Էրդողանը ստեղծում է իր ցանցերը՝ ազդելու Ֆրանսիայի քաղաքականության վրա.Ֆրանսուա Պուպոնի |hetq.am|
19:18 - 24 հոկտեմբերի, 2020

Էրդողանը ստեղծում է իր ցանցերը՝ ազդելու Ֆրանսիայի քաղաքականության վրա.Ֆրանսուա Պուպոնի |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի Վալ դ'Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր, նախկին սոցիալիստ Ֆրանսուա Պուպոնին ավելի քան քսան տարի ղեկավարել է Փարիզի արվարձանում գտնվող Սարսել համայնքը: Վերջերս նա հրատարակել է «Հանրապետության Էմիրությունները» գիրքը, որում դատապարտում է իր ընտրատարածքում քաղաքական իսլամի աճող ազդեցությունը: Ֆրանսիական «Մարիան» պարբերականի լրագրող Մարի-Օդ Փանոսյանին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես են Ֆրանսիայում թուրքական միությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ, ազդում տեղական ընտրությունների արդյունքների վրա եւ աստիճանաբար վերցնում իշխանությունը՝ ազդելու Ֆրանսիայում հակաթուրքական տրամադրությունների վրա։ Ստորեւ՝ Սարսելի նախկին քաղաքապետի հարցազրույցը թարգմանաբար։

Դուք ձեր գրքում բացատրում եք, որ թուրքական համայնքը հատուկ տեղ է զբաղեցնում Վալ դ’Ուազում: Ի՞նչ տեղ։

Մոտ տասը տարի առաջ այս դեպարտամենտում, ընդհանուր առմամբ, թուրքական համայնք չկար: Հետո, աստիճանաբար, ընտրված պաշտոնյաները տեսան, թե ինչպես են թուրքերը ժամանում Գուսենվիլ, Գարժ-լե-Գոնես, ապա՝ Սարսել: Նրանք հստակ ցուցադրում էին հաստատվելու իրենց ցանկությունը: Խանութներ բացեցին, ստեղծեցին ձեռնարկություններ, մշակութային և կրոնական միություններ և ստանձնեցին որոշ մզկիթների կառավարումը: Սարսելում Էրդողանին մոտ գտնվող CIMG-ն՝ Milli Gorus իսլամական կոնֆեդերացիան կազմակերպեց համայնքի ժամանումը եւ ձեւավորումը: Դրա ղեկավարները շատ ակտիվ են, հրահանգավորված և ներկայացնում են քաղաքական իսլամը: Նրանք նպաստում են քաղաքում Էրդողանի ցանցերի ստեղծմանը:

Ինչպե՞ս է ֆինանսավորվում այս հաստատությունը:

Համառ լուրեր կան, որ այս ամենի հետեւում կանգնած է Թուրքիան: Ես դրա ապացույցը երբեք չեմ ունեցել: Փոխարենը կարող եմ ձեզ ասել, որ CIMG-ն շատ կարևոր ռեսուրսներ ունի։

Ի՞նչ հարաբերություններ ունի այս համայնքը իր մահմեդական համակրոնների հետ:

Նրանք քաղաքավարի են, բայց ոչ մեկը հիմար չի: Ֆրանսիայի մագրեբյան համայնքը (Մագրեբը արաբական Աֆրիկան է, որը ներառում է Ալժիրը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Մարոկկոն-Հետք) չի ողջունում Թուրքիայի «ժամանումը» Ֆրանսիա, որը փորձում է իշխանությունը վերցնել, այդ թվում՝ մուսուլմանների շրջանում:

Այդ համայնքն այս կամ այն կերպ կապվա՞ծ է թուրքական պետության հետ։

Ես ձեզ մեկ օրինակ բերեմ։ Մի քանի տարի առաջ մի թուրք երգիչ, որը գործունեություն է ծավալում Ֆրանսիայում, Հրանտ Դինքի մարդասպանի տեսքն էր ընդունել՝ հայ լրագրողի, որը սպանվեց Ստամբուլում 2007-ին։ Թուրքական համայնքը ցանկանում էր, որ նա ելույթ ունենա Սարսելում։ Առերեսվելով սադրանքի լրջությանը՝ ես հրամայեցի չեղարկել այդ համերգը: 15 րոպե անց Թուրքիայի հյուպատոսը զանգահարեց ինձ` բողոքելու: Նրանք դատարանում վիճարկեցին իմ որոշումը: Ես հաղթեցի։ Ես երբեք նման բանի չէի բախվել որեւէ ներկայացման համար։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել