AstraZeneca պատվաստանյութ այս պահին դեռ չունենք. առողջապահության նախարար |1lurer.am|
12:26 - 18 մարտի, 2021

AstraZeneca պատվաստանյութ այս պահին դեռ չունենք. առողջապահության նախարար |1lurer.am|

1lurer.am: Մի շարք երկրներ AstraZeneca պատվաստանյութի որոշ խմբաքանակների օգտագործումը կասեցրել են, որպեսզի մասնագիտական հանձնաժողովները պարզեն՝ արդյոք պատվաստումից հետո քաղաքացիների մոտ ի հայտ եկած կողմնակի երևույթները կապվա՞ծ են պատվաստանյութի հետ, թե՞ ոչ: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  

«Մենք ուշադիր հետևում ենք և կապի մեջ ենք, և երբ լինի գնահատականը, պատճառահետևանքային կապը, մենք էլ միջոցներ կձեռնարկենք ապագայում պատվաստանյութի ձեռքբերման բանակցությունների առումով»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ այս պահին Հայաստանում չի օգտագործվում AstraZeneca պատվաստանյութ:

«Այս պահին AstraZeneca չունենք, որ կասեցնենք օգտագործումը, սպասում ենք մասնագիտական հանձնաժողովի կարծիքներին: Հիմա վարում ենք բանակցություններ այդ պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ և հիմնվելու ենք միջազգային կառույցների կարծիքների վրա: Բացի AstraZeneca-ից՝ ունենալու ենք նաև այլ պատվաստանյութեր»,- ասաց Ավանեսյանը: 

Նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում արդեն սկսվել են, դրանք իրականացվում ենք ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների փոքր խմբի շրջանում: Այս պահին, Ավանեսյանի խոսքով, պատվաստումները կատարվում են միայն «Սպուտնիկ V» պատվաստանյութով:  

«Մենք մշտական կապի մեջ ենք պատվաստված քաղաքացիների հետ և հետպատվաստումային վերահսկողություն ենք իրականացնում: Այս փուլում որևէ արտառոց դեպք, սուր կողմնակի երևույթ չենք գրանցել»,- ընդգծեց նա: 

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսի վարակի աճի պայմաններում հիվանդանոցներում ավելացվել է մահճակալային ֆոնդը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել