Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է․ Արծրուն Հովհաննիսյան
21:41 - 09 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է․ Արծրուն Հովհաննիսյան

Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում ազդեցություն ունի օտար պետության, թեկուզ իրենց համար դաշնակից պետության ռազմական ղեկավարությունը, առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ, որ չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այո, որոշակի մտահոգություն կա այդ առումով, որ ռազմավարական կառավարման համակարգը Ադրբեջանում խաթարված է»,- հավելեց նա։

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելուն պատասխանելու վերաբերյալ հարցին Հովհաննիսյանն ասաց, որ զինվորականները շատ լավ գիտեն՝ մեր ամեն արկը, ամեն փամփուշտը որտեղ օգտագործեն։

«Եթե պատասխանը (Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու - խմբ․) ոմանք ակնկալում են նույնպիսի վանդալիզմ, ապա դա մեր ձեռագիրը չէ»,- նշեց նա։

Հովհաննիսյանը ընդգծեց, որ նախիջևանյան հատվածում մարտական որևէ գործողություններ չկան։ 

Նրա խոսքով՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում, գոնե ըստ իր տեսածի, մարտական գործողությունները բոլոր ճակատներում շարունակվում են առանց որևէ տարբերության։ 

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությանը՝ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ Ալիևի ելույթում բացարձակապես չի տեսնում դիրքորոշման փոփոխություն, հակառակը՝ տեսնում է կապիտուլյացիայի պահանջ։

Հարցին, թե ինչ տեսակի ԱԹՍ-ներ է հակառակորդը կիրառել երեկ Վարդենիսում, Հովհաննիսյանը պատասխանեց․

«Հետախուզական էին, բայց ՊՆ-ն դեռ հստակ պաշտոնական չի հրապարակել։ ԱԹՍ-ների մեջ կան երկակի կիրառության ԱԹՍ-ներ նաև։ Այդպիսի տարանջատումները շատ պայմանական են»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել