Մեր գոյության թիվ մեկ երաշխավորը կա եւ կմնա մեր կամքը, մեր բանակը․ Ռուբինյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին
 |armtimes.com|
13:21 - 06 հոկտեմբերի, 2020

Մեր գոյության թիվ մեկ երաշխավորը կա եւ կմնա մեր կամքը, մեր բանակը․ Ռուբինյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին |armtimes.com|

armtimes.com: Այս պատերազմի 2-րդ, 3-րդ օրերից սկսած՝ միջազգային խաղացողների շրջանում Ղարաբաղի հակամարտության ընկալման վերաբերյալ մեզ ձեռնտու փոփոխություն եղավ։ Աշխարհն ընդունեց այն փաստը, որ Թուրքիան ներգրավված է հակամարտության, պատերազմի մեջ, ընդհուպ՝ ֆիզիկապես։

Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Իր խոսքում նա նաեւ ընդգծեց տեռորսիտների ներգրավվածության փաստը, որի ընդունումը աշխարհի կողմից դիվանագիտական առումով մեզ համար դրական է եւ մեծ հնարավորությունների տեղ է բացում։

«Բայց ուզում եմ շեշտել, որ հիմա, անկախ դիվանագիտական հաջողություններից, ամենակարեւորը ռազմաճակատում եւ թիկունքում պինդ կանգնելն է, որովհետեւ մեր դիվանագիտությունը կարող է հաջողել միայն այն դեպքում, երբ մենք եւ մեր ԶՈՒ-ն պինդ կանգնած լինենք»,- ասաց պատգամավորը։

Խոսելով նաեւ դաշնակից պետությունների մասին, պատգամավորը վստահեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, առաջին հերթին՝ Ռուսաստանը, կկատարեն իրենց կարեւոր դերը այս տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։

Հարցին, թե այսօրվա անդորրը կարո՞ղ է կապված լինել այդ հայտարարությունների հետ, Ռուբինյանը պատասխանեց, որ դեռ շատ վաղ է հաստատել՝ անդո՞րր է, թե՝ ոչ։ «Պատերազմ է, թեժ է, այո, այս պահին հարաբերական անդորր է, բայց պետք է հասկանանք, որ սա պատերազմ է, հայրենական թեժ պատերազմ, որում մենք պիտի կանգնենք մինչեւ վերջ»,- հավելեց պատգամավորը։

Խոսելով ՀԱՊԿ-ին դիմելու մասին, Ռուբինյանը նախ եւ առաջ ընդգծեց, որ մեր շահերի, մեր գոյության թիվ մեկ երաշխավորը կա եւ կմնա մեր կամքը, մեր բանակը։ Իսկ եթե հարկ լինի դիմել ՀԱՊԿ-ին, ապա կդիմեն, առայժմ դրա անհրաժեշտությունը պատգամավորը չի տեսնում։

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել