pastinfo.am: ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Գևորգ Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և մերժել պաշտպանի ներկայացրած՝ Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը։ Այս մասին
Ասաց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ որոշման համար հիմք է ծառայել բացառապես այն հանգամանքը, որ Գևորգ Լոռեցյանին մեղսագրվում է առանձնապես ծանր հանցանք: Սահակյանն ուշագրավ համարեց, որ նախաքննության ընթացքում կալանքի երկարացմանը վերաբերող դատական նիստերի ընթացքում քննիչը շահարկել էր, որ դեռևս կան չհարցաքննված վկաներ, որոնք աշխատում են ԿԳՄՍ նախարարությունում և Լոռեցյանը կարող է նրանց նկատմամբ ապօրինի ազդեցություն ունենալ և դատարանը, հաշվի առնելով նաև այդ հանգամանքը, Լոռեցյանին թողնում էր կալանքի տակ:
«Այսօր շուրջ 10 ամիս քննված գործի արդյունքում մեղադրական եզրակացությանը կից ներկայացված դատակոչի ցուցակում ընդգրկվել են ընդամենը 4 վկան, որոնցից միայն մեկն է հանդիսանում նախարարության աշխատակից, որն էլ որևէ էական հանգամանքի մասին ցուցմունք չի տվել: Այլ կերպ ասած՝ գործը դատարան ուղարկվելուց հետո պարզ դարձավ, որ դատարաններում շարունակ շահարկվել են իրականությանը չհամապատասխանող փաստեր Լոռեցյանի ազատությունը սահմանափակելու նպատակով և չկան վկաներ, որոնց նկատմամբ նախկին փոխնախարարը կարող է ազդեցություն ունենալ»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ դատարանի որոշումն անհիմն է, պայմանավորված է միայն առաջադրված մերկապարանոց մեղադրանքի ծանրությամբ և այն անպայման բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան:
«Հույսով ենք, որ Վերաքննիչ դատարանում տվյալ հարցի քննությունը կիրականանա դռնբաց դատական նիստով ու ևս մեկ անգամ չի խախտվի Գևորգ Լոռեցյանի արդար ու հրապարակային դատաքննության իրավունքը»,- նշեց Սահակյանը:
Արձանագրենք, որ թեև քրեական գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում, դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է դռնփակ ռեժիմով քննել արդեն դատարանի վարույթում գտնվող քրեական գործով մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու, փոխելու կամ վերացնելու վերաբերյալ հարցը։
Լևոն Սահակյանն ասաց, որ թե՛ մեղադրող դատախազը, թե՛ ինքը կողմ էին, որ խափանման միջոցի հարցը քննարկվի դռնբաց ռեժիմով, ավելին՝ ինքը միջնորդություն էր ներկայացրել դատական նիստը դռնբաց ռեժիմով անցկացնելու մասին, իսկ դատախազը չի առարկել միջնորդությանը՝ գտնելով, որ նիստը պետք է դռնբաց լինի։
Այդուհանդերձ, դատարանը գտել է, որ խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի դռնփակ։ Համեմատության համար նշենք, որ մի շարք աղմկահարույց գործերով, օրինակ՝ Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով և մի շարք այլ քրեական գործերով, գործը՝ դատարան ուղարկելուց հետո դատարանը խափանման միջոցի հարցը քննել է դռնբաց ռեժիմով։
Արձանագրենք նաև, որ ՍԴ-ն իրավական դիրքորոշում է հայտնել՝ կարևորելով, որ այս փուլում դատարանը պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ անձի՝ լսվելու (անձամբ պաշտպանվելու) իրավունքի իրացումն ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ դատական բողոքարկման (ստուգման) հետագա ընթացակարգերում։
Ավելին՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ԲԴԽ-ն որոշում էր կայացրել, որ կողմնակի անձանց ներկայությունը դատական նիստերի դահլիճում բացառելու համար հանրությանը հետաքրքրող քրեական գործերով ԶԼՄ-ները պետք է ապահովեն ուղիղ հեռարձակումը և նիստերի լուսաբանումը, մինչդեռ, արդեն երկրորդ դեպքն է, ինչ դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ չի տալիս լրագրողներին մուտք գործել նիստերի դահլիճ։
Մեկ այլ՝ Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյանի վերաբերյալ քրեական գործով դատավորը կրկին թույլ չէր տվել ԶԼՄ ներկայացուցիչներին գտնվել դատական նիստերի դահլիճում այն դեպքում, երբ այդ քրեական գործն արդեն գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։
Շարունակությունը՝ pastinfo.am-ում
comment.count (0)