ԲԴԽ-ն ընդունել է ԵԽ և ԵՄ փորձագետների պատվիրակությանը
12:32 - 09 հուլիսի, 2019

ԲԴԽ-ն ընդունել է ԵԽ և ԵՄ փորձագետների պատվիրակությանը

Բարձրագույն դատական խորհուրդը, նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի գլխավորությամբ, հյուրընկալեց դատաիրավական բարեփոխումների ԵԽ, ԵՄ փորձագետների պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Սերգեյ Չիչոյանը Խորհրդի և դատական իշխանության անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ունեցած կարևոր առաքելության համար:

Իր խոսքում նա նկատեց, որ Խորհուրդը, ստանձնելով իր պարտականությունների իրականացումը, կարճ ժամանակաշրջանում սերտորեն համագործակցել է կառավարության հետ, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության հետ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության 2018-2023 թթ. ծրագրի մշակման ուղղությամբ:

Ամբողջացվել են արդարադատության արդյունավետության համալիր բարձրացման գերակա ուղղությունները, մշակվել դրանց լուծման հնարավոր ռազամավարական գործիքակազմերը, որոնք ամփոփված են Խորհրդի «Տարեկան հաղորդման» մեջ:
Ներկայացվեցին դատական համակարգում առկա այն գերակա խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

Դրանք վերաբերում են էլ-արդարադատության և մշտադիտարկման համակարգի ներդրմամբ դատարանների անհարկի գերծանրաբեռնվածության թեթևացմանը, դատարանների նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնմանն ու բարձրացմանը, որն ուղղակի ցուցիչն է մեկ այլ առանցքային խնդրի, որ այսօր դատավորի մասնագիտությունը չի գրավում երիտասարդ կադրերին, և կա դատավորների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտություն:

Առանցքային խնդիրների շուրջ տեղի ունեցավ կառուցողական քննարկում: Խորհրդի անդամներն իրենց հերթին անդրադարձան լուծում պահանջող նաև այլ առաջնահերթությունների, մասնավորապես՝ դատակենտրոնի ձևավորմանը, ուշացած արդարադատությանը, որն իր հերթին օբյեկտիվ հիմքեր ունի: Արձանագրվեց, որ դատավորների ներկա աշխատակազմով, տեխնիկական և օրենսդրական հնարավորությունների շրջանակում այսօր հնարավոր չէ իրականացնել այնպիսի արդարադատություն, որը կգոհացնի հանրությանը:

Կարևորվեց ոչ միայն վերադաս ատյանների առավել արդյունավետ գործելու անհրաժեշտությունը, այլև այնպիսի օրենսդրական կարգավորումների մշակումը, ինչը Բարձրագույն դատական խորհրդին ևս հնարավորություն կտա առանձին դեպքերում հարուցելու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ:
Շեշտվեց, որ դատական համակարգում որոշ հրատապ լուծում պահանջող խնդիրների համար համապատասխան ներդրումներ են անհրաժեշտ:

Հանդիպմանն անդարադարձ եղավ նաև վեթինգի գործընթացին առնչվող որոշակի հարցերի:

ԵԽ և ԵՄ փորձագիտական խմբի անդամներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Խորհրդին հանդիպման, առարկայական ու բովանդակալից քննարկման համար և ընդգծեցին իրենց պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել