Բանակի զեկույցները լսելով՝ ակնհայտ դարձավ, որ այսպես հետագա շարունակության հետեւանքները լինելու են շատ ավելի ծանր․ Նիկոլ Փաշինյան
11:44 - 10 նոյեմբերի, 2020

Բանակի զեկույցները լսելով՝ ակնհայտ դարձավ, որ այսպես հետագա շարունակության հետեւանքները լինելու են շատ ավելի ծանր․ Նիկոլ Փաշինյան

Եթե ռազմական գործողությունները դադարեցվելու որոշում չկայացվեր, կստացվեր, որ խոսվել է մի բովանդակության մասին, որը ռազմական գործողությունների դադարեցման արդյունքի չի բերել, բայց մարտունակության նվազման է բերել։ Այս մասին ուղիղ երթերում հայտնեց ՀՀ վարշապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես իմ նախորդ տեքստում ասացի, որ այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ, ըստ էության, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը։ Պատկերացնում եք, չէ՞, երբ բանակն ասում է, որ պետք է կանգնել, որովհետեւ մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը կամ չի երեւում, կամ այդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կամ այդ խնդիրների գոյության արդյունքում մենք ունենք որոշակի պրոբլեմներ»,- նշեց նա։։

Վարչապետի խոսքով՝ եղել են այնպիսի դեպքեր, երբ ԶՈՒ զորամասը պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց տվյալ բնակավայրի բնակիչներ փակել են զորամասի դռները, շրջափակել մեքենաները եւ թույլ չեն տվել, որ մեքենաները դուրս գան զորամասից։  

«Այսպիսի դեպքերի արդյունքում մենք ունենում ենք զինվորի գունդը, տեխնիկան առաջնագիծ հասցնելու խնդիր։ Իհարկե, շատ դեպքերում շատ կոշտ միջամտություններ են արվել, որոշ դեպքերում միջամտության հնարավորություն չի եղել։ Նույն պատճառով ոստիկանական կոնտինգենտը նույնպես գործուղված է եղել առաջնագիծ, եւ դրա պատճառով հնարավոր չի եղել նման գործողություններ իրականացնել։ Սա բերել է շատ լուրջ եւ ծանր հետեւանքների»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ մեր հաջորդ խնդիրը զորահավաքային համակարգի պրոբլեմն է։

«Զորահավաքային համակարգը ինչպես է կառուցված․ կա պրոֆեսիոնալ բանակ՝ գործող բանակ, եւ անհրաժեշտության դեպքում իրականացվում է զորահավաք՝ մոբռեսուրս։ Վերջիններս այն մարդիկ են, որոնք քաղաքացիական կյանքից զորահավաքով զորակոչվում են բանակ եւ միանում են ԶՈՒ-ին՝ խնդիրներ իրականացնելու համար։ Եւ փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք, այնքան էլ պատրաստ չեն լիարժեք մասնակցելու ռազմական գործողությունների, նրանք արագ կորցնում են մարտունակությունը, ինչը խնդիրներ է առաջացնում»,- ասաց նա։  

Վարչապետի խոսքով՝ նույնը վերաբերում է նաեւ կամավորականների որոշակի շերտի, որոնք քաղաքացիական կյանքից կամավոր եկել են, բայց ինչ-որ պահի նրանց մոտ մարտունակության խնդիրներ են առաջացել։

«Սա չի նշանակում, որ մոբռեսուրսով եւ կամավորներով ներգրավված բոլոր մարդիկ նույն վիճակում են եղել։ Մենք մոբռեսուրսից էլ, կամավորականներից էլ ունեցել ենք մարդիկ, որոնք հերոսական կռիվ են տվել։ Բայց, ընդհանուր առմամբ, այս ոլորտում ունեցել ենք խնդիր, բախվել ենք նաեւ դասալքության պրոբլեմի հետ, որը, ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չի եղել լուծել»,- ասաց նա։ 

Փաշինյանը նշեց, որ երբ ներգրավված ամբողջ ռեսուրսը արդյունավետ չի եղել, դրա արդյունքում մենք պրոբլեմ ենք ունեցել, որ լավ կռվող զինվորները, կամավորները շատ հաճախ իրենց փոխարինող չեն ունեցել։

«Ըստ էության, այն մարդիկ, որոնք լավ կռվում են, ինչ-որ պահի պիտի հանգստանալու հնարավորություն ունենան, որպեսզի վերականգնվեն, վերադառնան շարք։ Բայց վերոնշյալ պրոբլեմների արդյունքում եղել են մարդիկ, որոնց փոխարինող շուրջ մեկ ամիս հնարավոր չի եղել գտնել»,- ասաց նա։

Վարրչապետի խոսքով՝ Արցախի քաղաքական ղեկավարությունը շատ հստակ խնդիր է ձեւակերպել, որ պետք է րոպե առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետեւանքները կլինեն շատ ավելի ծանր։ 

«Մենք նման քայլի գնացինք շատ պարզ պատճառով․ որովհետեւ բանակի զեկույցները, կարծիքը, գնահատականը լսելով՝ մեզ համար ակնհայտ դարձավ, որ այսպես հետագա շարունակության հետեւանքները լինելու են շատ ավելի ծանր, եւ ինչքան էլ ծանր լինի՝ այս պահին պետք է ուղղակի կանգ առնել»,- ասաց նա։ 

Վարչապետը վերջում հավելեց, որ մարտական գործողությունները լիարժեք չեն դադարել, դրանք շարունակվում են, եւ մենք հույս ունենք՝ լիարժեք կդադարեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել