Կորոնավիրուսի հետ կապված զանգերը կտրուկ նվազել է. գնդապետն ամփոփեց ԱԻՆ բժիշկների կատարած աշխատանքը |armenpress.am|
12:30 - 05 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի հետ կապված զանգերը կտրուկ նվազել է. գնդապետն ամփոփեց ԱԻՆ բժիշկների կատարած աշխատանքը |armenpress.am|

armenpress.am: ԱԻՆ  փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը այս տարվա փետրվարից սկսած ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներում։Այս ընթացքում վարչության աշխատակիցները իրականացրել են կոնտակտավոր քաղաքացիների տեղափոխում մեկուսարաններ, տրամադրել են բժշկական խորհրդատվություն, ինչպես նաև մասնակցել են տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներին։ 

Այս մասին ասաց ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Կարեն Աթոյանը։

Ըստ Աթոյանի՝ վարչությունը մշակել և արտակարգ իրավիճակների նախարարի հաստատմանն է ներկայացրել մի շարք հրամաններ` փրկարարների անվտանգությունը կորոնավիրուսից ապահովելու համար:

«Այս պահին դրությամբ՝ ԱԻՆ աշխատակիցների շրջանում ունենք 5 հիվանդ, 19 ինքնամեկուսացված անձ։ Ընդհանուր ունեցել ենք 96 հիվանդ, 407 ինքնամեկուսացված անձ»,- նշեց գնդապետը։

Աթոյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում «911» ծառայության միջոցով բնակչությանը տրվել է 4882 խորհրդատվություն, որից  2245 կապված էր կորոնավիրուսի դեպքերի հետ: Բացի այդ, ըստ գնդապետի, վարչության բժիշկները և բուժաշխատողները երկու ամիս հերթապահություն են իրականացրել Առողջապահության նախարարարության թեժ գծում։

Աթոյանի խոսքով՝ սկզբնական շրջանում ազգաբնակչությունը հիմնականում տեղեկացված չէր կորոնավիրուսի մասին, որի հետևանքով կար անհագստություն և տագնապ։

«Երբ կորոնավիրուսի դեպքերի թվերը ավելանում էր, բնակչության մոտ անհանգստությունը ավելի էր մեծանում, թվերի նվազման հետ զուգահեռ լարվածությունը թուլացավ։ Բացի այդ, ազգաբնակչությունը հասկացել է, որ երկար պետք է ապրեն կորովիրուսի հետ և միակ ճանապարհը հակահամաճարակային կանոնները պահելն է, այն է՝ սոցիալական հեռավորություն պահպանելը, դիմակ կրելը և ձեռքերը ախտահանելը։ Հիմա իրավիճակը հանգիստ է, զանգերի թիվը կտրուկ նվազել է»,- եզրափակեց գնդապետ Կարեն Աթոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել