«Ժառանգություն» կուսակցության վարչության հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ
Նոյեմբերի 9-ից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանձնյա ստորագրեց եռակողմ հայտարարությունը՝ ի խախտումն ՀՀ գործող իրավակարգի՝ սպասված հրադադարի անհիմն ուշացումով և ՀՀ-ի ու Արցախի համար վտանգաբեր պայմաններով, արդեն պարզ էր, որ պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած վարչապետը պետք է հեռանա իր կառավարությամբ հանդերձ:
Ցավոք, «Ժառանգության» առաջարկները օրենսդրական ճանապարհով լուծելու խորքային ճգնաժամը և ՀՀ-ում սահմանադրական կարգի վտանգումը հաղթահարելու չգործեցին, պետական և ազգային ողջամտության ձայնին ակնաջալուր չեղան պատկան մարմինները. ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ չգումարեց ռազմական դրությունը վերացնելու և Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ ընտրելով նոր վարչապետ և կառավարություն:
«Ժառանգությունն» այսօր արձանագրում է, որ վարչապետի արդեն անկառավարելի դարձած քայլերի և գործողությունների պատճառով Հայոց պետականությունը ցնցակաթվածի մեջ է, իր կողմնակիցներին ընդդիմադիրների դեմ դուրս բերելու, թիմակիցների միջոցով բարձրաձայնած «կրակելու» սպառնալիքների պարագայում անհրաժեշտ է անհապաղ չեզոքացնել օրհասական վտանգը իրավաքաղաքական ճանապարհով: Քաղաքացիական պատերազմի բռնկման և խաղաղ ցուցարարների դեմ բիրտ ուժ կիրառելու բոլոր հետևանքների միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյան կլինի, նրա հրաժարականը և քաղաքական խորհրդակցություններն այլընտրանք չունեն:
«Ժառանգությունը» կոչ է անում ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ-ին, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններին, ռազմաքաղաքական ղեկավարությանը, հանրային ուժերին շտապ համախմբվելու, խորհրդակցությունների միջոցով հաղթահարելու վարչապետական ճգնաժամը: Հայաստանի և Արցախի պետական ու ազգային շահերն անսակարկելի են ու բացարձակ գերակա:
comment.count (0)