Ընտրությունները կիրականացվեն համամասնական ընտրակարգով. վարչապետ |1lurer.am|
17:27 - 24 մարտի, 2021

Ընտրությունները կիրականացվեն համամասնական ընտրակարգով. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել գնալ ԸՕ-ի պարզ փոփոխությունների և ընտրություններն իրականացնել համամասնական ընտրականգով՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հարցին, թե արտահերթ ընտրությունները որ օրենսգրքով կանցկացվեն: 

Վարչապետը նշեց, որ քաղաքական ուժերի հետ պայմանավորվածության արդյունքում արձանագրել են՝ սահմանված ժամկետում տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո Ազգային ժողովը երկու անգամ վարչապետ չի ընտրելու, և դրանից հետո խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու է:

«Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել, բայց բոլոր քննարկումներում ես հարց եմ ուղղել գործընկերներին, թե ինչ կարծիքի են՝ ռեյտինգային ընտրակարգը լինի՞, թե՞ չլինի: Իրենք, ըստ էության, մեր խոսակցությունների ժամանակ արձանագրել ենք, որ և՛ ԲՀԿ-ն, և՛ ԼՀԿ-ն հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը: Այսինքն՝ իրենք խնդիր չունեն՝ վարկանիշայինը լինի թե չլինի: Որից հետո խորհրդարանական մեծամանսությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և հաշվի առնելով իր հանձնառությունը, որոշում է կայացրել, որ պետք է գնանք ԸՕ-ի պարզ փոփոխությունների, և ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի»,- նշեց Կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշեց, որ հանդիպումների ժամանակ խորհրդարանական խմբակցությունները դեմ չեն եղել ընտրակարգի փոփոխությանը՝ նշելով, որ կողմ չեն քվեարկի, որ չկիսեն քաղաքական պատասխանատվությունը, բայց եթե խորհրդարանական մեծամասնությունն ուզում է փոխել, թող փոխի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել