ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով տուժող, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանի բողոքը։
Այս մասին Infocom-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք՝ 2022 թ․ հունիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, վճռել էր արդարացնել նախաձեռնության 6 անդամներին մեղսագրվող հանցանքի՝ Նարեկ Մալյանի առեւանգման փորձի մեջ։ Դատավճռի հրապարակումից հետո Դատախազությունն ու Մալյանը դրա դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռն ու տղաներին մեղավոր ճանաչել։ Այս տարվա մարտի 2-ին Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, կազմով դատավորներ Արսեն Նիկողոսյանի եւ Վազգեն Ռշտունու, անփոփոխ էր թողել արդարացման դատավճիռը՝ այդպիսով մերժելով Գլխավոր դատախազության եւ տուժող կողմի բողոքները։
Դրանից հետո Դատախազությունը որոշել էր վճռաբեկ բողոք չներկայացնել, իսկ Նարեկ Մալյանը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան։
Մալյանը, ի թիվս այլնի, նշել էր, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ կամ առերեւույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որեւէ փաստական կամ իրավական հանգամանք։ Միաժամանակ, ըստ Մալյանի, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար կամ առերեւույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետեւանքով կամ առերեւույթ որեւէ լուրջ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը: Մալյանը նաեւ նշել էր, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ Համլետ Ասատրյանի, մասնակցությամբ դատավորներ Սերժիկ Ավետիսյանի եւ Արթուր Պողոսյանի, որոշել է, որ բողոքաբերը չի բերել բավարար հիմնավորումներ այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ կամ առերեւույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որեւէ փաստական կամ իրավական հանգամանք։ Միաժամանակ, ըստ Վճռաբեկ դատարանի, բողոքաբերը չի հիմնավորել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, եւ որ առերեւույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետեւանքով կամ առերեւույթ որեւէ լուրջ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը:
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե Վճռաբեկ դատարանը գալիս է հետեւության, որ վարույթ ընդունելու՝ նույն օրենսգրքով սահմանված պայմանների հիմնավորումները բավարար չեն:
Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտել այն կայացնելու օրը՝ հուլիսի 3-ին։ Այսպիսով, ուժի մեջ է մտել նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի արդեն նախկին դատավոր (ԲԴԽ-ն օրերս դադարեցրեց նրա լիազորությունները) Դավիթ Հարությունյանի կայացրած արդարացման դատավճիռը։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)