Ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում այլևս գոյություն չունի։ Ինչպես գրում է ria-ru-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ես փոխել եմ ստատուս-քվոն։ Այնտեղ՝ մարտի դաշտում այլևս ստատուս-քվո չկա», ասել է նա ժողովրդին ուղղված ուղերձում։
Երկրի ղեկավարը նշել է, որ Բաքուն Երևանին «վերջին հնարավորությունն է տալիս» վերադառնալ բանակցությունների ձևաչափին եւ զորքերը դուրս բերել տարածաշրջանից: Նա ավելացրել է, որ այժմ Ղարաբաղում մարտեր կան բոլոր ուղղություններով, իսկ Ադրբեջանի զինված ուժերը «ուժեղացնում են իրենց դիրքերը»:
«Մենք բռնազավթիչին, ագրեսորին պարտադրում ենք խաղաղություն: Մենք նրանց ցույց տվեցինք, որ մարտի դաշտում և բանակցությունների սեղանին մենք նրանց հաղթում ենք։ Նրանք տեսան մեր ուժը, մեր կամքը։ Ոչ մի ուժ չի կարող մեզ շեղել մեր ճիշտ ճանապարհից։ Ոչ մի պետություն չի կարող ազդել մեր կամքի վրա»,- շեշտել է Ալիևը։
Ինչպես նշել է Ադրբեջանի ղեկավարը, Երևանը պետք է կատարի Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը և այնտեղից դուրս բերի իր զորքերը:
Դրա հետ մեկտեղ, Ալիևը չի համաձայնել այն մտքի հետ, որ կոնֆլիկտը չունի ռազմական լուծում։
«Համարյա 30 տարի բանակցություններ են եղել։ Առաջընթաց կա՞: Մեզ վերադարձրե՞լ են մեր հողերից գոնե 1 սանտիմետր։ Ոչ», - մատնանշել է նա։
Ալիևի խոսքով՝ հարցը լուծվում է «ռազմական ճանապարհով», հետո` «քաղաքական»։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ այսօրվա հանդիպումը Մոսկվայում պետք է «շատ բան պարզի» և որոշի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները:
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի։
comment.count (0)