30 տարի է լսում ենք հեքիաթը, որ Հայաստանին օգնում են քուրդ զինյալները․ մեկ ապացույց երբևէ չեն տվել․ Արծրուն Հովհաննիսյան
23:03 - 07 հոկտեմբերի, 2020

30 տարի է լսում ենք հեքիաթը, որ Հայաստանին օգնում են քուրդ զինյալները․ մեկ ապացույց երբևէ չեն տվել․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ-ն, Արցախի իշխանությունները ամեն ինչ անում են, որ հստակեցված, հնարավորինս անսխալ ցուցական տվյալներ լինեն, բայց պատերազմ է, որը շատ է դժվարացնում հստակ տվյալներ հասցնել, դրա համար շատ հաճախ չենք շտապում։ Այս մասին այսօր Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում հրամանատարը չի էլ հասցնում ամփոփել կորուստները միանգամից, որովհետև ամեն րոպե իր գլխին արկ է ընկնում»,- հավելեց նա։

Անդրադառնալով Թուրքիայի՝ այս հակամարտությունում միջամտության հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ փաստեր կան, որ թուրքական ղեկավարությունը իրականացնում է հարվածների պլանավորումը։

«Կոնկրետ օդային հարվածները լիովին ղեկավարում են, վերահսկում են թուրքական ԶՈՒ-ի համապատասխան ներկայացուցիչները։ Հստակ փաստեր ունենք, որ որպես հետախույզներ, պլանավորողներ կիրառվում են թուրքական սպաները, բայց առանձին թուրքական ստորաբաժանումների կիրառության մասին փաստ այս պահին չունենք»,- հավելեց նա։

Այսօր Վրաստանի տարածք ընկած ԱԹՍ-ների մասին հարցին պատասխանելով՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չունի, բայց ինչպես վտանգված է Իրանի սահմանը, նույնկերպ վտանգված է նաև Վրաստանի սահմանը, և բացառել պետք չէ։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե թուրքական մամուլը գրում է, որ հայկական կողմը քուրդ զինյալներ է կիրառում, Հովհաննիսյանն հստակ ասաց․

«Մենք 30 տարի է լսում ենք հեքիաթը, որ Հայաստանին օգնում են քուրդ զինյալները։ Գեթ մեկ ապացույց երբևէ չեն տվել։ Մեր ԶՈՒ-երը քրդերի կարիք չունեն։ Մենք, ի տարբերություն թուրքերի, մենք մեր հողը մեր արյան գնով ենք պաշտպանում, ոչ թե ուրիշի»։

Արտասահմանցի լրագրողներից մեկն էլ հարց բարձրացրեց, որ թույլ չի տրվում այցելել վիրավոր զինծառայողներին։ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց, որ վիրավորների համար և՛ զինվորական, և՛ քաղաքացիական հոսպիտալներն են օգտագործվում։

«Բժիշկները դեռ 2016-ին դժգոհում էին, որովհետև լրագրողների այցը խանգարում էր իրենց աշխատանքին։ Մենք փորձում ենք այնպես անել, որ բժիշկներին որևէ բան չխանգարի իրենց աշխատանքում»,- եզրափակեց ՊՆ ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել