Նախատեսվում է ՀՀ-ում ներդնել օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակ
 |armtimes.com|
13:36 - 25 մարտի, 2021

Նախատեսվում է ՀՀ-ում ներդնել օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակ |armtimes.com|

armtimes.com: Գործադիրը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ, ինչի արդյունքում գործատուները օտարերկրյա աշխատողներին աշխատանքի են ընդունելու և աշխատանքի թույլտվությունը ստանալու են միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով։

Բացառություններ են նախատեսված միջազգային պայմանագրերով ՀՀ-ում աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների և աշխատանքի թույլտվությունից բացառություն հանդիսացող օտարերկրացիների համար, որոնց մասին տվյալները ևս մուտքագրվելու են միասնական էլեկտրոնային հարթակ։ Այս գործընթացը թույլ է տալու ունենալու հստակ վիճակագրություն Հայաստանում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին, ավելի արդյունավետ կերպով վերահսկելու գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը։

Միաժամանակ փոփոխվել է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որն իրենից ներկայացնելու է լիազոր պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն, ինչի հիման վրա օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Ժամանակավոր կացության կարգավիճակ են ստանալու նաև աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություն կազմող օտարերկրացիները։ Ժամանակավոր կացության կարգավիճակ չեն ստանալու ԵԱՏՄ քաղաքացիները, որոնք ստանալու են միայն բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք, եթե նախատեսում են Հայաստանի Հանրապետությունում գտնվել և աշխատել 180-ը գերազանցող ժամանակահատվածով։

Այդուհանդերձ, ԵԱՏՄ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ևս կարող են ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ, եթե ունեն նման ցանկություն։ Աշխատանքի թույլտվության, դրանից բացառությունների և միջազգային պայմանագրով ՀՀ-ում աշխատանքի թույլտվությունից ազատված քաղաքացիներին տրամադրվող փաստաթղթերը տրամադրելու և մերժելու իրավասությունը վերապահվում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնին։

Բացի այդ, ընդլայնվելու է և որոշակի փոփոխության է ենթարկվելու աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների ցանկը։ Ընդ որում, որոշ դեպքերում օտարերկրացիները կարող են աշխատել նաև միայն մուտքի վիզայի հիման վրա, օրինակ՝ մինչև 21 օր Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում համերգային, մշակութային իրադարձությունները սպասարկելու տեխնիկական անձնակազմը, կատարողները և այլն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել