Էկոնոմիկայի փոխնախարարը թուրքական ապրանքների ներկրման արգելքի դեպքում գնաճ և դեֆիցիտ չի կանխատեսում |armenpress.am|
18:58 - 17 հոկտեմբերի, 2020

Էկոնոմիկայի փոխնախարարը թուրքական ապրանքների ներկրման արգելքի դեպքում գնաճ և դեֆիցիտ չի կանխատեսում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը շուկայում ապրանքների դեֆիցիտ և գնաճ չի կանխատեսում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավորապես արգելելու դեպքում: Այս մասին Սիմոնյանն ասել է Կառավարության լրատվական ծրագրի հետ զրույցում:

«Առաջարկվում է Հայաստան ներմուծվող թուրքական ծագում ունեցող ապրանքների ժամանակավոր արգելումը, հիմնականում այն ապրանքների, որոնք ունեն վերջնական սպառման նպատակ: Թուրքիան սատարում է Ադրբեջանին ու այդ ֆինանսական միջոցներն ուղղվում են թե' պատերազմին, թե' ահաբեկչական գործողություններին` ընդդեմ Արցախի ու Հայաստանի Հանրապետության: Ապրանքների դեֆիցիտ չի լինելու, կարծում եմ, որ գների թանկացում նույնպես չի լինի, կավելանան ուղղակի այլ շուկաներից ներմուծման ծավալները»,- ասաց Սիմոնյանը:

Էկոնոմիկայի փոխնախարարը հավելեց, որ նախատեսվում է արգելքը կիրառել դեկտեմբերի 31-ից, իսկ կառավարությունն ու նախարարությունը թուրքական ապրանքներ ներմուծող տնտեսավարողներին կօգնեն նույն ապրանքները ներմուծել այլ շուկաներից:

«Դեկտեմբերի 31-ն այն ողջամիտ ժամկետն է, որը թույլ կտա մեր տնտեսավարողներին` վերադասավորվել այլ շուկաներ, եթե ներմուծում են կատարում միայն Թուրքիայից: Այլընտրանքային շուկաներ կան, որովհետև այդ ապրանքատեսակները, որոնք ներմուծվում են, այնպես չի, որ միայն Թուրքիայում են արտադրվում: Համադրելի շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Չինաստանը, Հարավ-արևելյան Ասիայի երկրները»,- նշեց փոխնախարարը:

Սահմանափակման ընդունման դեպքում այն կգործի 6 ամիս ժամկետով, սակայն արգելքը կարող է երկարաձգվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել