ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվի 3 տարվա ստաժի պահանջ. նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|
13:21 - 04 դեկտեմբերի, 2020

ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվի 3 տարվա ստաժի պահանջ. նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայաված օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուների համար սահմանել 3 տարվա համապատասխան մասնագիտական ստաժի պահանջ: 

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց համահեղինակ Հերքինազ Տիգրանյանը:

«Նախագիծը միտված է ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ընտրության նոր չափորոշիչների սահմանմանը՝ այն առումով, որ լինեն համապատասխան բնագավառի իմացության ստուգում և թեստավորման, հարցազրույցի փուլեր: Նպատակը նաև այն է, որ մրցույթներն անցկացվեն ավելի թափանցիկ և ընտրվեն ոլորտի մասնագետ անձանցից»,-ասաց Տիգրանյանը: 

Այսպիսով ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն եւ առնվազն երեք տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվում են մրցույթի արդյունքում: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կառավարությունից և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ստացվել են առաջարկներ: ԼՀԿ-ն առաջարկել է, որ մրցութային փուլի հարցազրույցի ամբողջ ընթացքը տեսանկարահանվի, որն ընդունելի է եղել հեղինակների համար: Գործադիրի առաջարկները ևս ընդունվել են: Նախապես առաջարկվել էր 2 տարվա ստաժի պահանջ, երկրորդ ընթերցմամբ քննարկման համար շեմը բարձրացվել է 3 տարի՝ շեշտելով համապատասխան բնագավառում ստաժի պահանջը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել