Մենք ունենք օդային հաղորդակցությունն արդյունավետ կազմակերպելու կարևոր դերակատարություն.Սուրեն Պապիկյանն այցելել է Զվարթնոց օդանավակայան
14:20 - 25 հունիսի, 2019

Մենք ունենք օդային հաղորդակցությունն արդյունավետ կազմակերպելու կարևոր դերակատարություն.Սուրեն Պապիկյանն այցելել է Զվարթնոց օդանավակայան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները նախարարին են ներկայացրել ընթացիկ ամսվա ուղևորահոսքի ծավալները։

Կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը մանրամասներ է հաղորդել հունիսի 24-ին ՀՀ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավիաընկերություների ներկայացուցիչների հետ հանդիպումից, որի օրակարգում եղել են ռուս-վրացական օդային փոխադրումների ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակը, Հայաստանի տարածքով ուղևորահոսքերի սպասարկման, չվերթների ավելացման հնարավորությունները։

«Աշխարհաքաղաքական և գլոբալ շուկաների զարգացումների համատեքստում մենք ունենք օդային հաղորդակցությունը արդյունավետ կազմակերպելու կարևոր դերակատարություն, որը պետք է բխի ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի ընդհանուր շահերից,- նշել է Սուրեն Պապիկյանը և հավելել, որ հարևան պետությունների հետ ոլորտի զարգացմանն ուղղված փոխլրացնող քաղաքականության մշակումը հնարավորություն կտա արդիականացնել ավիացիոն ենթակառուցվածքները և միևնույն ժամանակ բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու խթանել տնտեսական ակտիվությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ուղևորահոսքերին առնչվող, այնպես էլ օդային տրանսպորտի ոլորտում անհրաժեշտ ռազմավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր:

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում նախարարը ծանոթացել է կառույցի տեխնիկական հագեցվածությանը, անվտանգության ապահովման համակարգին և անձնակազմի աշխատանքներին։ Օդանավակայի տարածքում շրջել է ժամանման և մեկնման սրահներում, հետաքրքրվել ուղևորների սպասարկման գործընթացի կազմակերպման աշխատանքներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել