Կարեն Ղազարյանին դիվերսանտ ներկայացնելը և 20 տարի ազատազրկելն Ադրբեջանի հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան |tert.am|
12:22 - 08 ապրիլի, 2019

Կարեն Ղազարյանին դիվերսանտ ներկայացնելը և 20 տարի ազատազրկելն Ադրբեջանի հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Ապրիլի 8-ին մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ 

Նաիրա Զոհրաբյանի ելույթը ստորև․

«Հարգելի գործընկերներ,
Եվրոպայի Խորհրդի անդամ, «խիստ դեմոկրատական» Ադրբեջանի դատարանն արագացված ընթացակարգով փետրվարի 27-ին 20 տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին, ով  հունիսին Ադրբեջանին սահմանակից հայկական Բերդավան գյուղից, ըստ ամենայնի, տեղանքում մոլորվելով, պատահաբար հայտնվել էր ադրբեջանական տարածքում։ Երիտասարդն Ադրբեջանի կողմից անմիջապես որակվեց որպես հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ և միանգամից մեղադրվեց Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

Հարգելի գործընկերներ, այն, ինչ ներկայացնում է ադրբեջանական պրոպագանդան՝ լկտի սուտ է. Կարեն Ղազարյանը բանակում չի ծառայել և չէր կարող ծառայել, որովհետև ուներ առողջական, այդ թվում՝ հոգական առողջության հետ կապված խնդիրներ։ Եվ գերեվարված երիտասարդին դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ ներկայացնելն Ադրբեջանի հերթական ցինիզմն է։ Ակնհայտ է մեկ բան՝ Կարեն Ղազարյանի հանդեպ իրականացված դատավճիռը պայմանավորված է բացառապես Կարենի հայ լինելու հանգամանքով։ Այն, ինչ շարունակում է անել ԵԽ անդամ Ադրբեջանը՝ միջազգային բազմաթիվ կոնվենցիաների և հումանիտար պարտավորությունների խայտառակ խախտում է։

Տեղի ունեցածը ես համարում եմ լկտի մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին, միջազգային իրավապաշտպան կառույցներին, մեր Վեհաժողովին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբին, Կարմիր Խաչին և կոչ եմ անում բոլոր այդ կառույցներին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ Որովհետեւ մենք տեսել ենք և գիտենք, թե ինչպես են գերիների հետ վարվում «դեմոկրատական» Ադրբեջանում։ Ես հիմա չեմ խոսի այն զարհուրելի կտտանքների մասին, ինչին ենթարկվել են հայ բազմաթիվ գերիներ, որպեսզի ևս մեկ անգամ չցավեցնեմ նրանց հարազատների չսպիացող վերքը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել