ՀՀ փաստաբանների պալատը կաջակցի պատերազմից տուժած փաստաբանների ընտանիքներին
20:54 - 17 մարտի, 2021

ՀՀ փաստաբանների պալատը կաջակցի պատերազմից տուժած փաստաբանների ընտանիքներին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մարտի 17-ին որոշում է կայացրել յուրաքանչյուր տարվա համար պատերազմում զոհված, գերեվարված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքի անդամ ունեցող փաստաբանների ընտանիքներին հարգանքի տուրք մատուցելու օրեր սահմանելու մասին, ինչպես նաև հաստատել է այդ օրերը ընտրելու կարգը: Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից։

«Ըստ այս նոր նախաձեռնության՝ փաստաբանական համայնքը պատերազմի հետևանքով զոհված, գերեվարված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքի անդամ ունեցող փաստաբանների ընտանիքներին յուրաքանչյուր տարվա ընթացքում որոշված օրերին հատուկ ուշադրություն է դարձնելու, որը ներառելու են հետևյալ միջոցառումները՝

1)  զոհվածի շիրիմին այցելելը.

2) զոհվածի հիշատակի համար միջոցառում կազմակերպելը.

3) փաստաբանի ընտանիքին նվեր փոխանցելը.

4) փաստաբանի ընտանիքին անհրաժեշտ աշխատանքներին (այդ թվում՝ այգեգործություն, վերանորոգում) մասնակցելը.

5) փաստաբանի ընտանիքին հյուրընկալելը.

6) այլ միջոցառում իրականացնելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստաբանների պալատից նաև հայտնում են, որ նշված նախաձեռնության նպատակն է գոտեպնդել այն փաստաբաններին, որոնց ընտանիքի անդամները զոհվել են, գերեվարվել, անհայտ կորել կամ հաշմանդամություն են ձեռք բերել, ինչպես նաև օրինակ ծառայել հայրենիքի պաշտպանների նկատմամբ մյուս մասնագիտական համայնքների կողմից հատուկ ուշադրություն դարձնելու հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել