Դասախոսը հաճախ ինքը համապատասխան կոմպետենցիա և հմտություններ զարգացնելու անհրաժեշտություն ունի․ Անի Կոջոյան [մաս 2-րդ]
11:48 - 08 հունիսի, 2019

Դասախոսը հաճախ ինքը համապատասխան կոմպետենցիա և հմտություններ զարգացնելու անհրաժեշտություն ունի․ Անի Կոջոյան [մաս 2-րդ]

Կրթական քաղաքացիական նախաձեռնության (ԿՔՆ) համակարգող խմբի անդամ, դասախոս, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կրթություն ծրագրի պատասխանատու Անի Կոջոյանի հետ զրուցել ենք բարձրագույն կրթության խնդիրներից, դրանց պատճառներից և հնարավոր լուծումներից։

Կարդալ 1-ին մասը

Գրագողություն։ Գրագողությունը բարձրագույն կրթության և գիտության մեջ համակարգային լրջագույն խնդիր է և վերջերս շատ է խոսվում դրա մասին։ Այն ոչ միայն ակտուալ է, այլ նաև կարգավորումներ է պահանջում, այդ թվում՝ օրենսդրական կարգավորում։

Այս պահին Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նախաձեռնությամբ է հանդես եկել, որով «Գովազդի մասին» օրենքում գրագողության հետ կապված որոշ սահմանափակումներ պետք է կիրառվեն։ Սա լավ է, բայց միայն օրենքը բավարար չէ և հիմք չէ․ պետք են ներբուհական մեխանիզմներ՝ այդ թվում ոչ միայն հրամաններ, կանոնակարգեր և հակագրագողության ապլիկացիաներ, այլ նաև ուսանողին պետք է քննադատական և ստեղծագործական մտածողություն սովորեցնել, գիտական միտք զարգացնել և ակադեմիական գրագրության դասընթացներ անցկացնել։

Դրա բուժելը պետք է ոչ թե ինքնանպատակ լինի, այլ միտված լինի ամբողջ կրթության որակի բարելավմանը և դիտարկվի նախ և առաջ ակադեմիական բարեվարքության համատեքստում։

Ես շատ հաճախ լսում եմ, որ պետք է պատժիչ միջոցներ կիրառել։ Բայց պատժիչ միջոցներից առաջ նախ պետք է բուժելու և կանխելու միջոցների մասին մտածել և արդյունավետ մեխանիզմներ մշակել ու կիրառել։ Սա նաև մշակութային և կոմպետենցիայի հարց է և ուղղակիորեն առնչվում է գիտության հետ. ո՞վ է սովորեցնելու ուսանողին: Դասախոսը։ Բայց դասախոսը ևս պետք է զգոն ու զգայուն լինի այս խնդրի հանդեպ։

Կրթություն-գիտություն կապը։ Բայց, քանի որ մեզ մոտ գիտություն-կրթություն կապը դեռ երկար տարիներ՝ խորհրդային ժամանակներից սկսած մինչ այս պահը, արհեստականորեն ընդհատված է և գիտությունը գիտահետազոտական կենտրոններում է կատարվել, իսկ բարձրագույն կրթությունն ապահովվել ԲՈՒՀ-երում, դասախոսը, որ պետք է սովորեցնի սա ուսանողին, շատ հաճախ ինքը նաև անհրաժեշտություն ունի զարգացնելու համապատասխան կոմպետենցիա և հմտություններ։ 

Եվ սա նաև մշակույթի հարց է, որովհետև մասնագետը, որը գիտությամբ չի զբաղվում, շատ հեշտորեն վերցնում է մեկ այլի ակադեմիական ջանքը և անհրաժեշտություն էլ չի զգում հղում կատարելու և ակադեմիական գրագողություն չկատարելու։

Գործընթացները։ Մենք հիմա շատ կարևոր գործընթացների մեջ ենք և, բացի բուն կետերին-կոնցեպտներին անդրադառնալը, շատ կարևոր է գործընթացներին անդրադառնալը։ Օրինակ, հիմա Նախարարությունը մշակում է «Բարձրագույն կրթության և գիտական գործունեության մասին» նոր օրինագիծը։ Մի բան, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի տեսքով որպես օրինագիծ մշակվել էր նախկին կառավարության կողմից, որը սկզբնական տեսքով, երբ հանրային քննարկման դրվեց, այնքան էլ վատը չէր ու ուներ դրական փոփոխություն՝ ի համեմատ այս պահին գործող՝ 2004 թ․ ընդունված, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի։

Սակայն հետագայում կատարված այն ներքին փոփոխությունը, որի մասը չկազմեցին հանրությունը և ակադեմիական համայնքը, շատ վատ հետևանքների կարող էր բերել, որովհետև փոփոխությունները կրկին զիջման էին ենթարկում ակադեմիական բարեվարքությունը, սահմանափակում էին բուհական ինքնավարությունը և հաստատում գործադիրի իշխանությունը և վերահսկումը։ Դա հետ կանչվեց 2018թ․ մայիսին։

Հիմա այս նախագիծը ամբողջապես նոր վերամշակման փուլում էր, և, ի հավելումն նախկին օրնագծի, ավելացել է նաև գիտական գործունեության մասը և կցվել նոր օրինագծին։

Այժմ մենք պետք է հասկանանք, թե գործընթացն ինչպես է տեղի ունենում։ Մենք՝ որպես մասնագետներ, ոլորտի դերակատարներ, պետք է հասկանանք և պահանջատեր լինենք՝ արդյոք այս ամբողջ գործընթացը թափանցիկ, հաշվետու, ներառական և մասնակցային է, թե՝ ոչ։

Մասնակցայնություն։ Եթե հիմա բարձրագույն կրթությանը միացնում ենք գիտական գործունեությունը, արդյո՞ք գիտությամբ զբաղվող մարդիկ՝ գիտնականները, հետազոտողները, գիտահետազոտական կենտրոնի աշխատողները՝ այդ թվում նրանց տնօրենները, ԲՈՒՀ-ի ռեկտորները և, վերջապես, ուսանողներն ու դասախոսները, որոնք կրթություն, հետագայում նաև գիտություն և հետազոտություն ստեղծող մարդիկ են՝ գլխավոր դերակատարները, մասնակից են եղել այդ գործընթացների մշակման բուն գործընթացին։ 

Երբ մենք հարցն ուղղում ենք որոշում կայացնողին, նա ասում է՝ իհարկե, առաջիկայում լինելու են հանրային քննարկումներ։ Մենք կասկած չունենք, որ կլինեն հանրային քննարկումներ, կլինեն նաև Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի կողմից հանրային լսումներ, բայց դա կլինի արդեն ներկայացված օրինագծի վերամշակման, վերանայման փուլում։ Բայց արդյո՞ք բուն օրինագիծը մշակելիս այս համայնքի ներկայացուցիչները ինչ-որ կերպ մասնակցել են՝ դրանից բխող հետագա հարցերով։ 

Ռիսկերը և միջազգային փորձը։ Որևէ մեկը կասկած չունի, որ բարձրագույն կրթությունը և գիտությունը պետք է միասնաբար լինեն։ Խորհրդային տարիներից ստացված ժառանգություն է, երբ դրանք տարբեր վայրերում են՝ գիտությունը գիտահետազոտական կենտրոնում է իրականացվել, բարձրագույն կրթությունը՝ ԲՈՒՀ-ում, ինչպես արդեն նշեցի։ Եվ, որպես այդպիսին, կապը կամ չկա կամ շատ թույլ է։ Դա փաստում են ոլորտի մասնագետները, միջազգային անկախ հետազոտությունները, ինչպես նաև պետական ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած, ԲՈՒՀ-երի վերաբերյալ փորձագիտական կարծիքներն ու զեկույցները։

Այդ զեկույցներում որպես թույլ կետ նշվում է, որ ԲՈՒՀ-երում չի իրականացվում գիտահետազոտություն կամ եթե կա, կապը շատ թույլ է։ Սակայն այստեղ հարց է՝ արդյո՞ք այդ երկու տիրույթների միացումը մեկ օրենքով բերելու է գիտության և ԲՈՒՀ-ի զարգացմանը, և ԲՈՒՀ-ը սկսելու է զբաղվել գիտությամբ։

Արդյո՞ք կատարվել է ռիսկի գնահատում, արդյո՞ք հաշվի է առնվել տարբեր երկրների փորձը, եթե՝ այո, ապա ո՞ր երկրների և ինչու՞ հենց այդ երկրների։ Կան մի շարք երկրներ, որոնք անցել և անցնում են այդ փորձը, որն այնքան էլ հաջող չէ և շատ հաճախ կրում է տեխնիկական, ֆորմալ, մակերեսային բնույթ․ երկու օրենքներ միացվում են և վերջ։

Օրինակ՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան ևս փորձել են անցում կատարել, և գիտահետազոտական կենտրոնները միացել են բուհերին ամբողջությամբ կամ մասամբ, սակայն դա որևէ դրական միտում չի բերել։ Թերևս միակ տարբերությունը Էստոնիան է, որտեղ դեռ 2005 թ-ից բոլոր գիտահետազոտական կենտրոնները միացել են ԲՈՒՀ-երին։ 

Այստեղ գիտությունն ավելի զարգացած է, քան, օրինակ, Լիտվայում և Լատվիայում, բայց ոչ թե այն պատճառով, որ գիտահետազոտական կենտրոնները միացել են ԲՈՒՀ- երին, այլ որ դա կոնկրետ ոլորտային, այն է մեկ ոլորտի՝ IT, բնույթ է կրել։ 

Կրթության ռազմավարությունը։ Մենք՝ որպես ոլորտի մտահոգ մարդիկ, քաղհասարակության ներկայացուցիչներ, մասնագետներ և ոլորտի դերակատարներ, չունենք թվարկված հարցերի պատասխանը։ Բազմիցս բարձրաձայնել ենք այս հարցերը և պատասխան չենք լսել, բայց ակնկալում ենք։ Զուգահեռաբար օրենսդրական կարգավորումների մեջ բարձրագույն կրթության ռազմավարությունն է մշակվում։ 

Կա, իհարկե, որոշակի խումբ, որը ներառված է, բայց շատ ցանկալի կլիներ, որ այս գործընթացը՝ բարձրագույն կրթության ռազմավարության մշակումը, շատ ավելի բաց, մասնակցային և թափանցիկ լիներ։ Եվ այստեղ, էլի որպես մասնագետ, մենք ունենք մի շարք հարցեր․ ո՞րն է ռազմավարության առաջնահերթությունը, որո՞նք են այն ուղղությունները, որով այն պետք է շարժվի առաջ կամ բարձրագույն կրթության համար կարևորագույն երկու կոնցեպտները՝ կրթության որակը և բարեվարքությունը, որից բխում են տարբեր համակարգային խնդիրները, որքանով են ընդգրկված և ինչ մեխանիզմներ են մշակված, որպեսզի դրանք վերականգնվեն և ապահովվեն։

Եվ, վերջապես, ընդամենը մի քանի տարի առաջ միջազգային փորձագետ Կլեմենչիչը մշակել է բարձրագույն կրթության ռազմավարության նախագիծը կամ ռազմավարության արքետիպը։ Ո՞րն է տարբերությունը այս դեպքում, և ո՞րն է կարիքը և անհրաժեշտությունը նոր ռազմավարության մշակման, ինչո՞վ են հին նախագիծը և այս նորը միմյանցից տարբերվելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել