Չի կարող ԵՊՀ-ի շենքը վաճառելու որոշում լինել, եթե ինձ հակառակը ապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն. ԿԳՄՍ նախարար
 |armtimes.com|
18:46 - 31 մարտի, 2021

Չի կարող ԵՊՀ-ի շենքը վաճառելու որոշում լինել, եթե ինձ հակառակը ապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն. ԿԳՄՍ նախարար |armtimes.com|

armtimes.com: «Ես հերքում եմ այն պնդումը, որ կա որոշում ինչ-որ շենք ծախելու, անկախ նրանից՝ այդ շենքը փլատակ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չէ: Նման որոշում գոյություն չունի եւ չի ունենալու: Պնդում եմ, որ չի կարող Երեւանի պետական համալսարանի շենքը վաճառելու որոշում լինել: Եթե դուք հակառակը ինձ կապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն»,- պաշտոնավարման 100 օրվա ասուլիսի ժամանակ այսօր ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչպես կարելի է պատմամշակութային արժեք ունեցող բուհերը վաճառել եւ այդ գումարներով նոր բուհական քաղաք կառուցել:

Իր խոսքը շարունակելով՝ նախարարը հավելեց.

«Չի կարելի ամեն ինչ ենթադրել, մի քիչ իրատեսական ենթադրություններ եկեք անենք: Չկա նման բան: Ինչի համար են փնտրում մի բան, որ գոյություն չունի եւ չի ունենալու, հանգիստ եղեք, ժողովուրդ ջան, ԵՊՀ-ի շենքը չի վաճառվելու: Արդեն «Ֆեյսբուքի» ստեղծարարները այն դարձրել են ցերեկային առեւտրի սրահ եւ գիշերային չգիտեմ ինչ: Անհարմար է, սա անհարգալից վերաբերմունք է մեր պետականությանը, մեր ժողովրդին, մեր սերունդների ստեղծածին: Նման բան ուղղակի չկա: Աստված մի արասցե, եթե լինի, տեսականորեն, ֆանտաստիկ իմաստով ես ավելի անհանգիստ կլինեմ, քան դուք եք»:

Անդրադառնալով ոչ պետական բուհերի տեղափոխության մասին հարցին՝ Վահրամ Դումանյանը ընդգծեց, որ մասնավոր բուհերը իրենք են որոշելու տեղափոխվե՞լ նոր ստեղծվող ակադեմիական քաղաք, թե՞ ոչ:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել