Կառաջարկեի, որ ԳՇ-ն և ԳՇ պետը որոշակի բացատրական հայտարարությամբ հանդես գային մեր ժողովրդի համար․ Սեյրան Օհանյան |tert.am|
18:47 - 01 մարտի, 2021

Կառաջարկեի, որ ԳՇ-ն և ԳՇ պետը որոշակի բացատրական հայտարարությամբ հանդես գային մեր ժողովրդի համար․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Իրավապահ համակարգին խորհուրդ կտամ, որ քիթները չմտցնեն բանակի գործերի մեջ, որովհետև այնտեղ շատ դժվար փորձություն է նրանց սպասվում: Այս մասին այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ձերբակալելու միջոցով լռեցնելու հնարավոր տարբերակի մասին:

«Իհարկե, լավ կլիներ, որ ամեն ինչ հարթ անցներ, բայց երբ բանակը տեսնում է, որ այս իշխանությունը կամաց-կամաց մեր երկիրը հանձնում են թուրքերին, այդ դեպքում այսպիսի որոշում է ընդունել, և ես այսօր կառաջարկեի, որ ԳՇ-ն և ԳՇ պետը որոշակի բացատրական հայտարարությամբ հանդես գային մեր ժողովրդի համար»,-ասաց նա: 

Սեյրան Օհանյանը ժողովրդին կոչ արեց, որ սատար կանգնի բանակին, որպեսզի մոլորության մեջ չլինեն, որովհետև Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնելու է այն արտահայտությունը՝ եթե նա չկանգնեցներ պատերազմը, ապա մնացյալ տարածքները ևս չէին պահպանվի: Օհանյանը հիշեցրեց, որ Արցախում պատերազմի ժամանակ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել մոբիլիզացիոն խնդիրները և նա Փաշինյանին ցույց է տվել հիմնական միջոցառումների պլանը, որը նա էր կազմել:

Այդ պլանի 11-րդ կետում նշված է եղել՝ ապահովել բանակի հեռանկարային համալրումը, սանիտարական կորուստների վերականգնումը, նոր ձևավորվող զորամասերի ստորաբաժանումներով համալրումը, ինչպես նաև առաջարկել հատուկ մեկամսյա, մեկշաբաթյա կամ այլ տևողության հավաքներ իրականացնել:

«48 ժամվա պետության գործը նրանք կատարել են 44 օրում: Ես նրան ասել եմ, որ Արցախ եմ եկել ինքնակամ, ինձ ո՛չ այստեղ հրավիրել են, ո՛չ էլ կարող են հետ ուղարկել, «Մարտի 1»-ով ինձ վրա քրեական գործ կա, բայց ես չեմ եկել դիվիդենտներ հավաքելու համար, ասել եմ՝ այս կետը ձեր հացն է, կատարեք այս կետը, հաղթեք, ինձ տարեք 20 տարի նստացրեք: Կատարե՞լ են, իրենցից հարցրեք, անգրագիտության հետևանքներ են և դիտավորությունները նաև երևում են թուրքերի ու ադրբեջանցիների հետ մտած հարաբերություններից»,- ասաց Օհանյանը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ այս առաջարկին Փաշինյանի արձագանքն այսպես է եղել՝ կկատարեմ, բայց վերջինիս պնդմամբ, չի տեսել նման բան: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել