Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին մինչև 17։00-ն խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու կոչ արեց
12:28 - 08 դեկտեմբերի, 2020

Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին մինչև 17։00-ն խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու կոչ արեց

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք «Հայրենիքի փրկության շարժումը» մինչև այսօր՝ ժամը 12։00-ն, վերջնաժամկետ էր տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական ներկայացնելու։ 

Քիչ առաջ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ուղերձ հղեց քաղաքացիներին՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել, ուստի պետք է սկսել խաղաղ անհնազանդության ակցիաներ։

«Այս պահից սկսած՝ մինչ 17։00-ն ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ և գործողություններ անելու, իրենց բողոքը, պահանջը տեղ հասցնելու համար։ Ես դիմում եմ մեր քաղաքացիներին իրենց բոլոր գործողություններն անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների։

Դիմում եմ իրավապահ համակարգին․ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, բողոքներ, ցույցեր անելու իրավունքը և երբեք չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ կիրառել մեր ժողովրդի նկատմամբ։

Մեկ անգամ ևս դիմում եմ Նիկոլ Փաշինյանին․ Նիկոլ, մեկ է, դու հեռանալու ես, հեռացի՛ր անցնցում, գոնե այս անգամ խնայիր մեր ժողովրդին, պետությանն ու պետականությանը։ Գնա՛ անցնցում, մի խաթարիր մեր երկրի ներքին կյանքը։ Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի և պետության համար։

Սիրելի՛ քաղաքացիներ, դուք այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար։ Ամեն ինչ պետք է լինի օրինական և սահմանադրության շրջանակներում»,- ասաց Սաղաթելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել