Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում արևմտյան հարթակում բանակցությունները, սակայն գլոբալ արդյունքներ չի ակնկալում
 |armenpress.am|
12:04 - 01 մարտի, 2024

Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում արևմտյան հարթակում բանակցությունները, սակայն գլոբալ արդյունքներ չի ակնկալում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում Հայաստան-Ադրբեջան ցանկացած բանակցություն, սակայն կարծում է, որ արևմուտքի միջնորդությամբ վերջերս կայացած բանակցություններից գլոբալ արդյունքներ պետք չէ ակնկալել:

Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիայի միջնորդությունը կարո՞ղ է արդյունավետ լինել:

«Ընդհանուր առմամբ ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները»,-ասաց Օհանյանը՝ կարևորելով ցանկացած շփում:

Վերջերս Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքից ընդդիմադիր խմբակցության ղեկավարը գոհ չէ: «Պայմանավորվել են արարողակարգային խոսքերով արտահայտվել՝ շարունակել բանակցությունները: Պարզ չէ, թե որոնք են սկզբունքներն ու հարցերի հերթականությունը»,-նշեց պատգամավորը:

Նա նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունները մի կողմից անընդհատ պնդում են, թե միջնորդ պետք չէ՝ այդպիսով փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, մյուս կողմից էլ շատ խորամանկ կերպով օգտագործում են թե արևմտյան, թե հետխորհրդային հարթակը, որ իրենց շահերն առաջ տանեն:

«Կարծում եմ, որ իհարկե, արևմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ: Բայց որևիցե երկիր այստեղ տեղում մեզ աջակցելու այնքան մեծ հնարավորություններ չունի՝ բացի դիտորդական առաքելությունից: Այս բանակցություններից գլոբալ առումով արդյունքներ ակնկալելը, գտնում եմ, որ այնքան էլ հուսադրող չէ»,-եզրափակեց Օհանյանը:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 2024 թ. փետրվարի 28-29-ը  կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։

Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։

Արարատ Միրզոյանը շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել