ԼՂ Հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար. Դունյա Միյատովիչ

 |armenpress.am|
20:52 - 01 հոկտեմբերի, 2020

ԼՂ Հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար. Դունյա Միյատովիչ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել ադրբեջանական և հայկական կողմերին դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ նշելով, որ հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրոպայի խորհրդի կայքից:

«Ես խորապես ցավում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախման վերսկսման համար, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի», - ասել  է Դունյա Միյատովիչը:

Նա պետություններին հիշեցրել է նաև կյանքի իրավունքը պաշտպանելու և բնակչությանը խոշտանգումներից և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից, պատժից պաշտպանելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորության մասին՝ շեշտելով, որ հակամարտության սրումը լուրջ վտանգ է ներկայացնում այդ իրավունքների համար:

«Ես կցանկանայի շեշտել հակամարտության գոտուց օբյեկտիվ լրատվության հաղորդման կարևորությունը, քանի որ սխալ հաղորդումը և քարոզչությունը կարող են միայն հետագայում լարել լարվածությունը: Ես կոչ եմ անում ԶԼՄ-ներին ՝ հակամարտության մասին ռեպորտաժներ պատրաստելիս՝ առաջնորդվել լրագրողական էթիկայի և արհեստավարժության հնարավոր բարձրագույն չափանիշներով»,-նշել է նա:

Միյատովիչը երկու կողմերին էլ կոչ է արել դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Դա միակ միջոցն է ՝ փրկելու զինվորականների և քաղաքացիականների կյանքը և պաշտպանելու խաղաղ բնակչությանը նոր ռազմական բախման կործանարար ազդեցությունից»,-ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել