Պետք է կայացնենք որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի երկարատև, կայուն զարգացումը. վարչապետը՝ ԱԽ նիստում
21:58 - 30 մարտի, 2021

Պետք է կայացնենք որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի երկարատև, կայուն զարգացումը. վարչապետը՝ ԱԽ նիստում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության
խորհրդի հերթական նիստը:

Վարչապետի ելույթը ԱԽ նիստի մեկնարկին․

«Բարեւ ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Անվտանգության խորհրդի հերթական նիստի աշխատանքները։

Հայտնի իրադարձությունների բերումով անվտանգային միջավայրը էական փոփոխություններ է կրել Հայաստանի եւ Արցախի շուրջ, եւ մենք պետք է շարունակաբար գնահատենք այն նոր մարտահրավերները եւ հնարավորությունները, որոնք ունենք այս իրավիճակում։ Պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը եւ մոտեցումը նոր մարտահրավերներին, ինչպես ենք դիմակայելու նոր մարտահրավերներին, եւ ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի եւ Արցախի կայուն եւ բնականոն զարգացման համար։

Իհարկե Հայաստանի տեւական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից, եւ մենք օրինակ մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ, ունենք, որը ունի սեզոնային բնույթ եւ մեծապես կախված է եղանակային պայմաններից, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում եւ անվտանգային։ Մենք պետք է այս նոր իրավիճակում կարողանանք գնահատել այն հնարավորությունները, որ կա Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով, մյուս կողմից պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի կենսական շահերի հաշվին։ Ընդհակառակը, մենք պետք է այս գործընթացում կարողանանք լիարժեք պահպանել եւ պաշտպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը, իհարկե նաեւ պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության։

Ընդհանրապես կոմունիկացիաների բացումը մեր այսօրվա քննարկման կարեւորագույն թեմաներից է լինելու։  Հարցը էական է եւ ուշագրավ, բայց ինքնին ունի բազմաթիվ նրբություններ, եւ այդ բոլոր նրբությունները մենք պետք է հաշվի առնենք։ Բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի այն, որ մենք պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից։ Պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն երկարատեւ կայուն զարգացումը Հայաստանի Հանրապետության, եւ նաեւ ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատեւ եւ կայուն զարգացումը եւս մեր պատասխանատվության ոլորտում է։

Այնպես որ, ես այսօր մեզ հաջող եւ արդյունավետ քննարկում եմ մաղթում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել