ԵԽԽՎ-ում խիստ մտահոգված են հայ գերիների և անհայտ կորածների ճակատագրով |1lurer.am|
14:05 - 13 ապրիլի, 2021

ԵԽԽՎ-ում խիստ մտահոգված են հայ գերիների և անհայտ կորածների ճակատագրով |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ-ի «Միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի» ղեկավար Պիեռ Ալան Ֆրիդեզը մտահոգություն է հայտնել Արցախյան վերջին պատերազմից հետո հայ գերիների և անհայտ կորածների ճակատագրով: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի կայքից:

«Ես խստորեն մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած պատերազմի գերիների և անհայտ կորածների ճակատագրով»,- հայտարարել է Ֆրիդեզը (Շվեյցարիա):

«Այս ամենը առավել մտահոգիչ է ՄԻԵԴ-ի՝ 2021-ի մարտի 16-ին հրապարակած մամուլի հաղորդագրության ենթատեքստում, որի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը ձախողել է դատարանի սահմանված ժամկետում այդ անձանց մասին տեղեկություններ տրամադրելու և նրանց կողմից ընդհանրական ու սահմանափակ տեղեկություն ներկայացնելու գործընթացը»: ՄԻԵԴ-ի հավաստմամբ՝ Ադրբեջանում պահվում է 188 հայ գերի:

Կայքում նշվում է, որ Ադրբեջանը պարտավորված է լիովին համագործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ պահվող անձանց գտնվելու և ճակատագրի վերաբերյալ տեղեկություն տրամադրելով, և երաշխավորել, որ առանց ձգձգելու նրանք կվերադարձվեն 2020-ի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն:

ԵԽԽՎ-ի «Միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի» ղեկավար Պիեռ Ալան Ֆրիդեզը նաև իր մտահոգություն է հայտնել ինչպես վերջին, այնպես էլ 1991-94 թվականների հակամարտության ժամանակ անհայտ կորածների հետ առնչվող խնդրով: Պիեռ Ալան Ֆրիդեզը երկու կողմերին կոչ է արել առանց նախապայմանների համագործակցել՝ ԿԽՄԿ-ի աջակցությամբ անհայտ կորածների և ներկայումս բոլոր գերիների ազատ արձակման հիմնախնդիրը հանգուցալուծելու համար: Նշվում է, որ խնդիրների կարգավորման հարցում ԵԽԽՎ-ի հանձնաժողովը պատրաստ է աջակցություն ցուցաբերել երկու երկրին էլ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել