ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստվում է պատերազմ հրահրելու

 |armenpress.am|
11:07 - 22 սեպտեմբերի, 2020

ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստվում է պատերազմ հրահրելու |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի կարծիքով՝  Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարությունների վերջին հայտարարությունները, օգոստոսին անցկացված համատեղ զորավարժությունները փաստում են այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ պատրաստվում է պատերազմ հրահրել, տանում է նախապատրաստական աշխատանքներ:Աբովյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում:

Պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանի նախագահը, Թուրքիայի նախագահը, այդ երկրների արտգործնախարարները, ռազմական ղեկավարությունները շատ ակտիվ տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ են վարում այն ուղղությամբ, որ հնարավոր է նոր ռազմական սադրանքների գնան: Աբովյանը հիշեցրեց, որ օգոստոսին Թուրքիան ու Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ անցկացրեցին Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում: Նա  նկատեց նաև, որ նաև արաբական, եվրոպական մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ Թուրքիան շատ ակտիվորեն Ադրբեջանում տեղակայում է իսլամիստական գրոհայինների, ահաբեկիչների: «Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը բնավ կապ չունի բանակցային պրոցեսի հետ: Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ, տանում է շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ: Այսօր իրավիճակը կարդինալ տարբեր է: Առաջին անգամ Թուրքիան ռազմական իր ներգրավվածությունը, մասնակցությունը գործընթացներում ոչ թե բացառում է կամ քողարկված է գործում, այլ հստակ, ուղիղ հայտարարում է, որ ներգրավված է լինելու ենթադրվող պրոցեսներին»,-ասաց պատգամավորը:

Աբովյանը կարևոր է համարում, որ Հայաստանն առաջին հերթին բոլոր հնարավոր և անհնարին միջազգային խողովակներով և հարթակներում բարձրացնի այդ հարցը: «Մենք ունենք ապացույցները, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ փորձում է կրկին ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում»,-նշեց պատգամավորն ու հավելեց՝ Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պետք է ստիպեն հայկական կողմին թե բանակցությունների սեղանին, թե առհասարակ միջազգային ասպարեզում դիվանագիտական առումով ավելի հետևողական ու ագրեսիվ լինել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել