civilnet.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, խոսելով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու իշխանությունների հայտարարությունների մասին, հիշեցրեց, որ ռուս սահմանապահներն իրականացնում են նաև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանի պահպանությունը։
«ՌԴ սահմանապահները, բացի «Զվարթնոցից» (նկատի է ունի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը – խմբ․), շատ կարևոր գործառույթ են իրականացնում՝ պաշտպանելով Թուրքիայի հետ շուրջ 300 կիլոմետրանոց սահմանը, ինչպես նաև Իրանի հետ 43 կմ սահմանը։ Եթե այդ սահմանապահները դուրս գան, դուք հասկանո՞ւմ եք, թե մեր համար ինչ խնդիրներ են առաջանալու այս տարածաշրջանում նաև Թուրքիայի կողմից»,- նշեց Օհանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները 2018-ից հետո Ռուսաստանի հետ «հետևողականորեն գնում են հարաբերությունների վատթարացման ճանապարհով»։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև պնդեց, թե «իշխանությունն անգամ չգիտի, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են ռուս սահմանապահները գտնվել, օրինակ, Սյունիքի սահմանամերձ հատվածներում»։
Օհանյանի կարծիքով՝ «սահմանապահները պատերազմի սկզբնական փուլի համար են պատասխանատու և պետք է միջոցներ ձեռնարկեն, որ պետության, տվյալ դեպքում՝ Հայաստանի հիմնական ռազմական ուժերը անցնեն մարտական գործողության»։
«Այս իշխանության օրոք մեր զինված ուժերը, սահմանապահները հարաբերությունները ՌԴ-ի հետ կատարում են ուշացումներով, այսինքն՝ յուրաքանչյուր գործողության համար համապատասխան ժամանակահատված գոյություն ունի։ Եթե հիշում եք, Տեղ գյուղում իշխանությունն ասում էր, որ ադրբեջանցիներն առաջինը եկան ու կանգնեցին մեր սահմանի վրա։ Դե թող այնպես անեին, որ մեր զինված ուժերը գնային, նախապատրաստեին, հիմքեր ու բնագծեր կահավորեին ու ադրբեջանցիներից առաջ այնտեղ տեղակայվեին»,- ամփոփեց պաշտպանության նախկին նախարարը։
2023-ի մարտին ադրբեջանական զինուժը, ըստ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության, խախտեց պայմանավորվախությունն ու գյուղի տարածքի հինգ կետում սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ տեղակայվեց։
comment.count (0)