Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց Արկադի Անդրեասյանին, որը 2014 թվականի հուլիս-օգոստոսյան հայտնի դեպքերի հերոսներից է, զինհաշմանդամ, որն այս պատերազմում կամավոր մեկնել է առաջնագիծ և մի քանի օր շարունակ մասնակցել մարտական գործողությունների հյուսիսային կողմում, աչքի ընկել հնարամտությամբ, խիզախությամբ և գործողություններով:
«2015 թվականին չավարտեցի ծառայությունս, քանի որ ստացել եմ ականապայթյունային վիրավորում: Այս նենգ պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության իմ զոհված ընկերներների, հրամանատարների, հայ բոլոր նահատակների թափված արյան համար: Մենք պետք է պաշտպանենք մեր երկրի սահմանները, մեր մայրերին, մեր քույրերին, մեր երեխաներին»,- ասաց Անդրեասյանն իր խոսքում։
Նրա խոսքով՝ առաջնագծում բոլոր տղաները մարտական են տրամադրված, բոլորի սրտում, մտքում միայն մի նպատակ կա. այդ նպատակի անունը հաղթանակ է:
«Տարիքով ինձնից փոքր տղաներ կան, որոնք ուղղակի հերոսական կռիվներ են տալիս թշնամու դեմ: Ես, ճիշտն ասած, նրանց այդ աննկուն կամքից ոգևորվել եմ: Այնտեղ սահմանին է մեր ազգի ճակատագիրը: Ամեն մեկս պետք է իմանանք ու գիտակցենք, որ յուրաքանչյուրիվս է կախված մեր ապագան: Մենք պետք է կերտենք այս հաղթանակը մեր միասնականության, մեր ոգու, մեր ուժի և մեր կամքի շնորհիվ»,- նշեց Անդրեասյանը։
Նա ասաց, որ ով ունակ է զենք բռնելու, ով կարողանում է թիկունքում աշխատանքներ կատարել, և ով ուզում է իր պատիվը փրկել, հենց այսօր, հենց հիմա թող կատարի իր վճռական քայլը:
«Մենք ունենք մի առաքելություն այս պատերազմում և պետք է թշնամուն պարտադրենք խաղաղություն, որը պետք է լինի երկարատև»,- եզրափակեց Արկադի Անդրեասյանը։
comment.count (0)