Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնամուխ է եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը․ ՀՀ ԱԳՆ
17:39 - 02 հոկտեմբերի, 2020

Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնամուխ է եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ․

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է հանցավոր կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Այս անգամ հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին և Հադրութ քաղաքին, որի հետևանքով եղել են վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: 

Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի զինված ուժերը, անկարող լինելով վեցօրյա մարտերի ընթացքում հասնել որևէ հաջողության մարտի դաշտում, ձեռնամուխ են եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը:

Հարձակումները մեծամասամբ իրականացվում են Թուրքիայի կողմից ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Ադրբեջանին տրամադրված զինտեխնիկայի և սպառազինության օգտագործմամբ և թուրքական ռազմական մասնագետների համակարգմամբ:

Միաժամանակ, փորձելով արդարացնել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային հումանիտար իրավունքի այս և այլ կոպիտ խախտումները` Ադրբեջանը ստահոդ լուրեր է տարածում իբր թե հայկական կողմից իր քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է ադրբեջանա-թուրքական դաշինքի այս հանցագործությունը և վերահաստատում իր վճռականությունն Արցախի իշխանությունների հետ համատեղ բոլոր միջոցներով չեզոքացնելու Արցախի ժողովրդին ուղղված գոյութենական ցանկացած սպառնալիք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել