Իրենց տարիքում դուք էլ կցանկանայիք գնալ. նախարարը՝ վարչապետի հետ հանդիպմանը դպրոցականների մասնակցելու մասին
 |armtimes.com|
19:15 - 22 մարտի, 2021

Իրենց տարիքում դուք էլ կցանկանայիք գնալ. նախարարը՝ վարչապետի հետ հանդիպմանը դպրոցականների մասնակցելու մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե լինելով Հայաստանի առաջին նախագահի քաղաքական ընկերը, ինչպես է նախարարը  գնահատում Լեւոն Տեր- Պետրոսյանի  վերջին հայտարարությունները՝ կապված Նիկոլ Փաշինյանին ուղղված որակումներին եւ նրանց միջեւ սկսված հեռակա բանավեճին, նախարարը պատասխանել է, որ ինքը չի ցանկանում ընդհանրապես նման թեմայի շուրջ քննարկում ծավալել՝ ընդգծելով հետեւյալը.

«Ընդհանրապես արժեքը գաղափարն է. եթե գաղափարը ընդունելի է, բնականաբար արժեւորվում  է նաեւ գաղափարի հեղինակը: Սա, սակայն, բացարձակապես չի նշանակում, որ եթե օրինակ, ես, ինչ-որ գաղափար ասել եմ, եւ դուք ընդունել եք իմ գաղափարը, այսուհետ ինչ ասեմ, դուք ինձ հետ լինելու եք համամիտ: Ես չեմ ցանկանում ավելի բան մեկնաբանել, խնդրում եմ ինձ պրոֆեսիոնալ հարցեր տվեք. ես կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքը կմեկնաբանի իր խոսքերը»:

Հակադարձ հարցին՝ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված հարցերը մի՞թե պրոֆեսիոնալ չեն, նախարարը արձագանքել է, որ ԿԳՄՍ  նախարարությանն առնչվելու տեսակետից՝ իհարկե ոչ:

Պատասխանելով դիտարկմանը, թե կա մտահոգություն, որ ընտրությունների ժամանակ դպրոցների, բուհերի աշխատակիցներին կհամոզեն կամ կստիպեն, որ իշխող թիմին ընտրեն՝ իշխանության կողմից  վարչական լծակներ կիրառելով, նախարար Դումանյանը նշել է հետեւյալը.

«Դպրոցների հետ կապված հստակ որտե՞ղ եք դուք նման բան լսել եւ ումի՞ց: Եվ ես չեմ պատրաստվում պատահական վայրերում եւ պատահական դեմքերից հնչեցրած մտքերին մեկնաբանություններ տալ եւ մամուլի խոսնակի դեր կատարել: Եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, հարցրեք եւ ձեզ հստակ կպատասխանեմ՝ չի լինելու նման բան եւ վերջ»:  

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ դպրոցականների մասնակցությանը եւ ներկայությանը, նախարարը նշել է, որ նախարարությունը որեւէ առնչություն չունի երեխաների այնտեղ գտնվելու հետ:

«Բացարձակ սուտ է, որ ասում են, թե իբր մենք զանգահարել ենք դպրոցների տնօրեններին եւ այլն. դրանք բոլորը բացարձակ սուտ են, եւ ես չեմ պատրաստվում այդ սուտը մեկնաբանել: Պետք չի մեր վզին փաթաթել այդ օրակարգը՝ երեխաներին ներգրավենք-չներգրավենք, նման օրակարգ գոյություն չունի. մարդիկ ազատ են, որեւիցե մեկը չի բռնացել եւ չի բռնանալու կամքի եւ գտնվելու ընտրության վրա: Երեխաները այնտեղ ինքնաբուխ էին գնացել. գուցե ցանկություն ունեին գնալու եւ Նիկոլ Փաշինյանի ելույթը լսելու. կարծում եմ՝ իրենց տարիքում դուք էլ լինեիք, դուք էլ կցանկանայիք գնալ»,- ասել է նախարարը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել