Հայաստանում սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների մասով կան գնաճային զարգացումներ՝ պայմանավորված տարբեր գործոններով, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն, սակայն գնաճը դեռևս մնում է նպատակային ցուցանիշից ցածր: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«2020-ի նոյեմբերին արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1 տոկոս գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6 տոկոս՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4 տոկոս մակարդակից: Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը ամսվա վերջին կազմել է շուրջ 2 տոկոս»,-ասաց Գալստյանը:
Նրա խոսքով՝ չորրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսության փաստացի զարգացումները հիմնականում կրել են կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի և դրա հետ կապված որոշ երկրներում սահմանափակումների ազդեցությունը, ինչը բացասաբար է անդրադարձել համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վրա: Մյուս կողմից 2021-ի տարեսկզբից պատվաստանյութերի հնարավոր արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ձևավորել համաշխարհային պահանջարկի վերականգնման հեռանկարի առումով: Այս իրավիճակում գնաճային միտումներ են արձանագրվել թե հումքային, թե պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչն անդրադառնում է նաև գործընկեր երկրների գնաճային ցուցանիշների վրա:
«Ելնելով այս զարգացումներից՝ ԿԲ-ի խորհուրդը գտնում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն»,-ասաց ԿԲ նախագահը:
Հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի որոշակի արագացումը և երկրի ռիսկի հավելավճարի աճը՝ ԿԲ-ի խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: «Խորհուրդը նաև գնահատում է, որ դրամավարկային դիրքը շարունակում է պահպանվել խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային 4 տոկոսի շուրջ: ԿԲ խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կարճաժամկետ հատվածում առկա են կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկեր՝ վերևի ուղղությամբ: Ուստի ԿԲ-ն մշտապես հետևում է իրադարձությունների զարգացմանը և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովել գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»,-ասաց Գալստյանը:
Այսպիսով՝ Հայաստանում այս պահի դրությամբ գնաճը շարունակում է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում: ԿԲ-ն կանխատեսում է, որ մինչև տարեվերջ կմոտենա կամ կճեղքի նպատակային թիրախի և տատանումների միջակայքի ներքին շեմը:
Գալստյանը փաստեց՝ արձանագրում են, որ սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների մասով կան գնաճային զարգացումներ՝ պայմանավորված տարբեր գործոններով: «Բավականին մեծ աճեր կան միջազգային շուկաներում պարենային ապրանքների մասով: Այս ամենին նպաստում է նաև հայկական դրամի արժեզրկումը»,-ասաց նա:
Գալստյանը ներկայացրեց օրինակ մի քանի ապրանքատեսակների միջազգային գները: Ռուսաստանում հացահատիկի գինն աճել է 21 տոկոսով, Վրաստանում՝ 11 տոկոսով: Մակարոնեղենի, հացաբուլկեղենի գները ևս ունեն որոշակի աճ: Շաքարավազի տարեկան գնաճը Ռուսաստանում 65 տոկոս է: Կան որոշակի ապրանքներ, որոնք, բնականաբար, իրենց ներմուծման ցիկլից կախված՝ կարող են Հայաստանում կարճաժամկետ հատվածում աճել:
comment.count (0)