armenpress.am: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մոտեցել են այն հարցի լուծմանը, որ պետք է ստեղծել եվրասիական տարածաշրջանում գործակալություններ, որոնք կիրականացնեն նախագծեր՝ ուղղված ինտեգրացման գործընթացների խորացմանը:
Այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը:
«Առաջին փուլը Միության կայացման գործում հաջողությամբ ավարտվել է, այն է՝ նորմատիվային բազաների ստեղծում, կարգավորող նորմատիվային ակտերի միջազգային մակարդակով համաձայնություն, որոնք կստեղծեն անհրաժեշտ իրավական դաշտ ինտեգրացման գործընթացները խթանելու համար:
Մենք անցել ենք երկրորդ՝ հստակ նախագծերի իրականացումը ակտիվացնելու փուլին, նախագծեր, որոնք ուղղված են խորացնելու ինտեգրացիոն գործընթացը, մասնավորապես՝ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ստեղծման նպատակը հենց այդ խնդիրը լուծելն է: Մի կողմից՝ կլինեն նախաձեռնություններ, որոնք կառաջարկեն անդամ երկրների կառավարությունները և մյուս կողմից՝ կլինեն մասնավոր հատվածի նախաձեռնություններ, այնպիսի առաջարկներ, որոնք պարունակում են ինտեգրացիոն բաղադրիչներ»,- ասաց Սարգսյանը:
Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալի խոսքով՝ իրենց հիմնական նպատակն է օգնել ազգային կառավարություններին իրականացնել թվային բարեփոխումներր, երկրների հաջող փորձի ընդլայնումը եվրասիական տարածաշրջանում, ինչպես նաև մասնավոր հատվածի նախաձեռնությունների իրագործումը:
«Տեղեկացնեմ, որ օգոստոսի 20-ին դիմել ենք ազգային կառավարություններին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել թվային նախագծերի վերաբերյալ, որոնք իրենք հաջող են համարում, որոնք իրագործվել են անդամ երկրներում և որոնք, կառավարությունների կարծիքով, նպատակահարմար է ընդլայնել ողջ ԵԱՏՄ-ի տարածքում: Երկրորդ մեր խնդրանքը, որպեսզի մեզ տրամադրեն նոր նախագծեր, որոնք անհրաժեշտ են համարում իրականացնել, և որտեղ բանկը կարող է օգնել ազգային կառավարություններին դրանց իրականացմանը»,- եզրափակեց Սարգսյանը:
Սեպտեմբերի 2-ին մեկնարկել է Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» առաջին նախաձեռնությունը. ԵԱՏՄ երկրների համար հայտարարվեց COVID-19- ի դեմ պայքարի թվային ինտեգրացիոն լավագույն լուծումների մրցույթ:
comment.count (0)