tert.am: ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Politique Internationale-ին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և 44-օրյա պատերազմի արդյունքներին:
- Ի՞նչ ստացավ Ադրբեջանը վերջին պատերազմի արդյունքում։
– Վերջին պատերազմի արդյունքում, ստանալով վերահսկողություն Արցախին հարակից յոթ շրջանների վրա և զավթելով ԼՂՀ զգալի մասը, դրան էլ գումարած որպես բոնուս պարտադրելով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի և ապա Թուրքիայի հետ կապող հաղորդակցության մասին պայմանավորվածությունը՝ Բաքուն ձևացնում է, թե այժմ բոլոր հարցերը լուծված են, հակամարտությունն ավարտված է։ Սակայն, դա բնավ այդպես չէ։
Պատահական չէ, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի Տիրանայի նստաշրջանի շրջանակներում 2020թ.-ի դեկտեմբերի 3-ին Հայաստանին և Ադրբեջանին կոչ արեցին բանակցություններ անցկացնել մնացած չլուծված հարցերի կարգավորման նպատակով՝ հայտնի Հիմնարար սկզբունքների և տարրերի համաձայն։ Իսկ նման չլուծված հարցերը շատ են։
– Ի՞նչ ասել է «չլուծված հարցեր»։
– Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի՝ նրա բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման անկյունաքարային հարցը մնում է բաց։ Հենց այն է կարմիր թելով անցել համանախագահ երկրների բոլոր առաջարկների մեջ, քանի որ նրանք հասկանում էին և հասկանում են, որ առանց դրա հակամարտության կարգավորման մասին խոսելն ինքնախաբեություն է։
Այսօր՝ 2020թ.-ի աշնան պատերազմից հետո, Բաքուն մի կողմից պնդում է, թե կարգավիճակի հարցը փակված է, իսկ մյուս կողմից չի թաքցնում, որ ծրագրում է փոխել տարածաշրջանի բնակչության ժողովրդագրական կազմը ոչ միայն հակամարտության արդյունքում տեղահանվածների վերադարձի, այլև այնտեղ զգալի թվով նոր բնակիչների վերաբնակեցման հաշվին, որպեսզի հեռանկարի առումով փակի կարգավիճակի մասին հարցի բարձրացման հնարավորությունը։ Ակնհայտ է, որ ապագայում ազատ կամարտահայտության ճանապարհով կարգավիճակի հարցի լուծման պարագայում, դրան մասնակիցների շուրջ մոտեցումը պետք է մնա նույնը, ինչ տարիներ շարունակ եղել է համանախագահների դիրքորոշումը․ այն պետք է լինի բնակչության նույն հարաբերակցությամբ, ինչպիսին դա եղել է Լեռնային Ղարաբաղում 1988թ-ին մինչև հակամարտության սկիզբը։ Եթե այդպիսի մոտեցում է եղել որդեգրված առաջին պատերազմին հաջորդած ամբողջ շրջանում, ապա ի՞նչ պատճառով այն պետք է փոխվի վերջին պատերազմից հետո։
Նրանք, ովքեր ասում են, թե պատերազմը փոխել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, և դա պետք է ճանաչել որպես կատարված փաստ, ջուր են լցնում Ալիևի ջրաղացին։ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ ինքն ապացուցեց, որ ուժի իրավունքը միջազգային հարաբերությունների գլխավոր գործիքն է, ուստի աշխարհն իբր ընդունում է այն, որպես կայացած իրողություն, ինչին հասել է Ադրբեջանը ուժի կիրառմամբ։ Արդյո՞ք միջազգային հանրության համար ընդունելի է այս մոտեցումը։
Ռազմական գործողությունների դադարեցման ձեռքբերումից հետո անհրաժեշտ է փնտրել ելքեր դեպի համապարփակ, կայուն կարգավորում։
– Կարելի՞ է արդյոք ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ այլևս չկա։
– Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունն անշուշտ հանդիսանում է անվտանգության երաշխիք և լուրջ խոչընդոտ պատերազմի վերսկսման համար։ Այնուամենայնիվ, տարածաշրջանի ապակայունացման վտանգը դեռ առկա է։
Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան 2020թ.-ի դեկտեմբերի 3-ի Հայտարարությամբ կոչ արեցին տարածաշրջանից անհապաղ դուրս բերել օտարերկրյա վարձկաններին։ Մինչև հիմա մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար վտանգ ներկայացնող վարձկան զինյալների շարունակական ներկայության կապակցությամբ։ Ո՞վ է բերել այդ վարձկաններին տարածաշրջան։ Դա քաջ հայտնի է բոլորին՝ Թուրքիան և Ադրբեջանը։
Շարունակությունը՝ tert.am-ում։
comment.count (0)