tert.am: Երեք պետությունների ղեկավարներ կամ արտաքին գործերի ոլորտը համակարգողներ ընդունել են սիրացի վարձկանների առկայությունը հակամարտության գոտում, և սա կարող է առաջացնել տարբեր հետևանքներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով գերեվարված ահաբեկիչներին ու հարցին, թե միջազգային իրավունքի առումով սա Հայաստանին ի՞նչ է տալիս:
Նրա խոսքով՝ բազմաթիվ կոնվենցիաներով, այդ թվում՝ վարձակնների հավաքագրմանը, ֆինանսավորմանը վերաբերող կոնվենցիաներով նախատեսվում են որոշակի ընթացակարգեր:
«Օրինակ՝ այն պետությունները, որոնք ներգրավված կլինեն ահաբեկչության ֆինանսավորմանը, պարտականություններ ունեն ֆինանսական թափանցիկության, նման երևույթների բացահայտման, հետաքննության, հաշիվների սառեցման շրջանակում: Եթե ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարելու պարտականություն ունեցող պետությունն ինքն է ֆինսանսավորել ահաբեկչությանը կամ զինել վարձկաններին և տեղափոխել հակամարտության գոտի, դա բավականին լուրջ հետևանքներ կարող է առաջացնել բազմաթիվ կոնվենցիաների շրջանակում: Կարող են լինել սանկցիոն միջամտություններ, իրավունքի խախտման ճանաչում հեղինակավոր դատական ատյանների կողմից»,-ասաց նա՝ նշելով, թե կառավարությունում բոլոր հնարավոր իրավական պրոցեսները բավական մանրամասն քննարկվում են:
comment.count (0)