Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր. Վազգեն Մանուկյան |news.am|
14:25 - 26 հունվարի, 2021

Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր. Վազգեն Մանուկյան |news.am|

news.am: Կարծում եմ՝ ոչ բոլորն են խորը պատկերացնում, թե մենք ինչ վիճակում ենք. նախորդ պատերազմում ժողովուրդը գիտեր, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում եւ մենք հաղթեցինք, այս պատերազմն այդպիսին չէր: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք պատրաստվում էինք պարտվելու: Հենց 2018 թվականից սկսվեց բանակի ջարդը, կոռուպցիայի անվան տակ սկսեցին մտնել, տարբեր գեներալների ձերբակալել, քրեական գործեր հարուցել, կոտրեցին ամբողջ Ղարաբաղի ղեկավարությունը, դուրս մղեցին գեներալներին: Եվ բանակի ներսում արդեն անվստահություն մտավ:

Հաջորդ քայլը, որ կազմակերպում էր մեզ պարտության տանելու, բանակի արդիականացումն էր: 2016-ին Ադրբեջանը փորձեց հարձակվել, եւ հասկացավ, որ իր դիմաց կանգնած է այն բանակը, որից ինքը պարտվել է 1994-ին եւ կանգնեցրեց պատերազմը: Մենք մեր հերթին հասկացանք, թե հաջորդ պատերազմին մեզ ինչ է սպասվում, այդ թռչող սարքերը, նոր տեխնոլոգիաները, բայց այդ ուղղությամբ ոչինչ չարվեց:

Այն ցուցակով, որով դիմել էինք Ռուսաստանին, թե ինչ զենքեր ենք ուզում գնել, նախկին իշխանությունների օրոք այդ ցուցակում գրված էր «ՏՈՌ»-երը, այսինքն այն սարքերը, որոնք պետք էին ԱԹՍ-ները ոչնչացնելու համար: Դա ջնջվեց, դրա փոխարեն առան խաղալիք ինքնաթիռներ: Այդ ինքնաթիռները ոչ մի օգուտ չունեին պատերազմի ժամանակ եւ այդպես էլ չօգտագործվեցին: Պատերազմի ժմանակ հոկտեմբերի 3-ին Ֆրանսիան մեզ առաջարկեց, որ կարող է տրամադրել զենք, որի միջոցով կարող ենք պայքարել այդ ԱԹՍ-ների դեմ: Մենք հրաժարվեցինք: Հոկտեմբերի11-ին Ֆրանսիան նորից առաջարկեց, մենք հրաժարվեցինք:

ՊՆ նախարարն ասում է, որ կանոնավոր չէինք կարողանում կառավարել բանակը: Ճիշտ է, բանակ ունենալով սկսեցինք կազմակերպել ջոկատներ, ինչից դուրս էինք եկել. ՄՈԲ ռեսուրսը տանում թողնում էին անտառում, ասում՝ ձեզնից մեկը հրամանատար է ու թողնում, գնում էին»,-ասաց Վազգեն Մանուկյանը, նա համոզմունք հայտնեց, որ սա պատերազմ չէր, սպանդանոց էր. «Մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին: Ավելի շատ մարդ զոհվեց, քան հաղթանակի համար:

Գաղտնի բանակցություններ էին վարում, որի պատճառով Շուշին հանձնեցին թշնամուն: Ռուսաստանը նմի քանի անգամ առջարկեց պատերազմը կանգնեցնել, չհամաձայնվեցին: 4-րդ օրը ԳՇ պետը, Արցախի ղեկավարությունն առաջարկում էին պատերազմը կանգնեցնել, գնալ զիջումների, բայց չհամաձայնեցին: Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել