Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի եւ Սոֆիա Հովսեփյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում օրենսդիրները մանրամասներ են ներկայացրել Արցախ կատարած իրենց այցի վերաբերյալ:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել նախորդող օրերին տարածված տեղեկություններին, որ Շուշիի շրջանի Հին Շեն եւ Մեծ Շեն հատվածում մի խումբ քաղաքացիներ շրջափակման մեջ են, իսկ Խծաբերդում գտնվող մեկ այլ խումբ գերեվարվել է: Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով դեկտեմբերի 17-ին պատգամավորները մեկնել են Արցախ:
Նազելի Բաղդասարյանը նշել է, որ հանդիպել են Արցախի նախագահի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, խոսել Մարդու իրավունքների պաշտպանի հետ, հանդիպել այլ գերատեսչությունների, այդ թվում՝ ՊԲ հրամանատարության հետ, քննարկել վերոնշյալ հատվածների խնդիրները: Այդ ամենի արդյունքում հնարավոր է եղել Հին Շեն եւ Մեծ Շեն հատվածում իրականացնել հերթափոխ: Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ իրենք ուշ երեկոյան Պաշտպանության բանակի հետ ունենալով որոշակի համաձայնություն՝ Լիսագորի հատվածով հասել են մինչեւ վիճելի դիրքերի հատված, հանդիպել հերթափոխող 72 կամավորների հետ, ովքեր Շիրակի մարզից էին: Օրենսդիրները համոզվել են, որ քաղաքացիներն անվտանգ են, որից հետո վերջիններիս ճանապարհել են Շիրակի մարզ:
Բանախոսն ընդգծել է, որ տարբեր լրատվամիջոցներով փորձ է արվել այս գործընթացին քաղաքական երանգ տալ, շահարկել տարբեր մարդկանց անուններ: Նա հորդորել է բանակին վերաբերող հարցերը չքաղաքականացնել: Պատգամավորի համոզմամբ՝ այսօր գերխնդիր է կենտրոնանալ եւ անվտանգությանը վերաբերող հարցերը վերահսկելի դարձնել:
Սոֆիա Հովսեփյանը մասնավորապես խոսել է Խծաբերդի մարտական դիրքերից 62 զինվորականների գերեվարվելու փաստի մասին: Նշվել է, որ հանդիպել են պատասխանատու գերատեսչությունների, նաեւ՝ ռուսական կողմի հետ, ներկայացվել է ամբողջական խնդիրը եւ փոխանցվել գերեվարվածների անվանական ցուցակը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ գերեվարված անձանց հարազատները: Պատգամավորը նշել է, որ գերիների վերադարձի ժամկետ անվտանգությամբ պայմանավորված չի նշվել: ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը վստահեցրել է, որ գերիների կյանքին եւ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում:
Արցախ մեկնած պատգամավորները հանդիպել են նաեւ ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ, քննարկել արցախահայության առջեւ ծառացած մի շարք խնդիրներ: Ըստ Սոֆիա Հովսեփյանի՝ խնդիրների համալիր լուծման համար միասնական աջակցություն է անհրաժեշտ:
Ի հավելումն՝ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը փաստել է, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների փոխգործակցությունը լինելու է շարունակական, ինչի համար առկա է բավարար քաղաքական կամք: Գերեվարված անձանց հետ կապված նա վստահեցրել է, որ գործընթացը թափանցիկ է եւ որեւէ տեղեկություն ծնողներից չի թաքցվելու: Նա արձանագրել է, որ այս պահին ճշգրտված ցուցակներ եւ անուններ չկան, հանդիպման ընթացքում այդ ցուցակները փոխանցվել են գեներալ Մուրադովին, անվանական ճշգրտումներ կլինեն առաջիկա օրերին: Պատգամավորը նկատել է, որ համացանցում անուններ եւ ցուցակներ են շրջանառվում, ինչը, ըստ նրա, կարող է վնասել գործընթացին:
Պատգամավորները նշել են, որ կապի մեջ են նաեւ այս գործով զբաղվող իրավապաշտպանների, Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երի հետ: Նրանք անդրադարձել են նաեւ այս թեմայի լուսաբանմանը՝ նշելով, որ պետք է այս հարցում անվտանգության նկատառումներից ելնելով զգուշություն ցուցաբերել:
Պատգամավորները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:
comment.count (0)