կարևորող կուսակցությունները: Սույնով վերահաստատում ենք 2021թ․ մարտի 16-ի մի շարք կազմակերպությունների կողմից արտահայտված դիրքորոշումը, և արձանագրում, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելը հիմնականում կախված է իշխող կուսակցության քաղաքական կամքից, պետության ու սեփական ժողովրդի առաջ պատասխանատվությունից և ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմությունից:  Հայտարարությանը բաց է։ Միանալու համար խնդրում ենք լրացնել հասարակական կազմակերպության տվյալներն այստեղ։ «Ականատես» դիտորդական նախաձեռնություն Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրազեկ քաղաքացիների միավորում Ուղղակի ժողովրդավարություն Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ»
13:10 - 21 մարտի, 2021
ՇՊՀ-ում նոր ուսանողական խորհուրդ է ձևավորվում․ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամները նախկին խորհուրդը ապօրինի են համարում

ՇՊՀ-ում նոր ուսանողական խորհուրդ է ձևավորվում․ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամները նախկին խորհուրդը ապօրինի են համարում

Շիրակի պետական համալսարանը Հայաստանի ամենամեծ մարզային համալսարանն է, այնտեղ սովորում է մոտ 2500-3000 ուսանող։ «Ռեստարտ Գյումրի» ուսանողական նախաձեռնության անդամները կարծում են, սակայն, որ այս համալսարանում երբեք չի եղել լեգիտիմ ընտրված ուսանողական խորհուրդ։ Ուսանողական խորհրդում եւ ընդհանրապես բուհում առկա խնդիրների վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության համակարգող Գեւորգ Ղուկասյանի հետ, որի պնդմամբ՝ ՇՊՀ-ում ուսանողական խորհուրդ համարվող մարմինը գործում է ապօրինի, քանի որ դրա կանոնադրությունը չի հաստատել ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ ընդհանուր ժողովը կամ ուսանողների ընդհանուր համագումարը։ Նախաձեռնության անդամները եւ բուհի մի շարք ուսանողներ կարծում են, որ բուհում երբեք գոյություն չի ունեցել ուսանողական խորհուրդ, եւ, հաշվի առնելով այս ամենը, անցյալ տարի «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը այդ կառույցի կատարած աշխատանքների մոնիթորինգ է սկսել։ Ղուկասյանի խոսքով՝ «Ռեստարտ Գյումրի»-ի մեջ հիմանկանում ՇՊՀ-ի եւ Շիրակի մարզի, Գյումրու այլ համալսարաններում սովորող ուսանողներ են։ «Մենք ուսանողական խորհրդի կատարած աշխատանքների մշտադիտարկում իրականացրինք, ֆինանսական հաշվետվություններ ուզեցինք, ուսանողական խորհրդի նախագահության արձանագրությունները եւ այլն։ Անցյալ տարի պարզվեց, որ ՇՊՀ-ի ուսանողական խորհրդի հաշվետվությունները քննչական մարմինները՝ ՀՔԾ-ն, դատախազությունը, առգրավել են։ Դա պարզել ենք հարցումների միջոցով, այդ ամենը գաղտնի է պահվում ուսանողներից։ Վարչական աշխատողն է վերահսկում ՇՊՀ-ի ապօրինի կառուց հանդիսացող ուսանողական խորհուրդը։ Պարզեցինք նաեւ, որ վարչական աշխատողը նույնպես չի համապատասխանում իր զբաղեցրած հաստիքին»,- պատմեց Ղուկասյանը։ Վարչական աշխատողը Արթուր Չարչoղլյանն է, որը բուհ-գործատու համագործակցության բաժնի առաջին կարգի մասնագետ է։ Ղուկասյանը տեղակացրեց, որ Չարչօղլյանն աշխատանքի է ընդունել նախկին ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը, որը նաեւ 20 տարի եղել է մարզպետարանի կրթության վարչության պետը եւ ՀՀԿ մարզային գրասենյակի պետը ու զուգահեռ նաեւ ՇՊՀ ռեկտորը։ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից մեկ-երկու ամիս հետո հանրային ճնշման ներքո Մինասյանը հրաժարական տվեց, սակայն, ուսանողների պնդմամբ, բուհում ոչինչ չփոխվեց։ «Այս տարիների ընթացքում բուհը եղել է հանցավոր ռեժիմի վերարտադրման թիվ մեկ օղակներից մեկը՝ ամբողջ Հայաստանում։ Սահակ Մինասյանի ժամանակ բուհը վերածվել էր ՀՀԿ շտաբի, կուսակցական հարցերի համար տարբեր մարդիկ գալիս էին ՇՊՀ ռեկտորի մոտ՝ այդ հարցերը քննարկելու, լուծելու համար։ Նրա հեռանալուց հետո էլ իրավիճակը չի փոխվել, հեղափոխությունից հետո էլ չի փոխվել, այլ հակառակը՝ ավելի է վատացել։ Ըստ էության, հոգաբարձուների խորհուրդը՝ կառավարող մարմինը փոփոխվել է, բայց ներքին ճնշում ու դիմադրություն կա փոփոխությունների նկատմամբ»,- մանրամասնեց «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության համակարգողը ։  Հարցին, թե ինչ քրեական գործերի շրջանակներում են առգրավված ուսանողական խորհրդի հաշվետվությունները եւ արձանագրությունները, Ղուկասյանը պատասխանեց, որ ներկա պահին ՇՊՀ-ի վերաբերյալ կա հարուցված մոտ 20 քրեական գործ, որոնք փակվում-բացվում են։ Նրա համոզմամբ՝ ստացվում է, որ ուսանողական խորհուրդը նույնպես ներքաշված է եղել կոռուպցիոն մեխանիզմներով գումարների յուրացման ու փողերի լվացման մեջ։  «Արթուր Չարչօղլյանը հանրապետականների հետ մինչ այսօր շատ մտերիմ է։ «Արմենիա թիվի»-ի նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որը հեղափոխությունից հետո եկավ հետ՝ Գյումրի, այստեղ սկսել է հասարակական, բարեգործական գործունեություն և աշխատում է  Արթուր Չարչօղլյանի հետ։ Այդ ապօրինի ուսանողական խորհրդի անդամներին Չարչօղլյանը ստիպում է, որ իրենց էջերում տարածեն Ռուբեն Մխիթարյանի մանիպուլյատիվ տեսանյութերը, մի քանի հոգի  դուրս են եկել խորհրդից՝ ասելով, որ իրենք պետք է որոշեն, թե ինչ տարածեն իրենց անձնական էջով։ Սա խայտառակություն է, երբ բուհի վարչական աշխատողը ուսանողական խորհրդի ուսանողներին ստիպում է քաղաքական կոնտենտ տարածել անձնական կամ ուսանողական էջով»,- մեր զրույցում պատմեց Ղուկասյանն ու հավելեց, որ, բացի այս, բուհում կան խմբավորումներ՝ նկատի ունենալով «Կամք» նախաձեռնությանը, որը վերջերս Գյումրիում բացել է իր գրասենյակը եւ հենց բուհի ներսում ունի ներկայացուցիչներ՝ ամբիոնների վարիչների տեսքով։ Ղուկասյանի պնդմամբ՝ այդ մարդիկ «վերբովկա» են անում ուսանողներն եւ ներքաշում իրենց քաղաքական մանիպուլյացիների մեջ։ «Ռեստարտ Գյումրու» համակարգողը պատմեց, որ, օրինակ, անցյալ տարվա վերջին «Բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխությունների ժամանակ, երբ քննարկվում էր հայոց լեզու եւ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու հարցը, մի քանի կուրսերից ուսանողներ եւ «Կամք»-ի ներկայացուցիչները եկել են բուհի բակ եւ պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, այն դեպքում, երբ ուսանողները առանձնապես տեղյակ էլ չէին, թե ինչի մասին է խոսքը։ «Շատերին չէր հետաքրքրում, բայց մեծ աղմուկ բարձրացավ, թե ՇՊՀ-ի ուսանողները մեծ ցույց են արել եւ այլն։ Մենք այդ ժամանակ այնտեղ էինք եւ տեսանք, որ ոչ մի ցույց էլ չկա, մի երկու կուրս են հանել, որոնց իրենք վերահսկում են ու մանիպուլյացիաների միջոցով իրենց շարքեր են «վերբորվկա» անում։ Փորձում են ուսանողներին իրենց կեղտոտ գործերի մեջ ներքաշելով՝ քաղաքական մանիպուլյացիաներ անել եւ այլն։ Այս ամենի հետեւում այն մարդիկ են, որոնց վերաբերյալ նախկինում(և հիմա էլ) քրեական գործեր են եղել, ու այս ամենից անմասն չի մնում նաեւ այդ ապօրինի ուսանողական խորհուրդը, իրենք էլ շատ ակտիվ մասնակցում են այդ ամենին՝ փոխանակ վերահսկելու»,- ընդգծեց Ղուկասյանը։ Հարցին, թե ինչու են նախաձեռնության անդամները ուսանողական խորհուրդն անվանում ապօրինի, եւ ո՞րն է ուսանողական խորհրդի օրինականացման ընթացակարգը, Ղուկասյանը պարզաբանեց, որ ուսանողական խորհուրդ համարվող մարմնի կանոնադրությունը պետք է ընդունի տվյալ բուհի ուսանողների ընդհանուր ժողովը եւ/կամ ընդհանուր համագումարը։ Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր կուրսից առնվազն մեկ պատվիրակ պետք է լինի ընդհանուր ժողովում։ ՇՊՀ-ի պարագայում 150-200 հոգի պետք է լիներ, այսինքն՝ պիտի քվեարկեին, հետո ընդունվեր կանոնադրությունը։ Ապա օրենքով սահմանված կարգով ուղարկեին նախարարություն՝ հաստատման։ Մեր զրուցակիցը մանրամասնեց․ «Օրենքով գրված է, որ ուսանողական ներկայացուցչական ընտրովի ինքնակառավարվող  մարմինների կանոնադրությունը հաստատում է լիազոր մարմինը, այսինքն՝ նախարարությունը։ Իրենք երբեւէ ընդհանուր ժողով չեն ունեցել։ Մենք ուզեցինք 5 տարվա հաշվետվությունները եւ արձանագրությունները, սակայն համագումարի մասին որեւէ արձանագրություն չգտանք։ Երկրորդը՝ իրենց կանոնադրությունը երբեք չի հաստատել նախարարությունը։ Հեղափոխությունից հետո անցել է 3 տարի, հիմա ուսանողական խորհրդը ղեկավարում է նախագահի ժ/պ-ն, չնայած այդ քվեարկությունը, որով Ժորա Նիկողոսյանը դարձել է պաշտոնակատար, նույնպես ապօրինի է եւ նույնիսկ չի համապատասխանում իրենց ապօրինի կանոնադրությանը, որովհետեւ կանոնադրությունը չի ենթադրում մեյլերով կեղծ քվերակություն, իսկ նա օնլայն քվեարկությամբ է դարձել նախագահի ժ/պ»։ Համաձայն սահմանված կարգի՝ յուրաքանչյուր ֆակուլտետ պետք է ունենա առանձին ուսանողական խորհուրդ, որը պետք է ներգրավված լինի ընդհանուր ժողովում։ Ըստ ուսանողների՝ ՇՊՀ-ում չկան ֆակուլտետային նման խորհուրդներ։ Ղուկասյանը նշեց, որ իրենց ունեցած ողջ ինֆորմացիան հրապարակել են, ուղարկել են վարչապետին, ԿԳՄՍ նախարարին, հոգաբարձուների խորհուրդին, բայց որպես այդպիսին արձագանք չեն ստացել։ «Ռեստարտ Գյումրու» ներկայացուցչի փոխանցմամբ՝ միայն մեկ ագամ հոգաբարձուների խորհրդում թեթեւակի խոսվել է վարչական աշխատողի հաստիքը կրճատելու մասին, բայց մինչեւ հիմա դա տեղի չի ունեցել։ Ղուկասյանը նաեւ պատմեց, որ անցյալ տարի տեղի են ունեցել հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ընտրություններ, ըստ նրա՝ երկու անգամ ուսխորհուրդն ընտրել է հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչներ․ «Մեր բուհի պարագայում հոգաբարձուների խորհրդի կազմը 24 հոգի է, որոնցից 6-ը կանոնադրությամբ եւ օրենքով ուսանողական ներկայացուցիչներ պետք է լինեն, որոնց ընտրում է ուսանողական խորհուրդը, որը այս դեպքում գոյություն չունի եւ ապօրինի է։ Այդ կառույցը անգամ ընտրություն կատարելու իրավուք չուներ, բայց իրենք արեցին դա, դրա արդյունքները ուղարկեցին լիազոր մարմնին, բայց «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունը կանխեց այդ պրոցեսը եւ կանխեց վարչապետի կողմից դրա հաստատումը, այսինքն՝ վարչապետին դա չհասավ եւ հետ ուղարկվեց բուհ, որովհետեւ ընտրությունները տեղի էին ունեցել խախտումներով։ Նույն բանը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, երբ ուսանողական խորհրդի ապօրինի նախագահությունը նորից փորձեց երկրորդ անգամ կազմակերպել հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ընրություն»,- հավելեց Ղուկասյանը։ Վերջինս ընդգծեց, որ սա մի իրավիճակ է, երբ մի ընտրության կազմակերպողը, որն այդ ընտրության բարեհաջող անցկացման, արդարության, թափանցիկության եւ այլնի պատասխանատուն է, միեւնույն ժամանակ նաեւ այդ ընտրության թեկնածուն է, քվեարկում է ինքն իրեն եւ հավաքագրում է այդ ուսանողական խորհրդի մի քանի մարդկանց, որոնք պետք է քվեարկեն իր օգտին, չնայած՝ չի համապատասխանում նաեւ կանոնադրական ցենզերին․ ուսանողական խորհրդի նախագահի, փոխնախագահի, նրանց տեղակալների, քարտուղարի հաստիքները զբաղեցնող մարդիկ իրենց առաջադրել են հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների պաշտոններում, չնայած կանոնադարական ցենզերով չեն համակպատասխանում հոգաբարձուների խորհրդում ներգրավվելուն։ «Այսինքն՝ իրենք կեղծ փաստաթղթեր էին ներկայացրել, օրինակ՝ Ժորա Նիկողոսյանը, որը նախագահի ժ/պ-ն է, դպրոցական շնորհակալագրեր ու պատվոգրեր էր բերել, ինչը կանոնադրության 28-րդ կետի խախտում է, մենք այդ ամենը փաստարկված երկրորդ անգամ ուղարկեցինք վարչապետին, ԿԳՄՍՆ, հոգաբարձուների խորհրդին, եւ երկարատեւ ու հետեւողական աշխատանքի, քաղաքացիական վերահսկողության արդյունքում այս անգամ էլ նախարարությունը չուղարկեց վարչապետի հաստատմանը։ Այսինքն՝ երկու անգամ կանխել ենք ապօրինությունը, եթե չանեինք, այն կգնար վարչապետի հաստատմանը։ Երբ մենք 10 էջանոց նամակ ուղարկեցինք՝ հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ապօրինի ընտրության մասին, փաստացի ապացուցել էինք նաեւ, որ ուսանողական խորհուրդը ապօրինի է եւ իրավունք չունի ընտրություններ կազմակերպել, ԿԳՄՍ նախարարությունը այդ ուսանողական խորհրդին լուծարման առաջարկություն է ուղարկել, որը խորհուրդը գաղտնի է պահում ուսանողներից, չնայած մենք այն հանրայնացրել ենք»,- հավելեց Ղուկասյանը։  Այս ընթացքում «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամները, ՇՊՀ այլ ուսանողների հետ ինքնակազմակերպվել են և որոշել են ստեղծել նոր, լեգիտիմ ուսանողական ինքնավար կառույց։ Արդյունքում ձևավորվել է  ՇՊՀ նոր ուսանողական խորհրդի նախաձեռնող ուսանողների խորհուրդ, որը ընդունել է հռչակագիր, դրա տակ ստորագրել է ավելի քան 60 ուսանող՝ ՇՊՀ բոլոր ֆակուլտետներից։ Ընտրվել են կանոնադիր ժողովի անդամներ, որոնք գրելու էին ՇՊՀ ուսանողական խորհրդի կանոնադրությունը, քննարկման էին դնելու ուսանողների լայն շրջանակների հետ եւ ուղարկելու էին ԿԳՄՍՆ՝ հաստատման։ Հետագայում ընտրվել է 5 հոգանոց կանոնադիր ժողով, գրվել է 14 էջանոց կանոնադրություն, եւ քննարկման է դրվել «զում» հարթակիի միջոցով, որին մասնակցել է ավելի քան 90-100 ուսանող՝ ՇՊՀ բոլոր ստորաբաժանումներից։ Այս պահին բուհի հոգաբարձուների խորհրդում չկան ուսանողական ներկայացուցիչներ, եւ դա մեծ խնդիրներ է առաջացնում վերջինիս բնականոն աշխատանքի համար, որովհետեւ 24 հոգանոց հոգաբարձուների խորհրդից մնացել է ընդամենը 14 հոգի։ Օրինակ՝ ռեկտորի ընտրություններ կազմակերպելու համար հոգաբարձուների խորհուրդը քվորում չի ապահովում։ Քվորումի բացակայության հարցը կլուծվի նոր ուսանողական խորհրդի ստեղծմամբ։ Ղուկասյանի խոսքով՝ կկազմակերպվեն նոր, արդար, թափանցիկ եւ մասնակցային ընտրություններ՝ ուսանողական խորհրդի նախագահության եւ մնացած մարմինների դեպքում, որից հետո բուհի կառավարման մարմինների՝ հոգաբարձուների խորհրդի, գիտական ներկայացուցիչների ընտրությունները։  «Եթե նախարարը հաստատեց նոր ուսանողական խորհրդի կանոնադրությունը, օրենքի ուժով բոլոր լիազորությունները փոխանցվում են մեր նոր ուսանողական խորհրդին, հիմա սպասում ենք նախարարի հաստատմանը։ Մոտ օրերս հնարավոր է հանդիպում նախարարի հետ՝ այս հարցերը քննարկելու համար։ Մենք առաջին կուրսեցիների շրջանում նաեւ իրազեկող ակցիա արեցինք՝ նոր ուսանողական խորհրդի վերաբերյալ, թռուցիկներ էինք տպել եւ հայտարարություններ, որոնք փակցրինք ամբողջ բուհի տարածքով, բայց մեզ խոչընդոտեցին, խոչընդոտողների թվում՝ նույն գործավարության ու վարչարարության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը և ՇՊՀ Հումանիտար գիտությունների ու ֆակուլտետի դեկան Թմարա Մելիքյանը։ Նրանց քայլն անհաջող էր, քաշքշոց սկսվեց, իսկ Արթուր Չարչօղլյանը ինչ-որ տղաների ուղարկեց մեզ մոտ, որոնք պետք է մեզ հետ «ռազբոռկա» անեին, բայց չստացվեց, իհարկե, որովհետեւ մենք այդ նպատակով չէինք գնացել, գնացել էինք առաջին կուրսեցիներին իրազեկելու, թե ինչ է կատարվում»։ Նախաձեռնության անդամները նախապես իմացել էին նաեւ, որ ուսանողական խորհուրդը առաջին կուրսեցիներին վարչական լծակներով պարտադրում է 6 էջանոց ոչ լեգիտիմ, ոչ իրավական կանոնադրության տակ ստարոգրել, որպեսզի իրենք էլ իրենց կանոնադրությունը ուղարկեն նախարարություն՝ հաստատման։ «Ռեստարտ Գյումրի» անդամի խոսքով՝ իրենց նկատմամբ դիմադրությունն ակնհայտ է, քանի որ բուհի ղեկավար կազմը մտավախություն ունի, որ բուհում լեգիտիմ, առողջ, ուժեղ ժողովրդավարական, ներառական կառուց կստեղծվի, վախենում են, որ չեն կարողանա վերահսկել ուսանողներին եւ իրենց քաղաքական շահերը չեն սպասարկվի։ «ՀՀ պետականության հիմքերը խարխլող կազմակերպությունների մեջ մտած վարչական աշխատողները, ամբիոնների վարչիները հացավոր ռեժիմի մնացուկ դեկանները և իրենց ընտանքիքները պայքարում են ռեֆորմների և մեր նման խմբերի դեմ։ Երբ ԲՀԿ-ական ներկայիս պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն էր համալսարանի ռեկտորը, այդ ժամանակ էլ Գագիկ Ծառուկյանի միտինգներին էին տանում ուսանողներին, այդ ամենը բոլորը գիտեն։ Հանրապետական ռեկտորի դեպքում էլ շարունակվեց ավելի վատ վիճակ առաջանալ։ 30 տարիների ընթացքում բուհը չի ծառայել կրթությանն ու գիտությանը, այլ հանցավոր ռեժիմի վերարտադրությանը։ Այս ամենի պատճառով Գյումրիում սկսվել է ներքին միգրացիա, որովհետեւ ուսանողները գնում են Երեւան, կամ մեկնում են երկրից, քանի որ բուհը վարկաբեկված կառույց է եւ բոլորը գիտեն, որ այստեղ հանցագործներ են աշխատում։ Բուհը եղել է կաշառակերության, կոռուպիցայի, կրիմինալ ենթամշակույթի բուն»,- եզրափակեց Գեւորգ Ղուկասյանը։ ՇՊՀ նոր ուսանողական խորդրդի ներկայացուցիչները հանդիպել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, քննարկել կրթությանը, գիտությանը եւ մարզի ուսանողությանը առնչվող հարցեր եւ մարզում ուսանողական կյանքի ակտիվացման հեռանկարները՝ ուսանողների մասնակցությամբ։ Նրանք մարզպետին ներկայացրել են Շիրակի պետական համալսարանում ձեւավորված նոր Ուսանողական խորհրդի նպատակները, առաքելությունը եւ ապագա քայլերը՝ մարզի եւ Գյումրիի ուսանողների միավորման գործընթացների իրենց պատկերացումները։ Ի դեպ՝ երեկ Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է ՇՊՀ նոր ուսանողական խորհրդին՝ նշելով, որ վերջիններս իրենց գործունեության արդյունքում բախվել են խոչընդոտների՝ դեկանների, ամբիոնների վարիչների կողմից։ Պատգամավորը ընդգծել է, որ անհրաժեշտություն կա խնդրին հետեւողական լինել, հայտնել է, որ հարցի մասին տեղեկացված է նաեւ նախարարը։  Պատգամավորի ելույթից հետո ՇՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, թե Բաղդասարյանի ելույթը համարում են ՇՊՀ ուսանողական խորհրդի նկատմամբ քաղաքական ճնշում, ինչպես նաեւ ինքնակառավարվող մարմնի գործունեությանը քաղաքական միջամտություն։ «Պատգամավորն ինքն է քաղաքականացնում ուսանողական խորհրդի գործունեությունը՝ այն կապելով ապագայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ։ Պատգամավորը դիտավորյալ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ ՇՊՀ-ում վաղուց գործում է օրինական ուսանողական խորհուրդ, որն ընտրվել է բացառապես ՇՊՀ-ի ուսանողներից կազմված համագումարի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ասպրամ Փարսադանյան
11:56 - 18 սեպտեմբերի, 2020
Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ»-ի գործով նիստն անցավ լարված մթնոլորտում. Դավիթ Պետրոսյանը հեռացվեց նիստերի դահլիճից |armtimes.com|

Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ»-ի գործով նիստն անցավ լարված մթնոլորտում. Դավիթ Պետրոսյանը հեռացվեց նիստերի դահլիճից |armtimes.com|

armtimes.com: «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի նկատմամբ երեկ դատական սանկցիա կիրառվեց. նա հեռացվեց նիստերի դահլիճից՝ դատարանի, դատավարության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ հետազոտվեցին քրեական գործում առկա բոլոր տեսանյութերը, ինչի ընթացքում կողմերը դրանց վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ արեցին՝ պարբերաբար իրար դեմ ուղղված որակումներ տալով: Չնայած դատավոր Դավիթ Հարությունյանի հորդորներին՝ նիստն ընթացավ լարված մթոնոլորտում: Հիշեցնենք՝ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սիմոնյանը, Գարիկ Միսկարյանը, Յուրի Ավագյանը, Արամայիս Պետրոսյանը եւ Հրաչյա Խլղաթյանը մեղադրվում են «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող, քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանին 2019 թվականի մարտի 4-ի գիշերը բռնության գործադրմամբ առեւանգելու համար: Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:  Երեկվա դատական նիստի ընթացքում հետազոտվեցին դեպքի վայրի տեսագրությունները, դատավարության մասնակիցների՝ սոցիալական ցանցերում հրապարակված հոլովակները: Դրանց վերաբերյալ հայտարարություն անելիս տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ ակնհայտ է այն, որ եղել է ծրագրված առեւանգում, դերերի բաշխում եւ մեկը մյուսին լրացնող գործողությունների կատարում: Հակադարձելով տուժող կողմին՝ պաշտպանական կողմը բացառեց առեւանգման հանգամանքը: Մասնավորապես, ամբաստանյալների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դիրքորոշում հայտնեց՝ ասելով, որ տեղի է ունեցել ակցիա, որի նպատակը եղել է Նարեկ Մալյանին աղբարկղը նետելը: Հայտարարություն արեց նաեւ ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ տեսանյութերից մեկի՝ իրենց կողմից հրապարակված տարբերակում լսելի է իրենց խոսքը՝ աղբամանը գցելու մասին. «Եղել է պլանավորված աղբահանության ակցիա, ոչ թե առեւանգման»,- ասաց նա: Դատավորը կոչ արեց ամբաստանյալին որակումների մեջ զուսպ լինել: Դավիթ Պետրոսյանը նաեւ ընդգծեց, որ տեսանյութերում երեւում է, որ ողջ ընթացքում իրենց հետեւում են մի կին ու մի տղամարդ, որոնք, իր տեղեկություններով, ԱԱԾ-ի աշխատակիցներ են, սակայն քրեական գործով հայտնաբերված եւ հարցաքննված չեն: Հաջորդ տեսանյութի վերաբերյալ հայտարարություն արեց տուժող Նարեկ Մալյանը՝ ասելով, որ երբ ինքը այդ տեսանյութից հատված էր հրապարակել, Դավիթ Պետրոսյանը հայտարարել էր, թե այն գործի նյութերում չկա, եւ իրեն է փոխանցվել զարտուղի ճանապարհով. «Ես ուզում եմ արձանագրել, որ Դավիթ Պետրոսյանը հերթական անգամ ստում էր, եւ այս տեսանյութը փոխանցվել է ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանական կողմին»,- ասաց նա: Այս անգամ էլ դատավորը նրան կոչ արեց դատական նիստերի դահլիճում լինել հնարավորինս հարգալից եւ զերծ մնալ որակումներից: Տեսանյութում, որի մասին խոսվում էր, երեւում էր ամբաստանյալներից մեկի՝ Արամայիս Պետրոսյանի ավտոմեքենան՝ կայանած Ամիրյան փողոցում: Նարեկ Մալյանը պնդեց, որ այդ հանգամանքը եւս վկայում է նախապես ծրագրված առեւանգման մասին, քանի որ կայանատեղիից մի քանի մետր այն կողմ գտնվում է իր տունը, եւ ինքն ինչպես էլ գար, տեսանելի էր լինելու խմբի անդամներին. «Դեռեւս նախաքննությունից պաշտպանական կողմն այն թեզն էր առաջ տանում, որ մեքենան կայանված է ամբաստանյալի տան մոտակայքում, բայց ամբաստանյալը բնակվում է Խորենացի փողոցում, իսկ սա Ամիրյան փողոցն է, դրանք որեւէ կերպ չեն հատվում»,- ասաց նա: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով, որ Արամայիս Պետրոսյանը բնակվում է ոչ թե Խորենացի, այլ Մաշտոցի պողոտայի վրա. «Եւ ինչպես գիտեք՝ Կենտրոնը գերծանրաբեռնված է, եւ կարող է Մաշտոցի բնակիչը Ամիրյանում կայանել, որեւէ տեսանյութում չի երեւում, որ Մալյանին տեղափոխում են կայանած մեքենայի ուղղությամբ. մեքենան մի մայթին է, իսկ Մալյանին տեղափոխում են այլ մայթ»,- ասաց Պետրոսյանը: Տեսանյութերի հետազոտումն այդ պահին ընդհատվեց. ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ Նարեկ Մալյանը դատական նիստի ժամանակ սոցիալական ցանցում իրենց վերաբերյալ ոչ հարգալից հերթական գրառումն է արել: Դրան ծանոթանալով՝ դատավորը Մալյանից հետաքրրվեց՝ մի՞շտ է նիստի ընթացքում սոցիալական ցանցերում գրառումներ անում, ինչին Մալյանը պատասխանեց, որ առաջին անգամն է, երբ նիստի ընթացքում հենց ամբաստանյալների վերաբերյալ գրառում է անում: Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե գրում է, նշանակում է՝ նույնը կարող է արտաբերել, ինչին արձագանքելով՝ Մալյանն ասաց. «Սրանից հետո հայհոյանք պարունակող գրառումները նիստից հետո կանեմ»: Դատավորը նրան կոչ արեց դատավարության մասնակիցների վերաբերյալ հայհոյանք պարունակող գրառումներ չանել ոչ նիստից առաջ, ոչ հետո: Ավելի ուշ, Մալյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալներից մեկը եւս վիրավորական գրառում է արել: Ծանոթանալով դրան՝ Դավիթ Հարությունյանն այդ վարքագիծն առհասարակ անթույլատրելի համարեց՝ ասելով, որ եթե առանց գրառումներ անելու կողմերը չեն կարող նիստին մասնակցել, ապա նիստից առաջ հեռախոսները կհանձնեն: Այնուհետեւ Դավիթ Պետրոսյանը դատարանին խնդրեց հետազոտել դեպքից օրեր առաջ նկարահանված մի տեսանյութ, որը, թեեւ գործի նյութերում որպես ապացույց ներառված չէ, սակայն իրենց գնահատմամբ՝ էական նշանակություն ունի: Պետրոսյանի խոսքով՝ այդ տեսանյութում Մալյանն իրենց մեղադրում է նախ Ալիեւի հետ համագործակցության մեջ, ապա՝ հնչեցնում վիրավորանքներ, սեռական բնույթի հայհոյանքներ. «Այդ հայհոյանքների պատճառով բանակում տեղի են ունենում ինքնասպանություններ, ինքնախեղումներ, երկրում ձեւավորվում է այսպիսի մթնոլորտ, այդ հայհոյանքի պատճառով մենք արել ենք այդ ակցիան, այս ամբողջ գործի էությունը նրանում է, որ մեզ տրվել է սեռական բնույթի հայհոյանք՝ ծնողի հետ կապված, եւ մենք չենք լռել, նրան նետել ենք աղբամանը»,- ասաց նա՝ դատավորի հարցին ի պատասխան՝ նշելով, որ որքան էլ տհաճ լինի, տեսանյութը պետք է դիտել: Տուժող կողմը եւս առաջարկեց այն դիտել ամբողջությամբ, իսկ դատախազ Սեւակ Պողոսյանն ասաց, որ եթե խոսքը պարզապես վիրավորանքների մասին է, եւ տուժողն այդ տեսանյութի հանգամանքը չի վիճարկում, դիտելու կարիք չկա: Մի քանի րոպե դիտելուց հետո դատավոր Դավիթ Հարությունյանը տուժողից հետաքրքրվեց՝ հերքո՞ւմ է արդյոք այն, որ տեսանյութում ինքն է խոսում, եւ այն նկարել է կամավոր. «Ոչ, չեմ հերքում, ես եմ խոսում, իմ ֆեյսբուքյան էջում էլ այն տեղադրված է»,- ասաց Մալյանը: Դատավորը հարց բարձրացրեց, թե որն է այդ բնույթի տեսանյութն ամբողջությամբ վերարտադրելու իմաստը, եթե մեղադրանքի կողմը, առավել եւս տուժողը, այն չեն վիճարկում: Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենց համար պարտադիր չէ այն ամբողջությամբ դիտելը, բայց ինքը կասկած ունի, որ դատախազն այն չի նայել, քանի որ ասում է, թե հնչել են «ուղղակի վիրավորանքներ». «Շնորհակալություն, որ չեք թողնում նայենք, բայց այս ամենը պտտվել է համացանցում, բոլորը նայել են, եւ ոչ դատախազությունը, ոչ ոստիկանությունը, ոչ մեկը ոչինչ չի արել»: Նույն կարծիքը հայտնեց նաեւ նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը՝ ասելով, որ դա անհրաժեշտ է հետագայում տեսանյութին հղում կատարելու համար: Մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը հայտարարություն արեց՝ ասելով, որ իր համար անհասկանալի է, թե դատախազությունն ինչ պիտի աներ. «Եթե խոսքը վիրավորանքը վիճարկելու ընթացակարգերի մասին է, փաստաբանները կբացատրեն, ինչ վերաբերում է նայելուն, ոչ միայն դատախազն է նայել, այլ վարույթն իրակնացնող մարմինը հետազոտել է եւ գտել, որ գործի հետ առնչություն չունի, ես էլ գտնում եմ, որ երբ որ անձինք նստած են, մի քիչ գեղեցիկ չէ նրանց վերաբերյալ այդպիսի արտահայտությունները վերարտադրել, եթե նրանք իրենց վատ չեն զգում, թող ամբողջությամբ լսեն»: Դատախազի այս վերջին արտահայտությունը հունից հանեց պաշտպանական կողմին, եւ նրանց միջեւ ընդհարում տեղի ունեցավ. «Դե այդ նույնը քեզ կասեն, կտենաս»,- ասաց Դավիթ Պետրոսյանը: Դատավորի դիտարկմանը, որ դատախազը ճիշտ էր, Պետրոսյանը հայտարարեց, որ այդ դեպքում ինքը նույնը դատախազին է ասում, ինչին դատախազը պատասխանեց՝ ասելով, որ գնա, իր մորն ասի: Կողմերի միջեւ բանավեճը մի քանի վայրկյան շարունակվեց՝ չնայած դատավորի՝ լռելու եւ հանդարտվելու բազմաթիվ կոչերին: Ի վերջո դատավոր Դավիթ Հարությունյանը դատական սանկցիա կիրառեց Դավիթ Պետրոսյանի նկատմամբ. նիստերի դահլիճից հեռանալիս Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը չի հարգում այդ դատարանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:24 - 17 սեպտեմբերի, 2020
«Ռեստարտի» գործով դատարանը հետազոտում է գործում առկա փաստաթղթերը |pastinfo.am|

«Ռեստարտի» գործով դատարանը հետազոտում է գործում առկա փաստաթղթերը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սկսվել է «Ռեստարտի» անդամների կողմից Նարեկ Մալյանին առևանգելու վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Նշենք, որ գործը գտնվում է դատաքննության փուլում։ Այսօրվա նիստին հետազոտվում են գործում առկա փաստաթղթերը։ Դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ դեպքի վայրում աղբամաններ չեն հայտնաբերվել, հայտնաբերվել են տեսանկարահանող սարքեր։ Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ սա երկրորդ դեպքի վայրի զննության արձանագրությունն էր, առաջինը կատարվել է դեպքի օրը, հետաքննիչը վերագրել էր դեպքի վայրի զննություն, ինչն իրավասու չէր իրականացնել, հաջորդ քննչական գործողությունը կատարվել է քննիչի կողմից և կրկին դեպքի վայրի զննություն է։ Պաշտպանը գտնում է, որ սա ավելի շատ նման է քննչական փորձարարության, որտեղ Մալյանն ուղղորդում է քննիչին։ Փաստաբանն ընդգծեց, որ առաջին անգամ դեպքի վայրում տեղակայված աղբամանները հետաքննիչի կողմից չէին արձանագրվել, այլ՝ արձանագրվել են երկրորդ արձանագրության մեջ։ Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Հրաչ Խլղաթյանը, Յուրի Ավագյանը, Գարիկ Միսկարյանը, Դավիթ Սիմոնյանը, Արամայիս Պետրոսյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ միմյանց հետ նախնական համաձայնության գալով, բացահայտ կերպով խմբակային առևանգում կատարելու փորձի հատկանիշներով։ Քրեական գործով Նարեկ Մալյանը ճանաչվել է տուժող։ Հիշեցնենք, որ մարտի 4-ի գիշերը Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ռեստարտ»-ի անդամների կողմից ենթարկվել է հարձակման։ «Ռեստարտ»-ի անդամները նշել էին, որ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներում Մալյանը մշտապես վիրավորանքներ էր հնչեցնում իրենց հասցեին: Անդամներից Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ ի պատասխան հնչեցրած վիրավորանքների՝ փորձել են Մալյանին գցել աղբամանը, ապա՝ տարածել նաև միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։
17:45 - 03 սեպտեմբերի, 2020
ՇՊՀ-ում ճնշումներ են իրականացվում Ռեստարտ Գյումրի նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանի հանդեպ. Լևոն Բարսեղյան

ՇՊՀ-ում ճնշումներ են իրականացվում Ռեստարտ Գյումրի նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանի հանդեպ. Լևոն Բարսեղյան

Շիրակի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Հարգելի պարոն Դավթյան, 2020 թ. մարտի երեքին իմ [email protected] էլեկտրոնային հասցեին նամակ եմ ստացել, որը ներկայացնում եմ այս դիմումին կից: Խնդրում եմ հանձնարարել՝ ուսումնասիրել նամակը, դրանում նշված հանգամանքները եւ հիմքերի առկայության դեպքում քրեական գործ հարուցել», – գրել է նա ֆեյսբուքի իր էջում: Տեղեկացնենք նաև, որ նամակում նշվում է, որ ՀՀ Ազգային ժողովում Բարձրագույն կրթության օրենքի նախագծի վերաբերյալ լսումների ընթացքում «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության համակարգող Գևորգ Ղուկասյանի ելույթից հետո վերջինիս հանդեպ ՇՊՀ-ում սկսվել են իրականացվել ճնշումներ, որոնք ուղեկցվում են ատելության խոսքով և սպառնալիքներով: Լևոն Բարսեղյանի նամակն ամբողջության ստորև.  
15:14 - 03 մարտի, 2020
«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը ֆեյսբուքյան իրենց էջում գրում է․ «Պաշտոնական հայտարարություն Սույն թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Գայանե Աբրահամյանը և Հերիքնազ Տիգրանյանը հայտարարություն տարածեցին, որտեղ մասնավորապես նշված էր․ «Խստորեն դատապարտում ենք քաղաքացիական հասարակության և նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների և լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, այլ անհատների և խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի և ոտնձգության դրսևորումները, ատելության և թշնամանքի հրահրումը և խրախուսումը։ Նույն հայտարարության մեջ պատգամավորները նաև հայտնել են իրենց հանձնառության մասին՝ կատարելագործելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը՝ խոսքի ազատության և այլոց իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև հավասարակշռություն հաստատելու համար»։ Արդեն բավականին ժամանակ է, որ մի շարք անհատներ, խմբեր կանխամտածված փորձում են ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում առաջացնել լարվածություն, անառողջ մթնլորոտ և օգտագործում են ատելության խոսքը, վերբալ բռնությունը՝ որպես իրենց հիմնական գործիքներ։ Այս խմբերը հաճախ նույնիսկ հատուկ անցնում են բոլոր կարմիր գծերը՝ հնչեցնելով ծնողների նկատմամբ հայհոյանքներ ու անպատվությունններ։ Մինչդեռ ՀՀ-ում ծնողի նկատմամբ ցանկացած հայհոյանք անընդունելի է, ու սա այն եզակի պնդումներից է, որի հետ կապված կա հասարակական համընդհանուր կոնսենսուս։ Շատ կարևոր է նշել, որ բռնության մասին պատկերացումները ՀՀ-ում ամբողջական չեն, քանի որ հաճախ բռնություն է ընկալվում միայն ֆիզիկական բռնությունը, մինչ վերբալ բռնությունը իր բնույթով կարող է ավելի վտանգավոր լինել՝ բերելով ամենածանր հետևանքները։ Արդեն տևական ժամանակ է, որ «Ռեստարտ» -ի անդամները բարձրաձայնում են այս խնդիրի մասին՝ կոչ անելով բոլոր համապատասխան մարմիններին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ սկսած օրենսդրական կարգավորումներից վերջացրած հասարակական կոշտ անհանդուրժողականությամբ։ Ի պատասխան այս հայտարարությունների՝ հնչում էին հիմնականում այսպես ասած երկու հակափաաստարկներ՝ միջազգային փորձ, խոսքի ազատության սահմանափակումներ, որոնք, իհարկե, քննադատության չեն դիմանում։ Հենց եվրոպական մի շարք երկրներում ատելության խոսքի շատ տեսակներ՝ ռասիստական, կրոնական, ազգային և այլ, շատ վաղուց քրեականացված են։ Խոսքի ազատությունն, իհարկե, ժողովրդավարության կայացման և պահպանման գլխավոր երաշխիքներից է։ Այս պնդումը «Ռեստարտ»-ի անդամների համար բացարձակ ճմարտություն է և ուղեկցելու է մեզ մեր գործունեության ամբողջ ընթացքում, բայց մեզ համար նաև աներկբա է, որ ո՛չ ատելության քարոզը, ո՛չ զրպարտությունը, ո՛չ արժանապատվության ոտնահարումը ոչ մի կապ չունեն խոսքի ազատության հետ։ Հետևաբար, «Ռեստարտ» նախաձեռնության անդամները, կարդալով պատգամավորների սույն հայտարարությունը, հայտնում են, որ մեծ ոգևորությամբ միանում են «Իմ քայլը» պատգամավորների հայտարարությանը և շնորհակալություն հայտնում նմանատիպ կարևոր նախաձեռնության համար։ Այսպիսի օրենսդրական նախաձեռնությունը կզսպի սրբություն չճանաչող որոշ տարրերի, առավել ներդաշնակ կդարձնի ներհասարակական հարաբերությունները՝ կրճատելով ինքնախեղման, հաշվեհարդարի և սպանության դեպքերը։ Հայտարարում ենք, որ մեր բոլոր միջոցներով աջացելու ենք սույն նախաձեռնությանը, իսկ այն պատգամավորներին, ովքեր դեռ չեն միացել, կոչ ենք անում միանալ և ձեռնամուխ լինել այս կարևոր աշխատանքի իրականացմանը։ Ողջունելի է, որ գնալով ավելի շատ պատգամավորներ են միանում հայտարարությանը։ Ստորև կարող եք տեսնել նախաձեռնությանը միացած բոլոր պատգամավորների ցուցակը։ 1․ Մարիա Կարապետյան 2․ Արթուր Հովհաննիսյան 3․ Սարգիս Խանդանյան 4․ Թագուհի Ղազարյան 5․ Գայանե Աբրահամյան 6․ Հերիքնազ Տիգրանյան 7․ Վահագն Թևոսյան 8․ Նազելի Բաղդասարյան 9․ Համազասպ Դանիելյան 10․ Հովհաննես Հովհաննիսյան 11․ Հռիփսիմե Գրիգորյան 12․ Սոնա Ղազարյան 13․ Սոս Ավետիսյան 14․ Լիլիթ Ստեփանյան 15․ Միքայել Զոլյան 16․ Վահագն Հովհաննիսյան 17․ Արփինե Դավոյան Հարգանքով՝ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն»։
09:00 - 12 հոկտեմբերի, 2019
Շուտով կլինի «Ռեստարտ» հիմնադրամի բացումը․ Դավիթ Պետրոսյան

Շուտով կլինի «Ռեստարտ» հիմնադրամի բացումը․ Դավիթ Պետրոսյան

Շուտով կլինի «Ռեստարտ» հիմնադրամի բացումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։ Գրառման մեջ ասված է․ «Այս օրվան մենք շատ ենք սպասել ու երազել։ Շատերս գիտենք, որ ՀՀ բարձրագույն կրթական համակարգի գլխավոր խնդիրներից մեկը ուսանողների վարձերի, կրթաթոշակների հետ ունեցած խնդիրներն են։  Մեկ տարվա ընթացքում մենք հասցրել ենք մի քանի ուսանողների օգնել, որ շարունակեն իրենց ուսումը, բայց դա շատ քիչ է, դրա համար մենք որոշեցինք ձեռնամուխ լինել ՀՀ-ում առաջին ուսանողաստեղծ հիմնադրամի ձևավորմանը։ Ես հուսով եմ, որ մենք սեպտեմբերին արդեն կկարողանանք շատ ուսանողների օգնել։ Շուտով ավելի մանրամասն կանդրադառնանք հիմնադրամի նպատակներին և գործիքակազմին։ Պետք է միշտ զբաղվել դրական գործով, պետք է փորձել օգնել քեզ շրջապատող միջավայրին։ Միայն այդ դեպքում ես դու քեզ պիտանի զգում»։
14:44 - 21 հունիսի, 2019
ՀՀ-ում այն արժանապատվության մթնոլորտը չկա, որի համար ես պայքարում էի․ Դավիթ Պետրոսյան

ՀՀ-ում այն արժանապատվության մթնոլորտը չկա, որի համար ես պայքարում էի․ Դավիթ Պետրոսյան

«Ռեստարտ» ոսւանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող բողոքի գործողություններին ես առաջին հերթին միացա՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների ոտնահարված արժանապատվությունն ու հեղափոխությունը ինձ համար նախ և առաջ արժանապատվության կռիվ էր։Բայց ինձ համար փաստ է, որ այժմ ՀՀ-ում այն արժանապատվության մթնոլորտը չկա, որի համար ես պայքարում էի։Հեղափոխության օրերին, երբ իմ ու ընկերոջս վրա հարձակվեցին 25 հոգանոց խմբով ու հայհոյեցին, այդ գործը հեղափոխված Հայաստանում կարճվեց։ Այժմ երբ սոցցանցերում էլի տարատեսակ հայհոյանքներ են լինում, ինձ ասում են հանգիստ եղեք, կոչեր անում ընդդեմ բռնության, երբ նախկին ռեժիմի սպասավորները մեզ վրա դնում են ոչ իրավաչափ հոդվածներ ու ամբողջ ուժային համակարգը աշխատում է նույն տրամաբանությամբ, ես զգում ու հասկանում եմ, որ ինչ-որ բան նորմալ չէ։Նախկին ռեժիմի ծառաները ինձնից ու իմ ընկերներից են մուռ հանում, որ իրանք էլ չեն կարող թալանել ու փորձում են մեզ սադրել ու հյուծել։Պետությանն է պատկանում լեգիտիմ բռնություն իրականանցելու իրավունքը ու եթե նա դա չի անում, ապա երկրում քաղաքացիները ուղղակի հյուծվելու են, բայց ես չեմ պատրաստվում հյուծվել։ Ֆեյսբուքում բարոյական կոչեր գրելը քիչ է, դուք ստացել եք մանդատ ու ունեք լեգիտիմություն լինել արդար ու վճռական։Չի կարելի թողնել, որ քաղաքացիներին ստորացնեն, դատեն Սերժի դատավորներըը ու լինել հանգիստ՝ ասելով, որ ուրիշ տարբերակ չկա։ Հեղափոխությունից մեկ տարի անց, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեցին, մենք նոր հասկացանք, որ դատարանները նույնն են ու տվեցինք արձագանք։ Բայց, ընկերներ, մենք արդեն արձագանքել ենք հեղափոխության ժամանակ ու մեր արձագանքը եղել է շատ հստակ, հիմա արդեն գործելու ժամանակն է։ Չի կարելի սպասել, որ քաղաքացիներին հյուծեն, սադրեն ու հետո նոր արձագանքել։ Իշխանությունների իրավունքը ու պարտականությունը զուտ արձագանքելը չպետք է լինի։ Ես չեմ համակերպվելու։ Ես տեսել ու տեսնում եմ շատ դրական բաներ, բայց և տեսնում եմ բացասականը ու դրան արձագանքելու եմ համարժեք ձևով»։
10:33 - 05 հունիսի, 2019
Հանձնե՛ք բուֆետները համալսարաններին․ «Ռեստարտ» նախաձեռնություն

Հանձնե՛ք բուֆետները համալսարաններին․ «Ռեստարտ» նախաձեռնություն

Համալսարանների ձեռնարկատիրական գործունեությունն այսօր այնքան էլ լավ վիճակում չէ, իսկ սրան զուգահեռ համալսարանները իրենց եկամուտների առյուծի բաժինը ծախսում են աշխատավարձեր վճարելուն։ Այս մասին գրված է «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքի պաշտոնական էջում։ Նախաձեռնության գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Մեր ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ պետական խոշոր բուհերի տարեկան բյուջեների միջին հաշվարկով 75 – 80 տոկոսը /ՀԱԱՀ, ՀՊՏՀ, ՀՊՄՀ, ԵՊՀ/ տրամադրվում է աշխատավարձային ծախսերին։ Հընթացս, բուհերը ամեն տարի իրականացնում են ապրանքների և ծառայությունների գնումներ, որոնք անհրաժեշտ են ուսումնական հաստատությունների բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Ներկայումս բուհերի համար հիմնական մարտահրավերներից է եկամտաբեր ֆինանսական քաղաքականության իրականացումը, որը բուհերի զարգացման համատեքստում անկյունաքարային դրույթներից է։ Ֆինանսական հաջող քաղաքականություն իրականացնելու համար բուհերը պետք է զարկ տան ձեռնարկատիրական գործունեությանը, որպեսզի մեծ մասամբ կախված չլինեն վճարովի համակարգում սովորողների ուսման վարձերից։ Օրինակ՝ 2017-2018 ուստարվա ԵՊՀ-ի տարեկան բյուջեի մոտ 70 տոկոսը գոյացել է հենց վճարովի համակարգում սովորողների ուսման վարձերից, մոտ 20 տոկոսը՝ պետական հատկացումներից։ Այս թվերից պարզ է դառնում, որ բուհի հիմնական գոյամիջոցը ուսանողների վարձերն են։ Ձեռնարկատիրական գործունեությունը, տարբեր հետազոտական պատվերների իրականացումը և այլն բուհերի համար նույնպես պետք է ծառայեն որպես ֆինանսական աղբյուր և հնարավորություններ ստեղծեն բուհերի զարգացման համար։ Այսպիսով՝ բուհերի ձեռնարկատիրության մաս են հանդիսանում նաև ուսանողական սննդի կետերը։ Եվ, ի պատասխան մեր իրականացրած հարցումների, բուհերը/ ԵՊԼՀ, ՀՊՄՀ, ՀԱԱՀ, ՀԱՊՀ, ԵՊՀ, ԵՊԲՀ/ պատասխանել են, որ սննդի կետերից ստացված գումարները ոչ թե ստանում է տվյալ համալսարանը, այլ պետական մարմինները։ Այսինքն՝ բուֆետներից ստացված եկամուտները համալսարանը չի տնօրինում։ Կարծում ենք, որ սա վատ պրակտիկա է, և եթե սննդի կետերի գործունեության կազմակերպումը /մրցույթի հայտարարություն և այլն/ իրականացնում են բուհերը, ապա վերջիններս պետք է ստանան նաև այդ բուֆետների վարձակալությունից ստացված գումարները։ Մենք այս առիթով ցանկանում ենք հանդիպել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչների հետ և առաջարկել նրանց, որ մեր կողմից բարձրաձայնված խնդիրը քննարկվի կառավարության նիստի ժամանակ։ Հուսով ենք՝ ՀՀ Կառավարությունը, կարևորելով բուհերի ձեռնարկատիրական գործունեության բարձր դերը և նշանակությունը պետական բուհերի համար, կընդունի մեր առաջարկը, և համալսարանական բուֆետները կվերադարձվեն համալսարաններին»։
15:25 - 27 մայիսի, 2019