aravot.am: «Ցանկացած բանակցություն կարեւոր է, բայց նրանց հայտարարություններից մենք տեսանք, որ պայմանավորվել են հերթապահ արարողակարգային խոսքերով արտահայտվել՝ շարունակել բանակցությունները։ Նաեւ պարզ չէ, թե որոնք են սկզբունքները, նաեւ հարցերի հերթականությունը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։
Անդրադառնալով Գերմանիայի միջնորդությանը՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Դուք տեսնում եք՝ Ադրբեջանի իշխանություններն անընդհատ պնդում են, որ մեզ որեւիցե միջնորդ պետք չէ։ Դա գալիս է նրանից, որ փորձում են միայնակ ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա։ Բայց մյուս կողմից էլ իրենք շատ խորամանկ կերպով օգտագործում են թե արեւմտյան հարթակը եւ թե նաեւ հետխորհրդային հարթակը, որպեսզի իրենց շահերն առաջ տանեն։ Իհարկե, մեր շահերից ելնելով, արեւմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ, բայց որեւիցե երկիր այստեղ տեղում մեզ աջակցելու մեծ հնարավորություններ չունի, բացի հատվածական դիտորդական առաքելությունից։ Այնպես որ, այս բանակցությունների գլոբալ առումով արդյունքներ ակնկալելն այնքան էլ հուսադրող չէ»։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ իրավական հիմքով են ռուս սահմանապահները տեղակայվել Ներքին Հանդում, Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես 2022 թվականի հուլիս ամսին եմ եղել Ներքին Հանդում։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ քննարկվում էր, թե ադրբեջանցիներն իրենց դիրքերը երբ են առաջ տվել՝ 2020 նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո, թե՞ 2022 թվականին։ Եվ տեղում աշխատելու ընթացքում մենք պարզեցինք, որ իրենք դիրքերն առաջ են տվել հենց 2022 թվականին, եւ տեղի հրամանատարական ղեկավարությունը չէր կարողացել ճշտել եւ ժամանակային զեկուցել դրա մասին։ Եվ այնտեղ մենք տեսել ենք անցակետ, այդ անցակետը որեւիցե բան չէր տալիս, նույնիսկ մենք չենք էլ կանգնել, չենք էլ հարցրել»։
«Բայց ես զարմանում եմ մեկ բանի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում փաստորեն կարելի է, օրինակ, նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո բանավոր հրահանգ տալ եւ ասել՝ զորքերը հետ քաշեք մինչեւ ՀՀ սահման, երբ պայմանավորվածություն կար զորքերը կանգնեցնել այնտեղ, որտեղ մարտական գործողություններն ավարտվել են։ Չէին հասկանում, որ յուրաքանչյուր այդպիսի հատված հետագայում հիմք է հանդիսանալու սահմանազատման-սահմանագծման համար բանակցություններում շահ ունենալու համար, ինչպես այսօր տեսնում ենք։ Եվ նաեւ զարմանում եմ, որ ՀՀ իշխանությունները չգիտեն, թե ինչ բանավոր կամ գրավոր պայմանագրի համաձայն են ՌԴ սահմանապահները գտնվում այնտեղ։ Եթե այդպիսի պայմանագիր չկա, դա նշանակում է․․․ Երբ անհրաժեշտություն եղել է, երբ նեղն են եղել, ՀՀ իշխանությունները հենց այնպես բանավոր ասել են, որ կարող եք գնալ տեղակայվել։
Բայց այս ամբողջ քննարկումները գնացել են նրանից հետո, երբ ասացին, որ ՌԴ սահմանապահները ոչինչ չեն արել՝ կանխելու համար կամ թույլ չեն տվել, որպեսզի եվրոպական դիտորդներն այցելեն այնտեղ։ Դեմ առ դեմ այսօրվա շփման գծում, ընդ որում, ադրբեջանցիները գտնվելով ՀՀ սահմաններում, կանգնած են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Եվ մեր ստորաբաժանումների միջեւ ցանկացած սադրանք կանխելը, դրանից հետո համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը, նախքան կանխելն ուսումնասիրել, թե Ադրբեջանն ինչ ապատեղեկատվություն է տարածում, ինչ սադրանքների կարող է գնալ, մեր զինված ուժերի գործառույթն է։
Եվ տեղի հրամանատարությունը, եթե խելացի վարվեին, իրենք գիտեին, թե ինչ է նշանակում սադրանք, ինչ է նշանակում ուժեղացնել պաշտպանությունը, ինչ է նշանակում միջոցներ ձեռնարկել անվտանգության վերաբերյալ։ Եթե այդ ամենն իրականացվեր, գոնե մենք 4 զոհ չէինք ունենա։ Ադրբեջանցիներն անօրեն կերպով սադրանք կազմակերպելով՝ պատժեցին մեր ստորաբաժանումներին։ Եվ ամենակարեւորը, այդ պատժելու գործընթացից հետո մեր կողմից հակագործողություններ չեն իրականացվել։
Ադրբեջանցիները գնալու են սադրանքի մեր զինված ուժերի նկատմամբ մեր սահմաններում այնքան ժամանակ, որքան զգան, որ մենք թույլ ենք»,- ասաց նա։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ մեր շահերն առաջ տանելու, խաղաղություն պահպանելու համար պետք է ուժեղ բանակ ու պաշտպանված սահմաններ ունենալ։
comment.count (0)