Թումոն կմասնակցի Վենետիկի ճարտարապետական բիենալեին
14:53 - 26 հունվարի, 2021

Թումոն կմասնակցի Վենետիկի ճարտարապետական բիենալեին

2021 թվականի մայիսին Թումոն մասնակցելու է Վենետիկի ճարտարապետական բիենալեին` իր անհատական տաղավարով գլխավոր, Արսենալ սրահում: Վենետիկի բիենալեն ճարտարապետական աշխարհի գլխավոր ցուցահանդես-միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են աշխարհի ճարտարապետական ամենանորարար նախագծերն ու ամենահեղինակավոր հետազոտողները: 17-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի խորագիրն է «Ինչպե՞ս ենք մենք ապրելու միասին»:

Բիենալեում Թումոյի «Սովորել միասին սովորել» թեմայով ինստալյացիան կցուցադրի ապագայի կրթական միջավայրերն ու կենտրոնների արդեն միջազգային դարձած ցանցը։ Ինստալյացիայի հիմքում համակարգիչներից ձգվող «կենսալարերն» են, որոնք հնչեցնում են թումոցի պատանիների ձայները Երևանից ու Ստեփանակերտից մինչև Բեռլին ու Բեյրութ: Ցուցահանդեսի մասնակիցները կկարողանան «երկխոսության մեջ մտնել» Թումոյի ուսանողների հետ` ծանոթանալով նրանց առօրյային ու շրջապատող միջավայրին:

Բիենալեն այս տարի կենտրոնանալու է աշխարհի ու հատկապես ճարտարապետության առջև ծառացած նոր մարտահրավերների ու դրանց լուծումների վրա: Այս պատճառով միջոցառման մասնակիցների ցուցակը հնարավորինս ընդգրկուն է` ներառելով ոչ միայն ճարտարապետական ամբողջ համայնքը, համալսարաններն ու ամենախոշոր ստուդիաները, այլ նաև արվեստագետների, քաղաքական գործիչների, լրագրողների և այլոց: Բիենալեի համադրողն այս տարի Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի դեկան Հաշիմ Սարկիսն է: 

«Մեզ նոր տարածական պայմանագիր է պետք: Քաղաքական տարաձայնությունների խորացման և տնտեսական աճող անհավասարությունների համատեքստում մենք ճարտարապետներին կոչ ենք անում պատկերացնել տարածքներ, որոնցում մենք կարող ենք առատորեն ապրել միասին»,- Բիենալեի հայտարարման իր խոսքում նշել է Հաշիմ Սարկիսը:

Համավարակի պատճառով մեկ տարի ուշ անցկացվող ճարտարապետական բիենալեն մաս է կազմում 1895 թվականին հիմնադրված արվեստի բիենալեի: 1980 թվականից անցկացվող բիենալեի հիմնական օրակարգը ժամանակակից հասարակության, հումանիստական և տեխնոլոգիական հարցերի ճարտարապետական լուծումների առաջարկն ու ցուցադրումն է: Չնայած բիենալեի ակադեմիական ուղղվածությանը, այն նաև հնարավորություն է տալիս ճարտարապետներին ողջ աշխարհից ներկայացնել նոր, տեղական նշանակության նախագծեր: Այս տարի բիենալեում կներկայացվի 112 նախագիծ 46 երկրից: Միջոցառումը բաժանված է երկու հիմնական տաղավարի. մշտական` ազգային տաղավարներ Բիենալեի այգիներում և Արսենալը, որտեղ մեկ հարկի տակ ներկայացված են բազմաթիվ նախագծեր ամբողջ աշխարհից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել