«Սարդարապատն ունի մեկ ելք՝ հաղթանակ»,- Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեզ պարտադրված ներկայիս պատերազմով որոշվում է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության գոյության հարցը, քանի որ թշնամին հետապնդում է Հայաստանը ոչնչացնելու ուղիղ նպատակ։
Մեր ժողովուրդը և նրա բանակը պատերազմի առաջին իսկ օրվանից խորությամբ գիտակցել են այս սարդարապատային իրողությունը և մաքառում են հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։
Այս նոր Սարդարապատն այլևս վերաիմաստավորված է նաև մեր ոսկե սերնդի ինքնազոհաբերությամբ, բացառիկ նվիրվածությամբ և հայրենասիրությամբ։
Այսօր մեր փորձության պահն է։
Օգտվելով ստեղծված ծանր վիճակից, փորձ է արվում փրկության անվան տակ մեզ պարտադրել այսպես կոչված լավրովյան "խաղաղության" ծրագիրը` պարտության ու անպատվության դիմաց։
Այն տխրահռչակ Լավրովյան պլանը, որը նախատեսում է Արցախի մաս֊մաս և ժամանակի մեջ երկարաձգված հանձնում ու հայաթափում, իսկ խորքային առումով՝ նաև Հայաստանի վերջնական պետականազրկում։
Վճռականորեն մերժում ենք Արցախը մեզանից օտարող և մեր պետականությունը փլուզող տարատեսակ լավրովյան պլանները և վերահաստատում ենք, որ Արցախի հիմնախնդրի լուծման միակ տարբերակը 1988֊ին սկսված միացման գործընթացի ամբողջացումն է։
Մենք համոզված ենք, որ.
1) վճռական մենակի հոգեբանությամբ իր Սարդարապատը մղող ժողովուրդը ոչ միայն կհաղթի, այլև ձեռք կբերի իրական դաշնակիցներ,
2) դիմադրելու և դիմանալու դեպքում ոչ միայն հետ կբերենք Արցախի կորցրած տարածքները և ավարտին կհասցնենք Արցախի միացումը, այլև ականատես կլինենք Ադրբեջան կոչվող արհեստական պետության կազմաքանդմանը և հայապատկան նոր տարածքների ազատագրմանը։
Հաղթելո՛ւ ենք։
Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
20 հոկտեմբեր, 2020 թ., Երևան»
comment.count (0)