Այժմ շատ անհրաժեշտ է միջազգային հանրության հստակ արձագանքը․ Լիտվայում Հայաստանի դեսպան
20:20 - 29 սեպտեմբերի, 2020

Այժմ շատ անհրաժեշտ է միջազգային հանրության հստակ արձագանքը․ Լիտվայում Հայաստանի դեսպան

Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի մեկնաբանությունները լիտվական republika.lt պարբերականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ․

«Այս հակամարտությունը դարերի պատմություն ունի: Վերջին անգամ ընթացիկ տարվա հուլիսի կեսերին Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի վրա, որից հետո սպառնալիքի մակարդակը կտրուկ աճեց։ Հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին Ադրբեջանը համատեղ զորավարժություններ սկսեց Թուրքիայի հետ, որից հետո թուրքական զորքերը մնացին Ադրբեջանի տարածքում: Դրանից կարճ ժամանակ անց ծայրաստիճան սպառնալից և ռազմատենչ հռետորաբանություն լսվեց ինչպես Թուրքիայից, այնպես էլ Ադրբեջանից:

Սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը բավական ռազմատենչ ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության ամբիոնից՝ գործնականում բացահայտ սպառնալով ռազմական գործողություններով: Մի քանի օր անց Թուրքիայի օգնությամբ նրանք ռազմական գործողություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղի դեմ: Թուրքական F16 կործանիչ ինքնաթիռներն ու թուրքական անօդաչու թռչող սարքերը անընդհատ թռչում են Լեռնային Ղարաբաղի ողջ ռազմաճակատի երկայնքով՝ ուղղորդելով իրենց հրետանային կրակը:

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի բանակը, հայկական ստորաբաժանումների հետ միասին, հաջողությամբ հետ է մղում ադրբեջանական բանակի հարձակումները: Իհարկե, նրանց կողմից անընդհատ ինտենսիվ քարոզչություն կա, ասելով, որ նրանք գրավել են Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ տարածքը, բայց դա, բնականաբար, չի համապատասխանում իրականաությանը: Իրականում ակզբում նրանց հաջողվել է գրավել մի քանի բարձունք, բայց այսօր առավոտյան (երկուշաբթի օրը) հայկական ուժերը կրկին հսկողություն են սահմանել կորսված դիրքերի նկատմամբ:

Այնուամենայնիվ, իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ շատ լարված, և դեռևս լավ բան չի կարելի ասել:

Ուստի, այժմ շատ անհրաժեշտ է միջազգային հանրության հստակ արձագանքը, և հատկապես բոլոր այն երկրների կողմից, ովքեր ցանկանում են խաղաղություն ունենալ մեր տարածաշրջանում: Ընդհանրապես, բոլոր դիվանագետները կողմ են, որ ոչ մի կողմ ռազմական ուժ չկիրառի, բայց այս պարագայում կա հստակ ագրեսոր, այսինքն՝ Ադրբեջանը։ Եթե ​​փորձ է արվում համեմատել ագրեսորին իր զոհի հետ, ապա արդյունք չի լինի, քանի որ ագրեսորն իրեն անպատիժ է զգում: Դա տեղի ունեցավ 2016-ի ապրիլից հետո, երբ Ադրբեջանը փորձեց ագրեսիվորեն հարձակվել Լեռնային Ղhարաբաղի վրա, և դա տեղի ունեցավ այս տարվա հուլիսին, և դա տեղի է ունենում հիմա:

Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ (Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա), որը հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով և առաջարկել է հրադադարի խախտումներն արձանագրող հստակ մեխանիզմ: Այս մասին արդեն խոսվել էր հուլիսին, և շատ ավելի վաղ և բոլոր տրամաբանական առաջարկները վաղուց դրված են բանակցությունների սեղանին, բայց Ադրբեջանն անընդհատ անտեսում է խաղաղ համաձայնության հասնելու ցանկացած փորձ:

Նրանք պարզապես չեն ընդունում այդ մեխանիզմները և ուղղակի ասում են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է առանց վերապահումների: Եվ քանի դեռ նրանք համառում են, բանակցությունները տեղի չեն ունենա: Ըստ ամենայնի, Ադրբեջանը դեռ փայփայում է այս հակամարտությունը իր օգտին ուժով լուծելու հույսը, ուստի մերժում է խաղաղ բանակցությունների ցանկացած առաջարկ և ասում, որ միջազգային հանրությունը բացարձակապես ոչինչ չի ձեռնարկում հակամարտությունը կարգավորելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել