Ռոբերտ Քոչարյանի գործով Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո ՄԻԵԴ գանգատ կներկայացվի |armtimes.com|
08:06 - 05 հուլիսի, 2019

Ռոբերտ Քոչարյանի գործով Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո ՄԻԵԴ գանգատ կներկայացվի |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո պաշպանական կողմը գանգատ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել են հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու որոշումները։

Ըստ այդմ, դատավոր Արմեն Դանիելյանը, որոշելով կալանավորել Քոչարյանին, եզրահանգել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու եւ գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում՝ մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որեւէ խափանման միջոց, այդ թվում՝ անձնական երաշխավորությունը գործուն երաշխիք համարվել չի կարող։

Երկրորդ որոշմամբ դատավորը, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գործի վարույթը կասեցնելու մասին, որոշել է այն հետ ուղարկել նույն դատարան՝ վերսկսելու գործի քննությունն այնտեղից, որտեղից այն ընդհատվել է։

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Հայկ Ալումյանը:

Պարոն Ալումյան, Վերաքննիչ դատարանի որոշումը ինչպե՞ս եք գնահատում:

Ապօրինության գագաթնակետ:

Այս որոշումից հետո ի՞նչ ընթացակարգ է նախատեսված, առաջին ատյանի դատարանը ի՞նչ ժամկետներում պետք է վերսկսի գործի քննությունը: Գործը վերսկսելուց հետո կրկին անդրադա՞րձ է լինելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին:

Քանի որ այս ընթացակարգը որեւէ ձեւով օրենքով չի կանոնակարգված, դրանից ելնելով՝ դատավորները այս ընթացակարգին ստեղծագործաբար են մոտենում, ամեն դատավոր հատապես Դանիելյանը ամբողջությամբ հիմնվում է իր սեփական պատկերացումների, երեւակայությունների վրա: Խնդիրը նրանում է, որ այս փուլում բողոքարկում նախատեսված չէր:

Հիմա տեսեք ինչ խնդիր կարող է առաջանալ. գործը գնաց առաջին ատյանի դատարան եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292 հոդվածով նախատեսված որեւիցե որոշում պետք է կայացնի դատարանը: Այդ որոշումներն են՝ գործը դատական քննության նշանակելու, կա՛մ գործն ըստ ընդդատության ուղարկելու, կա՛մ կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու այդ թվում նաեւ ինքնաբացակի մասին:

Առաջին ատյանի դատարանը կասեցման որոշում էր կայացրել, ինչը Վերաքննիչը բեկանեց. հիմա ուրեմն բացի կասեցման որոշումից էն մնացածը պետք է կայացնի: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 300 հոդվածն էլ ասում է, որ այդ որոշումներից որեւէ մեկը կայացնելու հետ միաժամանակ, դատարանը պարտավոր է անդրադառնալ խափանման միջոցի հարցին: Այսինքն՝ դարձավ, որ ուզի, չուզի դատարանը պետք է անդրադառնա այդ հարցին:

Ի՞նչ ժամկետներում:

15 օրվա ընթացքում: Դանիելյանի ստեղծագործությունների արդյունքում հիմա ստեղծվել է լրիվ հակաօրինական վիճակ, այսինքն՝ կա գործը վարույթ ընդունած դատավոր, 45 օր անցել է, որոշումներից որեւէ մեկը կայացված չէ այս պահի դրությամբ:

Պարոն Ալումյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որեւէ խափանման միջոց, այդ թվում՝ անձնական երաշխավորությունը գործուն երաշխիք համարվել չի կարող։

Ոչ մի հիմնավորում որոշման մեջ չկա, թե ինչու չի կարող գործուն երաշխիք լինել: Ըստ նրա՝ բարձր է հավանականությունը, որ կխոչընդոտի, կթաքնվի, բայց չի նշել՝ ինչու անգամ այդ բարձր հավանականությունը չի կարող զսպվել անձնական երաշխավորությամբ: Էլ չեմ ասում, որ ոչ մի բարձր հավանականություն իրականում չկա, ինքն էլ լավ գիտի, որ չկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել