Քրգործեր՝ պատերազմի արդյունքներին հանգեցրած մի շարք հանգամանքների փաստերով
14:52 - 21 դեկտեմբերի, 2020

Քրգործեր՝ պատերազմի արդյունքներին հանգեցրած մի շարք հանգամանքների փաստերով

Արցախյան պատերազմի արդյունքներին հանգեցրած՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով մի շարք քրեական գործեր են հարուցվել, հայտնում է գլխավոր դատախազությունը:

1. Պատերազմի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, մասնավորապես՝ հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդհանուր 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, համաձայն դատախազության, մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց:

2. ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրվանից առանձին քաղաքացիական, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից Պաշտպանության բանակի՝ մարտական խնդիրներ լուծող ստորաբաժանումներում տարածվել են խուճապային, պատերազմի ելքի կանխորոշված լինելու, դիմադրության շարունակումն անիմաստ լինելու վերաբերյալ տեղեկություններ: Այդ փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում կան նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք:

3. Ռազմական դրության պարագայում, ինչպես փոխանցում են դատախազությունից, Արցախի հարավային ուղղությամբ ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ենթադրաբար հրաժարվելու փաստի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով 2020թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է:

4. 2020թ. նոյեմբերի 19-ին Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսից անմիջապես հետո դրա տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար։

Արդյունքում 2020թ. նոյեմբերի 21-ին ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՊՆ մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։

Նշվածն առնչվող՝ առանձին կուսակցությունների ղեկավարների, փաստաբանների, այլ անձանց կողմից գլխավոր դատախազին հասցեագրված դիմումները, ինչպես նաև հրապարակումները 5 մլրդ դրամ առաջարկվելու վերաբերյալ, գլխավոր դատախազությունից ևս անմիջապես ուղարկվել են նախաքննական նույն մարմնին՝ նշված քրեական գործին կցելու և դրանցում առկա հանգամանքները քննության առարկա դարձնելու նպատակով։ Քրեական գործով քննությունը շարունակվում է:

6. Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում մշտադիտարկման արդյունքում դեռևս նոյեմբերի կեսերին կազմվել է զեկուցագիր այն մասին, որ վեր հանված մի շարք հրապարակումներում, գրառումներում և տեսանյութերում առկա են պնդումներ և ընդհանուր բնույթի տվյալներ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի և կամավորականների՝ Արցախի հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման տալու միջոցով Շուշին դիտավորությամբ նպատակային և պլանավորված կերպով Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու, առանձին դեպքերում՝ առանց հրամանի դիրքերը լքելու միջոցով զինվորական ծառայության պարտականությունները չկատարելու դեպքերի մասին։ Զեկուցագիրը՝ կից տեսանյութերով և հրապարակումներով, գլխավոր դատախազն ուղարկել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:

Բացի վերոնշյալը, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում մի քանի քրեական գործեր են քննվում նաև ՀՀ ՊՆ-ի կարիքների համար տարբեր զենք-զինամթերքի, ռազմական հանդերձանքի և պարագաների և այլ դեպքերի առթիվ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել