Ռուսական դպրոցները՝ ՀՀ-ում․ Հայաստանի օրակարգի բացակայությունը
17:04 - 03 ապրիլի, 2023

Ռուսական դպրոցները՝ ՀՀ-ում․ Հայաստանի օրակարգի բացակայությունը

Վերջին շրջանում ակտիվացել է Հայաստանում ռուսերենով կրթությանն եւ ռուսական դպրոցների թեման։

Ինֆոքոմն ուսումնասիրել է թեման՝ փորձելով հասկանալ, թե

  • ինչպիսին են մինչ այժմ եղել Ռուսաստանում եւ Հայաստանում համապատասխանաբար հայկական եւ ռուսական համայնքների, ինչպես նաեւ կացության կարգավիճակներով բնակվող Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիների՝ մայրենի լեզվով կրթության կազմակերպման կամ մայրենի լեզվի ուսուցման հնարավորությունները,
  • արդյոք հայկական կողմը բարձրաձայնո՞ւմ է Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ հայկական համայնքի՝ հայերենով կրթության կազմակերպման հնարավորությունների մեծացման հարցը։

 

Շաբաթներ առաջ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր ռուս մեծանուն մարդկանց պատվին անվանակոչված երեւանյան դպրոցների տնօրենների հետ։ Հայաստանում ռուսական տան ֆեյսբուքյան էջում զետեղված գրառումից տեղեկանում ենք, որ Կոպիրկինն ասել է՝ քննարկվում են Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարցեր, եւ որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ռուսերենով կրությանն աջակցելու հետ կապված հարցերով։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում Կոպիրկինի հայտարարության վերաբերյալ ասել էր, որ աշխատանքային խմբի ձեւավորումը նախատեսված է համատեղ ծրագրի կոնցեպտի քննարկման նպատակով, եւ ճշտող հարցին՝ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց կա՞, պատասխանել էր, որ այսօր օրակարգում դրված խնդիրը համատեղ ծրագիր ունենալու մասին է․ «Դեռ քննարկման փուլում է, թե մենք ինչ կոնցեպտի մասին ենք խոսում։ Մեր պատկերացմամբ՝ դա պետք է լինի կամ հայ-չինական դպրոցի տարբերակով համատեղ նախաձեռնություն, որը մենք առաջարկել ենք ռուսական կողմին, կամ մենք կարող ենք հավելյալ քննարկել այն հնարավորությունը․․․ Դուք գիտեք, որ վերջին շրջանում մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են գտնվում ՀՀ-ում, եւ եթե կարիքը կա նրանց կրթության հավելյալ ապահովման, ապա, բնականաբար, այդ հարցը պատրաստ ենք քննարկել»,- նշել էր նախարարը մարտի 16-ին։

Մոտ տասը օր անց՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում Անդրեասյանը թեմայի վերաբերյալ եւս մեկ անգամ նույնական մեկնաբանություններով հանդես եկավ՝ նշելով, որ հիմա մեր օրենսդրության շրջանակում ընթանում են քննարկումներ, արդյունքները կներկայացնեն։ 

Վերջին տարիներին ռուս պաշտոնյաներից միայն Կոպիրկինը չէ, որ խոսել է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին․ դեռ 2021թ․ էր այս հարցը հանրային քննարկման առարկա, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական մեթոդաբանության հիման վրա Տաջիկստանում ստեղծվում է ռուսական 5 դպրոց, եւ որ վերջին ժամանակներում ՀՀ նոր ղեկավարությունը հետաքրքրված է Հայաստանում հենց այդպիսի ծրագրի իրականացմամբ։ Լավրովի այդ հայտարարությունից հետո ԿԳՄՍ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանն ասել էր, որ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց չկա։

Հայաստանում ռուսական դպրոցների եւ ռուսերենի կարգավիճակի մասին խոսակցությունները այսքանով չեն սահմանափակվում։ Դրանք պարբերաբար բերվում են օրակարգ, ինչը ենթադրել է տալիս թեմայի՝ ՌԴ պետական օրակարգի մաս լինելու մասին։ 2017թ․-ին ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդունել էր պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող Արա Բաբլոյանին, որն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր։ Այդ շրջանում ՌԴ-ում ընդունվել էր օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը, որը, ինչպես արձանագրել էր Բաբլոյանը հանդիպման ժամանակ, մեծ դժվարություններ էր առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել էր վերանայել այդ մոտեցումը, իսկ Վոլոդինն առաջարկել էր ՀՀ-ում ռուսերենն օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել էին բացառություններ․ Վոլոդինը մեկնաբանել էր, թե օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթեւեկության անվտանգությամբ, քանի որ, ըստ նրա, ՌԴ-ում աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետեւանքով չեն տիրապետում ՌԴ երթեւեկության կանոններին, ինչպես նաեւ չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից: Բաբլոյանն այս առաջարկին հակադարձել էր՝ նշելով, որ ՀՀ օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա, նա նկատել էր, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:

 

Հայ-ռուսական համատեղ աշխատանքների կազմակերպման նպատակով աշխատանքային խումբ է ձեւավորվել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից Infocom-ը տեղեկացավ, որ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2022թ․ դեկտեմբերի 23-ի 21-րդ նիստի արձանագրության 11.2 կետի 5-րդ ենթակետը՝ ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգը քննարկելու եւ հայ-ռուսական համատեղ համապատասխան աշխատանքների կազմակերպման նպատակով այս տարվա հունվարի 17-ին նախարարի՝ N 47-Ա/2 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջին քննարկումը ռուսական կողմի հետ տեսակապի միջոցով կայացել է մարտի 15-ին:

Առաջին քննարկման օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգի վերաբերյալ հարցեր։ Նախարարությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք աշխատանքային խմբի օրակարգային հարցերից է նաեւ ՌԴ-ում հայերենով կրթությանն առավել ուշադրություն դարձնելու հարցը, սակայն պատասխանում դրա մասին որեւէ նշում չկա։ Իսկ աշխատանքային խմբի առաջիկա հանդիպման օրը դեռեւս հստակեցված չէ։

Ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (իմա՝ ԿԳՄՍՆ) եւ ներկայացնում ՀՀ կառավարության հաստատմանը: Հանրակրթության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները: 


Ռուսերենով ուսուցումը՝ Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզուն պարտադիր դասավանդվում է սկսած 2-րդ դասարանից: ՀՀ 63 դպրոցում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում, որից 33-ը՝ Երեւան քաղաքում, 30-ը՝ մարզերում: 

ՀՀ ԿԳՄՍՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հաղորդել են, որ ՀՀ-ում շուրջ 45 դպրոցում կա ռուսերեն դասարան ունենալու հնարավորություն, սակայն այս պահի դրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ կան 39 դպրոցներում։ 2023թ․ մարտի տվյալներով՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորում է 6745 աշակերտ (ներառված են նաեւ ՀՀ ենթակայության տակ գտնվող այն դպրոցների աշակերտները, որտեղ կրթությունը կազմակերպվում է ամբողջությամբ ռուսերենով)։

Երեւանի «Ռոսիա» հասարակական կազմակերպության «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցում է կրթությունն ամբողջությամբ ռուսերենով կազմակերպվում, դպրոցը պետական չէ։ 

Կրթությունն ամբողջությամբ ռուսերենով է կազմակերպվում նաեւ Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցում, չնայած այն պետական դպրոց է՝ մարզային ենթակայության ներքո։ Միայն թե այս պարագայում Ֆիոլետովոյի դպրոցում սովորում են միայն ազգությամբ ռուս աշակերտներ (Ֆիոլետովո համայնքն 99,9% ռուս բնակչությունից է կազմված), ուստի այստեղ այժմ գործում են միայն ռուսական դասարաններ։

Բացի դրանից՝ ՀՀ-ում կա առնվազն երեք ռուսական դպրոց, որոնք ՀՀ ենթակայության ներքո չեն․ երկուսը (Գյումրիում եւ Քանաքեռում) գործում են ՌԴ ՊՆ ենթակայության տակ եւ սպասարկում են ՀՀ-ում տեղակայված ռուսաստանցի զինվորականների ընտանիքներին, մյուս դպրոցն Արտաշատում է, տեղի ռուսական սահմանապահ զորամասին է կցված։

2011թ․ մարդահամարի տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչությունից 11911-ը ռուսներ են։ Նշենք նաեւ, որ 2022-ի ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 19418 ՌԴ քաղաքացի (նշյալ անձանց մեջ կարող են լինել ազգությամբ հայեր)։

 

Հայերենով ուսուցումը՝ Ռուսաստանի Դաշնությունում

Ռուսաստանի Դաշնությունում չկա որեւէ դպրոց, որտեղ կրթությունն ամբողջությամբ կազմակերպվում է հայերենով։ 

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից Infocom-ը հարցմամբ տեղեկացել է, որ ՌԴ-ում հայկական ուսուցմամբ դպրոցների, կրթական կենտրոնների ընդհանուր թիվը 167 է: Այս թիվը ներառում է ոչ միայն հանրակրթական դպրոցները, որտեղ կան հայկական դասարաններ, այլ նաեւ համայնքային կառույցներին, եկեղեցուն կից հայկական կիրակնօրյա դպրոցները, հայերենի ուսուցմամբ խմբակներն ու ֆակուլտատիվ դասընթացները։ 

Իսկ հայկական դասարաններ կան ՌԴ հանրակրթական միայն 49 դպրոցներում։

ՌԴ-ում հայության թվաքանակի վերաբերյալ առկա են ՌԴ պետական վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներ, համաձայն որոնց՝ 2021 թ. անցկացված մարդահամարի տվյալներով այստեղ արձանագրվել է 946.172 հայ: Միաժամանակ, ինչպես հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ՌԴ բարձրագույն պետական իշխանության ներկայացուցիչները, համայնքային կառույցները, հետազոտողները նշում են, որ ՌԴ-ում բնակվող հայության թիվը կազմում է ավելի քան 2.5 մլն:

 

ՀՀ քաղաքացիները՝ Ռուսաստանում, եւ ՌԴ քաղաքացիները՝ Հայաստանում

Հայաստանում ռուսերենով կրթությանն առավել շատ ուշադրության արժանացնելու հիմնական մեկնաբանությունն այն է, որ վերջին շրջանում մեծացել է ռուսների ներհոսքը Հայաստան։ Այդ մասին մեկնաբանություն հրապարակվել էր նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում դեռ 2022թ․-ին՝ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանի՝ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց չունենալու մասին վերը հիշատակված հայտարությունից հետո։ Նմանատիպ մեկնաբանություն արել է նաեւ ներկայիս նախարարը՝ վերջին ասուլիսի ժամանակ։

Ելնելով այս մեկնաբանություններից՝ փորձել ենք հասկանալ, թե որքանով է անհրաժեշտ ռուսերենով կրթության ծավալների մեծացումը Հայաստանում եւ հայերենով կրթության ծավալների մեծացումը Ռուսաստանում։

Դիտարկել ենք, թե ՀՀ քանի քաղաքացի է ապրում Ռուսաստանի Դաշնությունում (մշտական եւ ժամանակավոր կացության իրավունքով), եւ որքան ՌԴ քաղաքացի՝ Հայաստանի Հանրապետությունում (մշտական, ժամանակավոր եւ հատուկ կացության իրավունքով)։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկանում ենք, որ 2022 թ. հունվար-դեկտեմբերին ՌԴ-ում մշտական կացության կարգավիճակով (BHЖ) բնակվել է 40.766 ՀՀ քաղաքացի, իսկ ժամանակավոր կացության իրավունք (PBП) ունեցել է 13.414 ՀՀ քաղաքացի:

Միեւնույն ժամանակ, ինչպես հարցմամբ տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից, 2022 թ․-ի տարեվերջի դրությամբ ՀՀ-ում վավեր կացության կարգավիճակ ունեցել է ՌԴ 8654 քաղաքացի:

Այսպիսով, վերը ներկայացված տվյալներն իրար կողքի դիտարկելիս այսպիսի պատկեր է ստացվում․ նախորդ տարեվերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կացության որեւէ կարգավիճակով բնակվում է 8654 ՌԴ քաղաքացի, 2011թ․ մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչությունից ազգությամբ ռուս է 11 911-ը։ Միաժամանակ, ՀՀ-ում գործում է կրթությունն ամբողջությամբ ռուսերենով կազմակերպող չորս ոչ պետական դպրոց, մեկ պետական դպրոցում էլ (Ֆիոլետովոյում) կրթությունը կազմակերպվում է ռուսերենով, քանի որ բոլոր աշակերտներն ազգությամբ ռուս են։ Բացի դրանից՝ պետական ենթակայության շուրջ 39 դպրոցներում առկա են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ։

Իսկ ահա Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ 2022թ. դրությամբ կացության կարգավիճակներով բնակվել է ընդհանուր առմամբ 54 180 ՀՀ քաղաքացի, եւ որտեղ 2021թ. անցկացված մարդահամարի տվյալներով արձանագրվել է 946 172 հայ, չկա ամբողջությամբ հայերենով կրթություն կազմակերպող որեւէ դպրոց։ ՌԴ հանրակրթական դպրոցներից միայն 49-ում կան հայկական դասարաններ։ 

Վերը ներկայացվածը ցույց է տալիս, որ եթե Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգ, ապա համաչափ կլիներ, եթե հայկական կողմը ձեւավորված աշխատանքային խմբի օրակարգ բերեր նաեւ ՌԴ-ում հայերենով ուսուցմամբ դպրոցների հարցը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել