Պատերազմի հետեւանքով դիպլոմները կորցրած շրջանավարտներին Արցախի պետհամալսարանը կտրամադրի կրկնօրինակը
13:56 - 15 դեկտեմբերի, 2020

Պատերազմի հետեւանքով դիպլոմները կորցրած շրջանավարտներին Արցախի պետհամալսարանը կտրամադրի կրկնօրինակը

Արցախի պետական համալսարանը հայտարարություն է տարածել պատերազմի հետևանքով դիպլոմները կորցրած շրջանավարտների վերաբերյալ:

«Արցախի պետական համալսարանի հարգելի՛ շրջանավարտներ, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են իրենց դիպլոմները, համալսարանից դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. հունվարի 20-ը դիմում ներկայացնել ԱրՊՀ գրասենյակ:

Նախկինում դիպլոմների և դրանց կրկնօրինակների տրամադրումը իրականացվում էր  համալսարանի գիտխորհրդի կողմից ընդունված հատուկ կանոնակարգով, ըստ որի՝  շրջանավարտը նախապես պետք է դիմում ներկայացներ, որ կորցրել է դիպլոմը, որից հետո այն պետք է ստանար՝ ինքնարժեքից երեք անգամ ավելի գումար վճարելով:

ԱրՊՀ գիտխորհուրդը որոշում է ընդունել, որ բոլոր այն շրջանավարտները, որոնք  պատերազմի հետևանքով կորցրել են դիպլոմները, նրանց անվճար հիմունքներով կտրամադրվի կրկնօրինակը: Մինչ այս բոլոր աշխատանքերի կազմակերպումը ուսանողները կարող են ստանալ տեղեկանք՝ ԱրՊՀ կնիքով կնքված, որտեղ ներկայացված կլինի տվյալ շրջանավարտի ուսումնառության տարիների, կրթական ծրագրի մասին տեղեկություն, ինչպես նաև ԱրՊՀ-ից ստացած նրա ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի համարանիշը»,- ասված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել